ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


27.02.2018

Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր հոբելյանը կնշի նոր շենքում

27.02.2018; https://armenpress.am/arm/news/924211/erevani-mnjakhaxi-petakan-tatronn-ir-hobelyany-knshi-nor-shenqum.html

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հաջորդ տարվա մայիսին իր դռները կբացի Գևորգ Քոչարի, 21 հասցեում գտնվող նոր շենքում: Թատրոնն իր կենսագրության նոր փուլը կազդարարի «Պյեռոյի երազը» ներկայացմամբ, որը քնարական և կոմիկական տարրերով հագեցած բեմադրություն է և ժամանակակից խնդիրներ է արծարծում:

Թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը փետրվարի 27-ին լրագրողներին ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանը:

«Այս տարվա մայիս ամսից մեկնարկում են թատրոնի շինարարական աշխատանքները, և դրանց ծավալը կավարտվի հաջորդ տարվա մայիսին: Այդ ժամանակ էլ կազդարարենք թատրոնի հանդիսավոր բացումը նոր շենքում, նոր տարածքում, նոր դահլիճում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նրա խոսքով` նախագծի արժեքը 260 մլն դրամ է, իհարկե, դեռ մրցույթ պետք է հայտարարվի, ծավալները պետք է ճշտվեն: «Այս տարի հաղթած շինարարական կազմակերպությանը կվճարվի 60 մլն դրամ, իսկ գումարի մյուս մասը կվճարվի  հաջորդ տարվա սկզբին՝ պայմանով, որ մայիսին պետք է ավարտեն շինարարական բոլոր աշխատանքները»,-ասաց Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարվա բյուջեով պետք է լուծվի թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի հարցը:

Շենքը տարբեր սեփականատերեր ունի. առաջին երկու հարկերը մասնավոր են, սակայն ասես լքված լինեն: Ամիրյանը հույս հայտնեց, որ երբ թատրոնը սկսի գործել,  մյուս հարկերի սեփականատերերը ուշադրություն կդարձնեն տարածքին և դրանք մշակութային նպատակի կծառայեցնեն:

Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ հաջորդ տարվա մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, և պետք է փորձել հենց այդ օրը անել շենքի բացումը: «Ամեն մի առիթ, որը վերաբերում է այս տարածքին, շենքին, ինձ մեծ բավականություն է պատճառում, քանի որ մի քանի օրից լրանում է թատրոնում իմ պաշտոնավարման քսան տարին, և ասես հաշվետվություն լինի, որ այդ տարիների ընթացքում մենք եկանք հասանք այս կետին և, վերջապես, սեփական շենք կունենանք: Դա, բնականաբար, իրականություն դարձավ նախարար Արմեն Ամիրյանի և ՀՀ նախագահի շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,-շեշտեց Դադասյանը:

Գեղարվեստական ղեկավարը ճարտարապետների հետ մասնակցել է շենքի նաև ներսի հատվածի նախագծման աշխատանքներին: Թատրոնն իր ջերմ հարկի տակ կարող է ընդունել 120-130 հանդիսատեսի:

Մարտին Քյուրքչյանը շեշտեց, որ շենքը դասական կառուցվածք ունի, բայց հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով, կլինի շենքի արտաքին հատվածում տեղադրված լեդ-էկրան, որը կծառայի գովազդային նպատակով: «Այն հատվածում, որտեղ նախատեսվում է թատրոնի մուտքը, սակավաշարժ խմբերի համար վերելակ կտեղադրվի»,-շեշտեց նա:

Շենքի նախագծման աշխատանքներին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչյա Պողոսյանը և այլք:

Երևանի մնջախաղի թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին:

Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով:

2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրեց Ազգային գրադարանին միացված Ազգային գրապալատի տարածքը: Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով նախորդ տարվա ընթացքում սկսեցին իրականացվել վերակառուցման նախագծման աշխատանքներ, քանի որ շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չէին: