ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.10.2018

Մկրտիչ Մինասյան. «Չպետք է հանդուրժենք զարտուղի ճանապարհներով գործառույթներ իրականացնող մարդկանց». «Փաստ»

18.10.2018; https://past.am/?p=202045&l=am

«Փաստ»–ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ զրուցել է հայաստանյան իրավիճակի, ներկայումս անհրաժեշտ քայլերի, ինչպես նաև Երևանի ավագանու նոր կազմից ունեցած սպասելիքների մասին:

Կազմակերպչական փուլ է

Կառավարությունն օպտիմալ աշխատելու համար դեռևս պետք է ամբողջովին ունենա այն գործիքները, որոնք հնարավոր կլինեն օգտագործել այդ աշխատանքն իրականացնելու համար: Հիմա կազմակերպչական փուլ է: Քայլեր նշմարվում են, բայց հիմնականն ու կարևորագույնը հետևյալն է. ժողովուրդը սպասում է, որ գործելաոճը կլինի մաքուր, թափանցիկ, որովհետև դրանից է կախված մեր պետության ապագան: Մենք այլևս չպետք է հանդուրժենք զարտուղի ճանապարհներով գործառույթներ իրականացնող մարդկանց: Յուրաքանչյուր աշխատանք պետք է շատ պարզ ու թափանցիկ լինի: Վերջին հաշվով՝ պետք է կարողանանք մեր տնտեսությունը բարելավել: Թե ինչ ճանապարհներով՝ ես դժվարանում եմ ասել, դա տնտեսագետների, կառավարության խնդիրն է, բայց մեր հանրապետությունն առաջին հերթին պետք է գրավիչ լինի, որ կարողանանք մեր հայրենակիցներին դրսից հայրենիք բերել: Այդ համատեքստում ես կարևորում եմ աշխատատեղեր ստեղծելու հարցը:

Պետք է հավատան պետությանը, հակառակ դեպքում…

Բայց երբ այս ֆոնին լսում եմ, որ, օրինակ, Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է… Այն շատ հեռանկարներ ուներ: Փակել գործարանը նշանակում է փակել քաղաքը և դուրս գալ այնտեղից: Գործարաններ կան, որոնք քաղաքաստեղծ են, կենտրոնացնում են շատ աշխատող մարդկանց: Կարևորն այն է, որ կարողանանք աշխատեցնել այդ գործարանները: Չենք ասում միանգամից արտերկրում գտնվող մեր բոլոր հայրենակիցները պետք է հետ վերադառնան, բայց անգամ եթե 1000–ն էլ գա, պետք է իմանա, որ այստեղ արդյունավետ աշխատատեղեր կունենա: Սա իր հերթին կբերի տնտեսության զարգացմանը:

Էյֆորիա է լինում այն դեպքում, երբ հիմքում որևէ բան չկա: Բայց ես հիմա մեր յուրաքանչյուր քաղաքացու ժպիտից հասկանում եմ, որ ցանկություն ունի մնալ ու աշխատել իր երկրում: Իհարկե, սխալներ կարող են լինել, բայց եթե կարողանանք այս գիծը տանել մինչև վերջ, մեծ հաջողությունների կհասնենք: Կարևորն այն է, որ վստահության մթնոլորտ լինի, մարդիկ պետք է իմանան, որ իրենց աշխատանքը աննպատակ չի հոսում ուրիշի գրպանը:

Իսկ գիծը մինչև վերջ տանելու մի գրավական կա. պետք է ազնիվ աշխատել, չթաքցնել ոչինչ, այլ պիտակավորումներով չքողարկել: Չասել, որ, օրինակ, սա շատ կարևոր է մեր պետության համար, բայց ժողովուրդը չզգա դրա կարևորությունը: Եթե դա շատ կարևոր է, բայց ինքը սկսում է ավելի վատ ապրել, ապա ի՞նչն է դրա կարևորությունը: Մարդիկ պետք է հավատան իրենց պետությանը, հակառակ դեպքում նորից կլինի այն, ինչ լինում է: Ամենավտանգավորն այն է, որ տեսնենք նույն սխալները, որ փոխանակ ստեղծելու՝ մի խումբ մարդկանց հարստացնենք, ամրացնենք շահերը:

Այլևս ոչ մի ոտնձգություն չպետք է լինի…

Ճարտարապետների համար ստեղծագործական միջավայր պետք է լինի: Քաղաքապետարանի կողմից հայտարարվող մրցույթները բաց ու թափանցիկ պետք է լինեն, որ բոլոր ճարտարապետները կարողանան մասնակցել: Դրանից, իհարկե, կօգտվեն և՛ քաղաքացիները, և՛ ինքը՝ քաղաքը: Պետք է կանաչ տարածքները շատացնենք: Այլևս ոչ մի ոտնձգություն չպետք է լինի կանաչ տարածքների նկատմամբ: Պետք է վերջ դնել հանրային տարածքները բնակելի շենքերի տակ դնելու վատ սովորությանը: Այդ պրակտիկան պետք է բացառել: Պետք է կարողանանք նաև պահպանել հուշարձանները, շենքերը:

Նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր խոսքի մեջ ասաց, որ բնակֆոնդը վնասված է: Այո, կան վթարային շենքեր, որոնք քանդման ենթակա են, կամ վթարային ամրացումներ անելու կարիք կա, բայց դա շատ մեծ ու երկարատև ծրագիր է ենթադրում: Այդ հարցերով պետք  է լուրջ զբաղվել, որովհետև այն շենքերը, որոնք կառուցված են եղել մինչև 1988 թ. երկրաշարժը, կառուցված են 7 բալանոց աստիճանի վրա և խոցելի տեղեր ունեն: Իսկ հիմա մեզ մոտ 9 բալն է ընդունված: Իսկ թամանյանական շրջանի շենքերին առավելագույն ուշադրություն պետք է դարձնել: