ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.12.2017

«Շինարարության ոլորտն ուղղում է իր մեջքը». Արմեն Ղուլարյան

26.12.2017; https://168.am/2017/12/26/887633.html

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2017 թվականի շինարարության ոլորտի արդյունքները։ Նրա խոսքով՝ 2017թ. քաղաքաշինության ոլորտի համար ակտիվ գործունեության տարի էր. «Նախորդ տարիներին ստեղծված նախադրյալները հնարավորություն տվեցին ընթացիկ տարում ընդգրկուն քաղաքաշինական քաղաքականություն ձևավորել և արդյունավետ իրագործել։ Այսօր մենք վստահ կարող ենք ասել՝ շինարարության ոլորտն ուղղում է իր մեջքը։

Սկսած 2014թ. մեզ հաջողվել էր կանգնեցնել շինարարության սրընթաց անկումը, իսկ 2014-2016թթ. կարողացանք կայունացնել իրավիճակը։ 2017թ. օգոստոս ամսին արդեն ունեցանք որոշակի կայունացման միտումներ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարողացանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 6-7 տոկոս աճ արձանագրել, իսկ նոյեմբեր ամսին այդ աճը հասցրինք 13.5 տոկոսի։ 2017թ. 11 ամսվա ցուցանիշը 1 տոկոսով գերազանցեց 2016 թվականը»։

Ղուլարյանն ասաց, որ շինարարության ոլորտում 2017թ. պետական բյուջեի շուրջ 3.2 մլրդ դրամ հատկացված միջոցների հաշվին իրականացվել է 32 օբյեկտների շինարարական աշխատանքներ՝ 17 կրթական, 5 մարզական, 7 մշակութային, բնակարանային և այլ օբյեկտներ.

«2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտին ենք հասցրել 3.7 մլրդ արժողությամբ Վանաձորի բժշկական կենտրոնը, 694 մլն արժողությամբ Գավառի թատրոնի շինարարական աշխատանքները, 477 մլն արժողությամբ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը, 1 մլրդ 200 մլն արժողությամբ ԱԻՆ-ի վարչական շենքը, և 1 մլրդ 300 մլն արժողությամբ Տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենքը»։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում համակարգվել են նաև պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի աշխատանքները. «Ծրագիրը մեկնարկել էր 2014թ., և այդ տարում մենք ընդհանուր 266 բնակարանի և նույնքան ավտոկայանատեղիների խնդիր կարողացանք լուծել, պայմանագրային արժեքը 7 մլրդ-ից ավելի էր։ Նշված 266 բնակարանն ամբողջությամբ շահագործման հանձնվեց այս տարի։ Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2016թ., նախատեսված էր կառուցել 175 բնակարան, նույնքան ավտոկայանատեղի, արժեքը՝ 4.7 մլրդ դրամ։ 2016թ. տարեվերջին մեկնարկեց նաև այդ ծրագրի երրորդ փուլը։ Ենթադրում ենք, որ հաջորդ տարի կկարողանանք սկսել այդ ծրագրի հաջորդ փուլերը։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը նախատեսում է շուրջ 1000 բնակարան կառուցել»։

Շինարարական աշխատանքներին, ըստ նրա՝ մեծապես նպաստում են Քաղաքաշինության կոմիտեի կողմից համակարգվող ներդրումային ծրագրերը. «Ներկայումս կոմիտեի համակարգմամբ իրականացվում է 44 կառուցապատման ներդրումային ծրագիր, որոնց 2017թ. ընդհանուր կատարողականի ցուցանիշը կազմում է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար, որից մասնավոր հատվածը կազմում է շուրջ 94 մլն դոլար, իսկ պետական հատվածը 6 մլն դոլարի սահմաններում է»։

Ինչ վերաբերում է աղետի գոտու շինարարական աշխատանքներին, նա ասաց, որ ավարտին է մոտենում պետական աջակցության ծրագիրը, որը սկիզբ էր առել դեռևս 2008թ., երբ շահառու էր ճանաչվել շուրջ 5400 ընտանիք.

«Այդ ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորության կատարումը նախատեսված է մինչև 2020թ.։ Այս պահի դրությամբ ծրագիրն իրականացվել է շուրջ 90 տոկոսով։ 4839 ընտանիք 65 մլրդ դրամի ներդրումով արդեն լուծել են իրենց բնակարանային խնդիրները։ 2017թ. պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամ գումարի հաշվին լուծվել է 102 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ մնացած 542 ընտանիքի հարցը, որը գնահատվում է մոտ 4 մլրդ դրամ, նախատեսվում է ավարտել մինչև 2020թ.»։