Երևանի Հրապարակները Վերադարձնել Մարդկանց
23.05.2018; http://www.construction.am/arm/news/707-yerevan-squares-reconstruction-program/
Երևանի հրապարակները վաղուց վերածվել են ծանրաբեռնված խաչմերուկների և ավտոկայանատեղիների՝ կորցնելով իրենց նախնական նշանակությունը՝ լինել հանգստի ու զբոսանքի վայր քաղաքացիների համար: Վաղուց եկել է հրապարակները մարդկանց վերադարձնելու ժամանակը, հրապարակները վերակառուցելու, դրանք հետիոտնի համար ավելի հարմարավետ ու հաճելի միջավայրի վերածելու ժամանակը:
Հրապարակները, ընդհանրապես, համարվում են քաղաքների կարևոր տեսարժան վայրերը՝ հիմնականում նախատեսված հետիոտնի համար: Երևանում քաղաքացիների ժամանցին ու հանգստին, ըստ էության, ամբողջությամբ ծառայում է միայն Ազատության հրապարակը, որն արդեն վերակառուցվել է 2010 թվականին և ունի ստորգետնյա ավտոկայանատեղի, մասամբ՝ Հանրապետության հրապարակը:
Մեր սիրելի քաղաքում հետիոտնի տարածությունը հրապարակներում ու փողոցներում սահմանափակվել է փողոցների երկայնքով ձգվող նեղ մայթերով: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստան մուտք գործած մոտ 300.000 ավտոմեքենաների կեսից ավելին երթևեկում են Երևանի փողոցներով, եթե դրանց գումարենք արդեն եղած մեքենաների թիվը, վիճակն իրոք ճգնաժամային է: Իսկ Երևանը Թամանյանի գլխավոր հատակագծով, որն ընդգրկում է Երևանի կենտրոնը, նախատեսված էր 150.000 բնակչի համար: Անգամ Երևանի գլխավոր` Հանրապետության հրապարակը, ավելի շատ հսկա, բաց և անկանոն ավտոկայանատեղի է հիշեցնում՝ ակտիվ երթևեկությամբ:
Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է առաջիկա տարիների Երևանի հրապարակների վերակառուցման հայեցակարգը, որի շնորհիվ մեր հրապարակները պետք է հաստատեն իրենց հանրային նշանակությունը: Ծրագրի համաձայն հրապարակները կունենան ստորգետնյա երկհարկ կամ եռահարկ համալիրներ՝ նախատեսված ինչպես մի քանի հարյուր տեղանոց ավտոկայանատեղիների, այնպես էլ՝ հետիոտների անցումների, առևտրի և սպասարկման գոտիների համար:
Հրապարակների վերակառուցման և նրանց ստորգետնյա հատվածի շահագործման նման միտում վերջին տարինեին նկատվում է ամբողջ աշխարհում:
Փարիզի Պլաս դե լա Ռեպուբլիկ, Մադրիդի Պուետրա դել Սոլ, Մոսկվայի Տրիումֆալ և աշխարհի շատ այլ քաղաքների հրապարակներ են այսօր այդպիսի վերակառուցումներ ապրել ու իրենց քաղաքացիների համար դարձել ավելի հասանելի ու գրավիչ: Ժամանակն է նաև Երևանում հրապարակները վերադարձնել քաղաքացիներին:
Հանրապետության հրապարակում, օրինակ, նախատեսվում է կառուցել 2-3 հարկանի ստորգետնյա փարքինգ՝ մոտ երկու հազար ավտոմեքենայի համար: Կկերպարանափոխվի նաև Անդրեյ Սախարովի հրապարակը՝ դառնալով ավելի բարեհամբույր հետիոտնի համար: Այստեղ ևս կլինի ստորգետնյա ավտոկայանատեղի: Ի դեպ հրապարակի վերակառուցման աշխատանքներում կընդգրկվի նաև նախկին հրշեջ կայանի շենքը:
Առավել գլոբալ փոփոխության կենթարկվի Ֆրանսիայի հրապարակը: Մաշտոց, Բաղրամյան, Սայաթ-Նովա փողոցների այս աշխույժ խաչմերուկը, բառի բուն իմաստով, կանցնի գետնի տակ. երթևեկությունը վերկառուցումից հետո կիրականացվի ստորգետնյա թունելներով, իսկ հրապարակն ամբողջությամբ կվերածվի կանաչապատ հսկա զբոսայգու, որը կմիավորի Կասկադն ու Հանրապետության հրապարակը: Նրանց կձուլվի նաև Ֆիրդուսու տարածքում կառուցվող 33-րդ թաղամասը, որն ունենալու է հետիոտնի հանգստի գոտի և Երևանի առաջին կլոր հրապարակը:
Ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում է նախատեսվում նաև Ազնավուրի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի հրապարակներում: Երևանի մեկ տասնյակից ավելի հրապարակների վերակառուցման գործում շահագրգիռ կազմակերպությունները շատ են: Չի բացառվում նաև միջպետական համագործակցությունը: Մնում է միայն հույս հայտնել, որ նոր ներդրողները ավտոկայանատեղիներից օգտվելու ավելի մատչելի ու ճկուն մեխանիզմներ կընտրեն և չի կրկնվի Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի պատմությունը, որը հիմնականում դատարկ է՝ չնայած հրապակարակի ակտիվ հետիոտնային անցուդարձին ու շրջակա փողոցների գերծանրաբեռնվածությանը:
Համենայն դեպս հրապարակների վերակառուցման ծրագիրը, ստեղծելով Երևանի նոր ստորերկյա տարածություն՝ այնտեղ կքշի «երկաթյա ձիերին», հետիոտնի համար ստեղծելով ավելի հարմար ու քաղաքակիրթ միջավայր: