ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.10.2018

«Ազնավուր» կենտրոնը կվերակառուցե՞ն. ինչու չի մեկնաբանում նախագծի հեղինակ՝ Նարեկ Սարգսյանը

25.10.2018; http://armtimes.com/hy/article/146883

Օրեր առաջ ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանն ու Լեւոն Վարդանյանը բաց նամակով դիմել էին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի եւ հեղինակային իրավունքի նորմերը եւ թույլ չտալ խեղաթյուրել Հայաստանում կառույցների ճարտարապետական դիմագիծը։

Ճարտարապետների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել Երեւանի «Ազնավուր կեցավայր»-ի «վերակառուցման» նոր նախագծի մասին լուրը: «Ազնավուր» կենտրոնի նախագիծը նախորդ շաբաթ ներկայացվեց հանրությանը հատուկ միջոցառման ժամանակ, Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ: Այդ փոփոխությունները, սակայն մինչ այդ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չեն քննարկվել:

Նշված միջոցառմանը հրաժարվել էր մասնակցել «Ազնավուր կեցավայր»-ի նախագծի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն ինչպես պարզվում է, որպես հեղինակ իր համաձայնությունը չի տվել կառույցի նման վերաձեւումների համար: Նարեկ Սարգսյանը հրաժարվեց ՀԺ-ին որեւէ մեկնաբանություն տալ, սակայն նրա օգնականը մեզ հայտնեց, որ միջոցառմանը չմասնակցելն արդեն իսկ վկայում է որոշակի վերաբերմունքի մասին:

«Ազնավուր կեցավայր»-ի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին, որին մասնակցում էր նաեւ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Կասկադի հարեւանությամբ հինգ հատվածներից բաղկացած շենքը նաեւ թանգարան է: Թանգարանի ցուցանմուշներից են Ազնավուրի ձայնասկավառակները, գրքերը, պարգեւները եւ պաստառները։

Նշենք, որ Ազնավուրի կեցավայրի նոր փոփոխությունների նախագծի հեղինակ է ներկայացել ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Քաղաքաշինական կոմիտեի մամուլի քարտուղար Հասմիկ Բադալյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանսահայ Արիս Ադամյանի նախագծմամբ «Ազնավուր կեցավայր»-ի վերակառուցման ծրագիրը պաշտոնապես չի ներկայացվել քաղաքաշինության կոմիտե, այդ իսկ պատճառով այն կյանքի կոչելու նպատակահարմարության մասին խոսելը կամ որեւէ գնահատական տալն այս պահին տեղին չէ: Քաղաքաշինության կոմիտեից նաեւ տեղեկացրեցին, որ ցանկացած միջամտություն՝ կապված շենքի ճարտարապետական փոփոխության հետ, առանց հեղինակի համաձայնության անընդունելի է:

Ավելի ուշ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ բաց նամակից հետո իրենց են զանգահարել Ճարտարապետների միությունից եւ քննարկում է լինելու, սակայն այլ գերատեսչություններից ոչ մի արձագանք չի եղել: Մեր հարցին, թե տեղյակ է արդյո՞ք՝ ինչ փոփոխություններ են ցանկանում կատարել «Ազնավուր կեցավայր»-ում, վերջինս ասաց, որ տեղյակ չէ: Հավելեց, որ նոր նախագծի հեղինակ ճարտարապետ Արիս Ադամյանի գործերին եւս ծանոթ չէ, սակայն այս պարագայում դա էական չի համարում, քանի որ մեկ կարեւոր խնդիր կա, այն է՝ հեղինակային իրավունքի խախտում:

«Խիստ զայրացած եմ: Հեղինակային իրավունքի խնդիրը մեզ մոտ բաց է թողնված, ես էլ մի քանի «օբյեկտներ» ունեմ, որտեղ պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում եւ ասում, որ հեղինակներն իրենք են: Բազմիցս դիմել եմ տարբեր տեղեր: Նույնն այս պարագայում է, մենք բոլորս գիտենք, որ Ազնավուր կեցավայրի հեղինակը Նարեկ Սարգսյանն է եւ մեկ էլ ի հայտ է գալիս մեկը, որի մասին ո՛չ լսել ենք եւ ո՛չ էլ ուզում ենք լսել»,- ասաց Մութաֆյանը:

Ճարտարապետի խոսքով՝ նախքան բաց նամակի հրապարակումը զրույց է ունեցել Նարեկ Սարգսյանի հետ. «Նարեկը սկզբում առարկում էր, բայց ես պահանջեցի, որ այդ նամակը գրվի: Եվ ձեզ ասեմ, որ Նարեկն այդ տեսանկյունից շատ համեստ է, հիմա էլ՝ չեզոք է մնում»: Հովհաննես Մութաֆյանի բնորոշմամբ՝ բոլոր արվեստագետների համար հեղինակային իրավունքը հիվանդագին հարց է: Նա համոզված է, որ այս դեպքում Նարեկ Սարգսյանը բացառություն լինել չի կարող:

Ճարտարապետը նկատեց եւս մի խնդրահարույց հարց՝ ինչ իրավունքով է Արիս Ադամյանը փոփոխություններ անում կառույցում կամ ում կողմից է արտոնություն ստացել: «Եվ ինչո՞ւ է նա մտածում, որ այդքան հեշտությամբ կարող է դառնալ այդ շենքի հեղինակ: Ես սա ոտնձգություն եմ համարում, եթե որեւէ ճարտարապետ ինչ-որ մեկի գործի վրա որոշակի փոփոխություն է ուզում անել, նա պարտավոր է նախապես հեղինակի հետ քննարկել եւ թույլտվություն վերցնել: Ենթադրենք, Նժդեհի քանդակը՝ քիթը փոխեն, կամ գլխարկ ավելացնեն, դա նույն բանն է, ինչ՝ ինչ-որ շինության հետ փոփոխություն կատարելը»,-ասաց Մութաֆյանը:

Հ.Գ. Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել «Ազնավուր կեցավայր»-ում: «Ազնավուր հիմնադրամ»-ից տեղեկանում ենք, որ ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանի նախագծով նախատեսվում է վերանորոգել Շառլ Ազնավուրի թանգարանը՝ վերածելով այն ինտերակտիվ եւ տեխնիկական լուծումներով հագեցած թանգարանի, որը կպատմի Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության եւ կարիերայի մասին: Վերանորոգումից հետո այն ծառայելու է նաեւ որպես կրթական եւ մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության եւ ֆրանսերենի վրա: