Հայաստանի Ծերացած Բնակֆոնդը. Վթարային Շենքեր
07.11.2018; http://www.construction.am/arm/news/727-old-housing-fund-of-armenia/
Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերի մեծ մասը բոլորել է հիսուն տարին. դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել բնականոն մաշվածության: Բայցի այդ՝ շենքերը նախագծվել և կառուցվել են 7 բալ (Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել է սեյսմիկ ազդեցություններից շենքերի և շինությունների պաշտպանության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համալիրը և շենքերը նախագծվում են 9 բալի հաշվարկով) սեյսմակայունությամբ, ինչի արդյունքում ունենք բարելավման կարիք ունեցող, «ծերացած» բնակֆոնդի մեծ հատված:
Խորհրդային Միության փլուզումից հետո այդ շենքերի վիճակն ավելի է վատթարացել, որովհետև դուրս են եկել պետական հոգածության շրջանակից, օրենսդրորեն տեղափոխվել բնակիչների հոգածության դաշտ: Բայց միայն օրենսդրորեն. բնակիչների մեջ շարունակում է կարծրացած մնալ խորհրդային մտածելակերպը՝ պետությունը կանի, պետությունը պարտավոր է: Եվ այդ պատճառով տարիներ շարունակ չեն լուծվում անբարեկարգ նկուղների, տանիքների, մուտքերի, վերելակների, ջրահեռացման խնդիրները, շենքը մնում է մենակ իր «հիվանդությունների» հետ՝ բռնելով «հաշմանդամ», նույնն է թե վթարային դառնալու ուղին:
Անբավարար Տեխնիկական Վիճակում է Գտնվում Մոտ 550 Բազմաբնակարան Շենք
Հայաստանյան բնակֆոնդի տեխնիկական վիճակի մասին պատկերն ամբողջական չէ: Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշում է, որ բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազննություն պետք է իրականացվի առնվազն 10 տարին մեկ անգամ՝ սեփականատերերի միջոցների հաշվին: Սակայն քանի որ այն լիցենզավորված կազմակերպության վճարովի ծառայություն է, սեփականատերերի կողմից այդ ծառայությունը սահմանված պարբերականությամբ չի պատվիրվում:
Պետական միջոցներով բնակֆոնդի տեխնիկական վիճակի համատարած հետազննություն արվել է 2003 թվականին: Ըստ նախնական հաշվարկի նոր համատարած հետազննության համար կպահանջվի մոտ 6 միլիարդ դրամ, որի իրականացումը պետական միջոցների հաշվին իրատեսական չէ՝ ելնելով հանրապետությունում առկա առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից և պետական բյուջեի հնարավորությունից:
Վերջին տարիներին տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացումը կրել է հատվածային և իրավիճակային բնույթ: Ըստ առկա եզրակացությունների մեր երկրի մոտ 19.000 բազմաբնակարան շենքերից 550-ն ունեն անբավարար տեխնիկական վիճակ. դրանցից 500-ն ունեն 3-րդ աստիճանի վնասվածություն (այս դեպքում ցուցվում է կատարել ուժեղացման, վերականգնման աշխատանքներ), իսկ 50-ն ունեն 4-րդ աստիճանի վնասվածություն և ենթակա են քանդման: Իսկ բնակիչների վերաբնակեցումից հետո շենքերի քանդումը պարտադիր է, որովհետև երբեմն տեղի է ունենում շենքի կրկնակի բնակեցում. հայտնվում են նոր բնակիչներ, ովքեր առանց օրինական հիմքերի բնակություն են հաստատում այդ շենքերում՝ հաշվի չառնելով սպառնացող վտանգները և խնդիրն ըստ էության մնում է չլուծված:
Ինչ վերաբերում է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերին, ապա դրանց բնակիչները հաճախ չեն շտապում շենքի ամրացմանը միտված գործողություններ ձեռնարկել, շարունակում են սպասել պետության միջամտությանը: Այնինչ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է, որ շենքը կրող կառուցվածքները, նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, մուտքերը, վերելակը և այլն, պատկանում են բազմաբնակարան շենքերի բնակիչներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով և դրանց պահպանման պարտականությունը, նույնիսկ կորստի ռիսկը, այդ թվում և պատահական, կրում է սեփականատերը:
Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար պետությունը աջակցում է 4-րդ աստիճանի վնասվածության շենքերի բնակիչներին. «2000թ-ից այս կողմ հանրապետությունում 36 վթարային շենք է վերաբնակեցվել, ընտանիքների թիվը 1300-ից ավելի, և մոտ 1200 անհատական տան բնակիչների խնդիր է լուծվել: Երևանում 2014 թ. հունվարի մեկի դրությամբ 4-րդ աստիճանի վնասվածության եզրակացություն ունեցող բոլոր շենքերի խնդիրները լուծվել են: Հուսով ենք՝ պետություն-համայնք համագործակցությամբ աստիճանաբար կլուծվի նաև մնացած շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:
Մարզերում խնդիրն այլ է, քանի որ այստեղ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաճախ մի քանի անգամ գերազանցում է բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ գումարին: Այդ է պատճառը, որ մարզերում պետություն հիմնականում նոր բնակարան ձեռք բերելու համար սեփականատերերին ֆինանսական աջակցություն է տրամադրում: Մեծ ծախսեր են պահանջում նաև ուժեղացման աշխատանքները 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի դեպքում: Ընդ որում, հաճախ այդ ծախսերը գերազանցում են նմանատիպ շենք կառուցելու համար անհրաժեշտ ծախսերը: Այս դեպքերում, շենքի հուսալիության և տնտեսական նպատակահարության տեսանկյունից նպատակահարմար տարբերակ է դիտարկվում շենքի քանդումը և բնակիչների վերաբնակեցումը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ բնակիչները, չպատկերացնելով խնդրի տեխնիկական և տնտեսական մասը, շենքի վերականգնման հարց են բարձրացնում: Փաստորեն, լինում են քաղաքացի-պետություն փոխըմբնման դժվարություններ և բնակիչների մտայնությունների մեջ բեկում մտցնելու և պարտավորության գիտակցումը բարձրացնելու համար կարևոր է, որ համապատասխան ծրագրերի իրականացման ժամանակ սեփականատերերն ունենան իրենց ֆինանսական մասնակցությունը՝ թեկուզ նվազագույն չափով»,- մանրամասնում է Տանյա Արզումանյանը:
Սեփականատերերն են Պատասխանատու Իրենց Գույքի Պահպանման Համար
ԽՄ տարիներին բազմաբնակարան բնակարանային ֆոնդը պետական սեփականություն էր, որից բնակարանները քաղաքացիներին տրվում էին որպես սոցիալական բարիք և անհրաժեշտության դեպքում պետությունն էր հոգում ֆոնդի պահպահմանն ուղղված կարիքները: 27 տարի է Հայաստանն անկախ պետություն է, բայց խորհրդային տարիներից մնացած կարծրատիպերը դեռ չեն կոտրվել:
Իրավական առումով սեփականատերերը պարտավոր են հոգալ շենքի պահպանման աշխատանքները, դրանք կազմակերպելով կառավարման մարմնի (համատիրություն) միջոցով, ինչպես նաև այդ աշխատանքների համար պարտաճանաչ կատարել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանման և սպասարկման վճարները: Կառավարման մարմիններն էլ, իրենց հերթին, պետք է կազմակերպեն շենքերի համապատասխան զննումները, վերհանեն խնդիրները և սեփականատերերի կողմից նախանշված առաջնահերթությունների համաձայն՝ հավաքագրված գումարներով կազմակերպեն այդ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները:
Ցավոք, մի կողմից բնակիչների չվճարելը կամ անկանոն վճարումները, մյուս կողմից կառավարման մարմինների հաճախ ոչ արդյունավետ գործունեությունը հանգեցրել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վիճակի վատթարացմանը:
Բնակչության մեծ մասը չի զգում այդ պատասխանատվությունը շենքի ընդհանուր վիճակի համար, ոչ միայն չի վճարում, այլև բնակարանների ձևախախտումներով, կրող կոնստրուկցիաների ձևափոխմամբ վատթարացնում է շենքի սեյսմակայունությունը: Այն ինչ առաջին հերթին հենց սեփականատերը պետք է պատասխանատվություն զգա շենքի վիճակի համար, հետամուտ լինի կառավարման մարմնի աշխատանքներին, հանդես գա նախաձեռնություններով, կատարի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանման և սպասարկման վճարները:
Եթե նորակառույց շենքերում ունենք ավելի արդյունավետ գործող կառավարման մարմիններ, ապա գոյություն ունեցող բնակֆոնդում այդ պատկերն ավելի անմխիթար է:
«Խնդրի կանոնակարգմանը կարող է նպաստել կառավարման մարմնի կարողությունների բարելավումը՝ նրանց հմտությունների, գիտելիքների մասով որոշակի չափանիշներ սահմանելու, ինչու չէ նաև մեկ կառավարման մարմնի կողմից կառավարվող շենքերի թվի սահմանափակման միջոցով: Այդ դեպքում կառավարման մարմնի արդյունավետ գործունեությունը կարող է դրդել և ոգևորել սեփականետերերին՝ առավել ակտիվ լինել իրենց իրավունքների իրացման, ինչպես նաև պարտավորությունների (այդ թվում՝ պարտաճանաչ վճարումների) կատարման հարցում»:
Բազմաբնակարան շենքի սեփականատերերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի՝ շենքի ընդհանուր պահպանումը իր և իր ընտանիքի անվտանգ և հուսալի կեցության երաշխիքն է, ինչը հնարավոր է ունենալ սեփական պարտավորության և իրավունքի բարեխիղճ իրացման, կառավարման մարմնի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: