Աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարության համար պետությունը միջոցներ կհատկացնի
22.11.2018; https://armenpress.am/arm/news/955461.html
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակում նախատեսված 458 մլն 118 հազ դրամն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշեց, որ խնդիրը փոքր-ինչ բարդ էր, և սկզբում խոսվում էր, որ գումարը տրվի բնակիչներին, իրենք ավարտեն շինարարությունը, սակայն ռիսկային է համարվել այս տարբերակը, և խնդրի լուծումն այլ կերպ են գտել:
Այսպիսով, Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանագիր են կնքել, որ նույն գումարի սահմաններում այդ կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնեն:
Ավետիք Էլոյանը նշեց, որ հետագայում ևս փորձելու են այդ ընկերության ծառայություներն օգտագործել: «Սխեման այսպիսին է՝ գումարը հատկացվում է մարզպետարանին, մարզպետարանը կնքում է պայմանագիր ընկերության հետ, որն էլ, իր հերթին, պայմանագիր է կնքում անհատական բնակիչների հետ… Սկզբում գումարի քսան տոկոսն է փոխանցվում, այնուհետև՝ 80 տոկոսը»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք համոզվա՞ծ են, որ այս մեխանիզմով այդ տների շինարարությունն ավարտին է հասցվում, և ստացավ դրական պատասխան:
Ըստ նախագծի՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին հատկացված մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:
Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4 մլրդ դրամ, խնդրի ամբողջական լուծումը կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի վերջը:
ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460 մլն դրամ, որը նախատեսված է ուղղել Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Նախագծով կարգավորված են նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաև արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:
Միաժամանակ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից առաջարկվել է նախատեսել դրույթներ կիսակառույցների, դրանց օրինականացման, ինչպես նաև օրինականացման համար նախատեսված վճարների վերաբերյալ, քանի որ դրանց մի մասն արդեն իսկ սեփականության իրավունքով գրանցված են Հայաստանի Հանրապետության անվամբ և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տվյալների հիման վրա գրանցվել են որպես ինքնակամ շինություններ: