ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.08.2018

Վերջապես ե՞րբ կավարտվի Զոլաքարի դպրոցի շինարարությունը

23.08.2018; http://araratnews.am/verjapes-e%D5%9Erb-kavartvi-zolakhari-dproci-shinararuthyuneh/

«Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի արդեն երկու տարի տևող հիմնանորոգման աշխատանքները հույս էլ չկա, որ այս տարի ավարտին կհասցնեն»,-  Araratnews.am-ին ահազանգում է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռուբիկ Մախսուդյանը: Նրա խոսքերով՝ մի մասնաշենքը քանդել էին ու դեռ նորոգման աշխատանքները չավարտած՝ անցել են մյուս մասնաշենքին:

«Եթե ֆինանսական խնդիրներ կան, էն մի մասնաշենքի աշխատանքները գոնե ավարտեին, նոր անցնեին մյուսին: Հիմա դպրոցը երկու մասնաշենք ունի, երկուսն էլ քանդված վիճակում են: Իմ ցավն այն է, որ արդեն 3-րդ ուսումնական տարին է՝ երեխաները զրկված են ֆիզկուլտուրայի դասից, ճաշարանից, դասամիջոցներին դուրս են գալիս էս մի խանութ, էն մի խանութ… չունենք, ոչինչ չունենք»,-  բողոքում է մեր զրուցակիցը:

Ուսուցիչը պատմում է, որ դրսում էլ չեն կարող լիարժեք ֆիզկուլտուրայի դաս անցկացնել, որովհետև ցրտերը մարզում շուտ են ընկնում, իսկ անձրևին ու քամուն էլ անհնար է դրսում որևէ բան անելը. «Գարնան մեկ ամիսն ու աշնանը՝ սեպտեմբերին, այս երկու ամիսներին ենք մենք կարողանում ֆիզկուլտուրա անել, էն էլ էդ ժամանակ էլ մեկ էլ տեսար՝ անձրև եկավ: Ասում են՝ երեխեքին շախմատ տվեք, բայց ես հո շախմատի մասնագետ չե՞մ, կամ սենց կոծկելով մինչև երբ»:

Դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը ևս նշում է, որ շինարարական աշխատանքները դանդաղ են իրականացվում, սակայն ընդգծում է, որ ոչինչ չի կարող անել. «Հիմա կարևորը, որ մարզադահլիճը, ճաշարանը հանձնեն շահագործման, բայց դրանց հանձնելն էլ պրոբլեմատիկ հարցերի առաջ է կանգնեցնում: Օրինակ՝ սկզբում նախատեսել էին կոյուղագիծ, բայց դա հիմա նոր պարզեցին, որ իրեն չի արդարացնում, պետք է նախագծում փոփոխություններ մտցնել, իսկ նախագծում փոփոխություններ մտցնելը բավականին խնդիրների ու ժամանակի հարց է»:

Մեր հարցին՝ ինչ քայլեր են ձեռնարկվել այս ընթացքում, որպեսզի աշակերտները հետ չմնան ֆիզկուլտուրայի ծրագրից, որովհետև ուսուցիչը պնդում էր, որ տարվա մեջ միայն երկու ամիս են կարողանում դաս անել, տնօրենը արձագանքեց. «Ով ասեց չի արվում, դասաժամերը դրսում պարապում են, դա նշանակում է, որ չե՞ն արվում: Կոնկերտ մարզպետարանում ասում են, որ սեպտեմբերին սպորտդահլիճը շահագործման կհանձնվի, էսօր էլ խոսել եմ, ասում են՝ օդափոխության համակարգ չկա: Էդ էլ պետք  է նոր նախագծով անեն,  ամեն օր մի խնդիր ի հայտ  է գալիս»:

Խնդիրների մասին խոսել չեն հրաժարվում նաև Գեղարքունիքի մարզպետարանում, որը դպրոցի հիմնանորոգման պատվիրատուն է: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, որ դպրոցի շինարարական աշխատանքները սահմանված ժամկետից ավելի են տևում, նշեց, որ աշխատանքները կախված են ֆինանսավորումից. «Դպրոցի նախահաշվային արժեքը եղել է 714 մլն դրամ: Մրցույթի արդյունքում շինարարական կազմակերպությունը հաղթող է ճանաչվել 482 մլն դրամով: 2016 թվականին պայմանագիրը կնքել ենք, 482 մլն դրամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ պետք է սկսվեր և ավարտվեր դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:

Առաջին տարին բյուջեից տրվել է 50 մլն դրամ, 2-րդ տարին՝ 50 մլն դրամ, այս տարի 147 մլն դրամ և շարունակվելու են աշխատանքները: Մյուս տարի պետբյուջեից ավելի շատ կհատկացվի, կավարտենք դպրոցի հիմնանորոգումը, եթե նորից պակաս կլինի, կշարունակենք նաև այն մյուս տարի: Այնպես որ ես այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե երբ կավարտվեն այդ աշխատանքները. դա կախված է ֆինանսավորումից»:

Մարզպետարանի աշխատակիցը ևս հույս հայտնեց, որ նիստերի դահլիճը, ճաշարանը և մարզադահլիճը, այս սեպտեմբերին արդեն շահագործման կհանձնվեն. «482 մլն դրամից այսօրվա դրությամբ հատկացվել է 247 մլն, մնում է 235 մլն դրամ, եթե պետբյուջեից մյուս մասն էլ հատկացվի, մյուս տարի աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, ու դպրոցը շահագործման կհանձնվի: Եթե հատկացում չլինի, ես չգիտեմ, որևէ թիվ չեմ կարող ասել»:

Նախագծի փոփոխման վերաբերյալ հարցերին մարզպետարանում հրաժարվեցին պատասխանել, նշելով, որ նախագծային աշխատանքների պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է և վերջինս է իրականացնում հեղինակային հսկողությունը:

Մենք կապ հաստատեցինք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի քարտուղար Հասմիկ Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ի վերջո զոլաքարցիները երբ կունենան լիարժեք դպրոց։ Նա նշեց, որ այս ամբողջ խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ հսկողություն իրականացնող մարմինը հրաժարվել է իր բաժին աշխատանքից:

«Հսկողություն իրակնացնող կազմակերպությունը դեռ փետրվարին է հրաժարվել աշխատանքներից, և այժմ նոր մրցույթ ենք հայտարարել: Իհարկե, սա չի խանգարել որպեսզի շինարարական աշխատանքները շարունակեն ընթանալ: Ինչ վերաբերում է նախագծին` առանձնապես փոփոխություններ չեն եղել: Շինարարական աշխատանքների ընթացքում, եթե ինչ-որ խնդիրներ են տեսել`  տանիքի մասով, այդ հատվածներն են փոխել, բայց նախագծային հիմնական փոփոխություններ չեն եղել»,- հայտնում են քաղաքաշինության կոմիտեից, որտեղից մեզ տեղեկացրեցին նաեւ, որ աշխատանքների համար 2016-2018 թթ պետական բյուջեներից հատկացումները կազմել են մոտ 300 մլն դրամ, իսկ դպրոցն ամբողջովին շահագործման կհանձնվի 2019 թվականի հոկտեմբերին:

Նշենք, որ Զոլաքարի դպրոցի հիմնանորոգման մասին ահազանգն առաջին անգամը չէ, որ ստացել ենք, ևս մեկ անգամ անդրադարձել էինք խնդրին: Մեզ ահազանգած ուսուցիչը նշում էր, որ նախորդ անգամվա մեր հրապարակումից հետո շինարարական աշխատանքներում ինչ-որ տեղաշարժ նկատվում է:
Հուսանք, որ այս անգամ էլ մեր հրապարակումը ազդակ կլինի, որպեսզի աշխատանքները ավելի սեղմ ժամկետներում ավարտին հասցվեն: