Եկեղեցի՞, թե՞ համալսարան. «Փաստ»
24.08.2018; https://past.am/?p=197609&l=am
«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն օրերս հրապարակային ելույթներից մեկում նշել էր, թե հիմա արդեն ոչ թե պալատներ, առանձնատներ ու եկեղեցիներ, այլ այգիներ ու համալսարաններ կառուցելու ժամանակն է: Դե, ինչպես և սպասելի էր, Էլոյանի այս հայտարարությունը հերթական անգամ քննադատության առիթ է դարձել տարատեսակ մոլեռանդների համար, կարծես թե քաղաքաշինության կոմիտեի նախագահը անթույլատրելի ոտնձգություն է գործել քրիստոնեության կամ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ:
Իսկ արդյո՞ք յուրաքանչյուր սթափ դատող մարդ չպետք է համաձայնի քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ, արդյո՞ք շատ շատերս չենք բողոքում ու քննադատում Հայաստանի սոցիալական վիճակի հետ որևէ աղերս չունեցող մեծահարուստներին՝ իրենց պալատների ու առանձնատների համար: Կարծես թե քննադատում ենք: Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա երևի թե կեղծ հավատացյալների մի ողջ բազմություն այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ հավատը, կրոնը չի կարող նույնանալ նյութական շենք–շինության հետ: Մեծ հաշվով, եկեղեցիների պակաս մենք երբեք էլ չենք ունեցել, քավ լիցի, թող հիմա էլ կառուցվեն, բայց արդյո՞ք եկեղեցիների քանակից ավելանում է հավատը, արդյո՞ք եկեղեցիների քանակով պայմանավորված մենք բոլորս սկսում են ավելի քրիստոնեավայել ապրել, վերջապես նույն այն մեծահարուստները, որոնք եկեղեցիներ են կառուցում, արդյո՞ք դառնում են ավելի մարդասեր և, այլաբանորեն ասած, ավելի են մոտենում Աստծուն: Իսկ գուցե շատ ավելի աստվածահաճո գործ է Էլոյանի նշած համալսարանի կամ այգու կառուցո՞ւմը, գործարանի կառուցո՞ւմը:
Ընդհանրապես, խնդիրն իրականում ավելի խորն է, որովհետև տհաճ ու վտանգավոր միտումներն ավելի ու ավելի հաճախ են սկսում գլուխ բարձրացնել մի շարք նուրբ հարցերի շուրջ: Անշուշտ, եկեղեցին ինչ–որ իմաստով առանձնահատուկ հենասյուն է՝ խոսքը շենքի մասին չէ, սակայն դա չի նշանակում, թե եկեղեցուն վերաբերող ցանկացած արտահայտություն, որը համատեքստից կտրելու դեպքում կարելի է քննադատել, պետք է հիստերիայի առիթ դառնա: Այստեղ բոլորովին էլ խոսքը քաղաքաշինության կոմիտեի նախագահի ու նրա արտահայտությունների մասին չէ, այլ նրա, թե ինչպես ենք մենք ընկալում երևույթներն ու իրողությունները:
Իրականում ոչ միայն ներկայումս, այլև դեռ վաղուց պետք է ձեռնամուխ եղած լինեինք համալսարաններ կառուցելուն՝ ոչ միայն շենքի իմաստով, այգիներ կառուցելուն՝ ոչ միայն լանդշաֆտի, այլև տնտեսության իմաստով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում