Երկրաշարժից Հետո՝ 30 Տարի Անց
10.12.2018; http://www.construction.am/arm/news/729-after-gyumri-spitak-1988-earthquake/
Երկրաշարժը տևեց 40 վայրկյան, խլեց 25000 կյանք, ավերեց 11 քաղաք ու 58 գյուղ` ավելի քան 500 հազար մարդու թողնելով անօթևան: Երկրաշարժին հաջորդած ծանր սոցիալ-տնտեսական վիճակը երկրում, մարդկանց՝ տարիներ շարունակ չլուծվող խնդիրները աղետի գոտում ստեղծեցին նոր բարոյահոգեբանական մթնոլորտ, սահմանվեց ժամանակի նոր սահմանագիծ. մինչև երկրաշարժը և երկրաշարժից հետո:
Չպակասող Տնակների Ոդիսականը
Գյումրիում ավերվեց բնակելի և հասարակական նշանակություն ունեցող շենքերի 80 տոկոսը, ձևավորվեցին անկանոն տնակային տնտեսություններ: Այս երեսուն տարիների ընթացքում թե՛ Գյումրիում, թե՛ աղետի գոտու մյուս բնակավայրերում պետական ու մասնավոր ներդրումների շնորհիվ՝ երկրաշարժի պատճառով հազարավոր անօթևան մնացած ընտանիքներ բնակարաններ ստացան:
Բնակարանները ստացան, բայց վագոն-տնակների թիվը համարժեք ձևով չպակասեց: Ինչու՞մ է խնդիրը: Ինչու՞ է անօթևանությունը շարունակում մնալ քաղաքի խոցելի կողմերից մեկը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշում է.
«2008 թվականին սահմանվեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման վերջնաժամկետ, և այդ ժամկետում աղետի գոտու բնակավայրերում հերթագրվեց մոտ 7000 ընտանիք, որոնցից ներկայում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու են ճանաչվել 5381-ը: Արդեն լուծվել է 4839-ի խնդիրը, մինչև 2020 թվական կլուծվի նաև մնացած 542-ի խնդիրը»:
Բայց արի ու տես, որ այդքան մարդկանց բնակարանով ապահովելուց հետո էլ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևաններ կան: Միայն Գյումրիում 2000-ից ավելի վագոն-տնակների մասին է խոսվում:
«Տնակներում բնակվող ընտանիքների մի մասը նրանք են, ովքեր ժամանակին ստացել են բնակարան, բայց սոցիալական կարիքներից դրդված վաճառել են ու վերադարձել տնակ, մյուսները բազմանդամ ընտանիքներն են, որոնք բնակարան են ստացել, բայց ընտանիքի մի մասն է տեղափոխվել հատկացված բնակարան, իսկ մյուս մասը շարունակվում է ապրել տնակում:
Քիչ չեն նաև այն տնակները, որոնք գնել կամ վարձակալել են ներքին միգրացիայի արդյունքում հարևան համայնքներից Գյումրի տեղափոխված ընտանիքները: Կան նաև տնակի համարակալմամբ քարաշեն կառույցներ, և դրանցում ապրող ընտանիքները, համարվելով տնակում բնակվող, հնարավորություն ունեն օգտվել պետության տրամադրած սոցիալական տարբեր երաշխիքներից:
Տնակներում բնակվող ընտանիքների մի մասն էլ այն ընտանիքներն են, որոնք պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան են ստացել, սակայն հատկացված բնակարանների նկատմամբ սահմանված վերջնաժամկետում չեն գրանցել իրենց իրավունքները՝ հիմնականում տնակը չքանդելու պարտադիր պայմանը կատարած չլինելու պատճառով:
Քիչ չեն նաև տնակները, որոնք օգտագործվում են ոչ բնակության նպատակով, դրանք փոքր կոշկակարանոցներ, վարսավիրանոցներ, առևտրի կետեր են», -տնակների ոդիսականն է ներկայացնում Տանյա Արզումանյանը: Այսինքն՝ տնակների թիվը անօթևանների թվի հետ նույնական չէ:
Բնակարանի Առկայությունը Միշտ Չէ որ Սոցիալապես Անկախ է Դարձնում Քաղաքացուն
Թվում է տարօրինակ, որ մարդիկ շատ դեպքերում ապրելով տնակներում, չեն սեփականաշնորհում հատկացված բնակարանը, որպեսզի շարունակեն համարվել անօթևան և որոշակի նյութական աջակցություն ստանան:
Լինում են նաև այլ ծայրահեղություններ. օրինակ՝ ընտանիքը, որտեղ մեծանում են անչափահաս երեխաներ՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող, քաղաքի արվարձանում առաջարկվող բնակարանը համարում է անընդունելի միայն այն պատճառաբանությամբ, որ իր տնակը քաղաքի կենտրոնում է և հենց այնտեղ էլ բնակարան է ուզում: Երկրաշարժը վերապրողների համար դարձավ նաև հոգեբանական աղետ:
«Ցավոք աղետի գոտու վերականգնմանն ուղղված հսկայածավալ աշխատանքները լիարժեք տեսանելի չեն, քանի որ իրականացվել են տարիների ընթացքում՝ ոչ միաժամանակ և հաճախ մինչև մի խնդիրը լուծվել է, մյուսն ավելի է խորացել»,- ասում է Տանյա Արզումանյանը:
Աղետի գոտու քաղաքային բնակավայրերում որպես անօթևան հաշվառված և պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրներն արդեն լուծված են, բայց այդ քաղաքները դեռևս ունեն անօթևանության, տնակներում ապրող ընտանիքների խնդիր:
Խնդիրը վեր հանելու նպատակով Կառավարության որոշմամբ այս տարի մեկնարկել և ավարտին են մոտենում տնակների փաստագրման աշխատանքները, որոնց արդյունքում կազմված նյութերի հիման վրա 2019 թ. կմշակվեն առաջարկություններ՝ դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և տարածքների քաղաքաշինական միջավայրը վերականգնելու համատեքստում:
Տարածքների ազատումը հնարավորություն կստեղծի նաև դրանք իրացնել ներդրումային տարբեր ծրագրեր (այդ թվում՝ կառուցապատման) իրականացնելու համար:
«Աղետի գոտու հիմնախնդրի լուծումը պարզապես պետական աջակցության բնակապահովման ծրագիրը չէ, որն ըստ նախատեսվածի ավարտվի, փակվի ու անցնի: Միայն բնակարանային խնդրի լուծումը ցավոք առկա խնդիրների ամբողջական կանոնակարգում չէ:
Փորձը ցույց է տալիս, որ միայն բնակարանային բաղադրիչի առկայությունը սոցիալապես անկախ չի դարձնում քաղաքացուն, քանի որ անբավարար սոցիալական վիճակից ելնելով ընտանիքը կարող է վաճառել բնակարանը ու կրկին կանգնել անօթևանության խնդրի առջև:
Խնդիրը կարիք ունի համալիր մոտեցման՝ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում ներդրումային նախաձեռնությունների կյանքի կոչման, նոր աշխատատեղերի ստեղծման, մարզերում տնտեսական աշխուժություն մտցնելու, զարգացման հնարավորություններ ստեղծելու միջոցով»,- ասում է Տանյա Արզումանյանը: