ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.12.2018

Փաստագրվում են աղետի գոտու բոլոր տնակները. վերջնական պատկերն ունենալու դեպքում կառավարությունը հանդես կգա ծրագրերով

04.12.2018; https://armenpress.am/arm/news/956836.html

Հայաստանում աղետի գոտում իրականացվում է տնակների հաշվառում:

«Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ հաշվառվում են բոլոր այն տնակները, որոնց բնակիչներն անօթևան են մնացել ամենատարբեր պատճառներով: Այսինքն՝ կապ չունի բնական աղետի՞, թե բնակարանն օտարելու հետևանքով է: Այս նախաձեռնության նպատակն է նախ ունենալ ամբողջական պատկերը աղետի գոտում առկա տնակների վերաբերյալ:

«Այս տարվա սկզբին կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն մեկնարկեցին տնակների փաստագրման աշխատանքները: Այդ աշխատանքներն ավարտական փուլում են, շուտով պարզ կլինի վերջնական պատկերը, թե որտեղ որքան տնակ դեռ կա: Դրանք կքարտեզագրվեն, որպեսզի հստակ տեղաբաշխումը երևա: Մասնավորապես, Գյումրիում փաստագրվել է 2 հազար 800-ից ավելի տնակ: Մեծ մասը մետաղական, փայտե, քարով կիսապատված շինություններ են, որոնք միանշանակ քանդման ենթակա են:

Մոտ 10 տոկոսի չափով էլ այն տնակներն են, որոնք քարաշեն են: Ինչու ոչ, կքննարկվի նաև դրանց հարցը, եթե կառուցված են քաղաքաշինական նորմերին համապատասխան, օրենքով արգելված վայրերում չեն»,-ասաց նա:

Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակային պայմաններում ապրելու պատճառները տարբեր են: Կան ընտանիքներ, որոնք բնակարանի օտարման հետևանքով են հայտնվել տնակներում: Պատճառներից մեկը նաև ներքին միգրացիան է, երբ հարակից գյուղերից եկել են քաղաք, և տնակները նրանց համար ավելի էժան բնակատեղի են դարձել: Կան դեպքեր, երբ ներընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքները տրոհվել են և ապրում են տնակներում:

«Տնակների հաշվառումն իրականացվում է աղետի գոտու բնակավայրերում, ընդ որում՝ քաղաքային, քանի որ առայժմ օրենսդրական առումով իրավասու ենք կանոնակարգում մտցնել պետական և համայքնային հողերի վրա գտնվող շինությունների մասով: Նպատակը այդ ընտանիքների մասով հետագայում ծրագրեր մշակելն է: Ի դեպ, կառավարության ծրագրով մինչև 2019 թ. հունիս Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարված է արդեն ամփոփված տվյալների հիման վրա առաջարկությունների փաթեթ մշակել: Նախ՝ տարածքները տնակներից ազատելու, այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, բնակեցման խնդիրները լուծելու համար: Պետք է հստակեցնել պետության, համայնքի պարտավորությունները»,-ասաց Տանյա Արզումանյանը: