Եթե Երևանում 8-9 բալանոց երկրաշարժ լինի՝ սեյսմիկ ուժը 4 անգամ ավելի կլինի, քան շենքերի նախագծով նախատեսված է. քննարկում
07.12.2017; http://www.tert.am/am/news/2017/12/07/earthquake/2559385
Երևանը 7-8 բալ սեյսմակայունությամբ է կառուցված, եթե 8-9 բալանոց երկրաշարժ լինի՝ սեյսմիկ ուժը 4 անգամ ավելի կլինի, քան նախագծով նախատեսված է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը:
Ճապոնական «Ջայկա» ընկերության կանխատեսումներով՝ եթե Գառնու շրջանում ուժեղ երկրաշարժ լինի, ապա ցերեկվա դեպքում Երևանում կզոհվի 100.000 մարդ, եթե գիշերը լինի՝ 250.000 մարդ: Այս ուսումնասիրության մասին շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդականն ասաց, որ լրացուցիչ այլ հանգամանքներ էլ կան կանխատեսում անելու համար՝ շենքերի անձնագրերն էլ են պետք, որ ավելի կոնկրետ կանխատեսում լինի:
«Իրենք մոտավորապես որոշել են, որ ցերեկը մարդկանց որոշ մասը փողոցում կլինի, իսկ գիշերը մարդիկ տանը քնած կլինեն: Մյուս կողմից մենք շատ մոտավորապես հաշվարկել ենք, որ կան շենքեր, որ պետք է քանդվեն, կան շենքեր, որ պետք է ուժեղացվեն, դրանք 111 սերիայի շենքեր են (111 սերիայի շենքերը կարկասային շենքներն են, հիմնականում 9 հարկանի): Սպիտակի երկրաշարժից հետո հանձնաժողովը որոշեց, որ որոշ սերիաներ պետք է հանվեն, քանդվեն, ապահով չեն, իսկ որոշ սերիաների շենքերի էլ պետք է կոնստրուկտիվ լուծումներ տալ, ուժեղացնել, որ հետո բավարարեն պահանջները: Այնպես որ, այս բալականությունը, որ վերանայել ենք, ներկայում, կարելի է ասել, որ ՀՀ-ն լիովին միջազգային պայմաններին տիրապետող, սեյսմակայուն շինարարության ուժեղացման, վերականգնման, նորմատիվ-տեխնիկական դաշտ ունի»,-ասաց նա։
Ալեքսանդր Մովսիսյանի խոսքով՝ 1995թ. այդ դաշտը կատարելագործվում է, ամեն տարի վերանայվում է:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդականի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նոր շենքեր են կառուցվել՝ մոտ 10-15 տոկոս: Գնալով այդ սեյսմավտանգությունն իջնում է՝ նոր շինարարություններով պայմանավորված: Ներկայիս կառուցված շենքերը լիովին համապատասխանում են սեյսմիկ վտանգին: Նոր շենքերի 90 տոկոսը մոնոլիտ կարկասային շենքերն են, որոնք շատ սեյսմակայուն են:
«Գյումրիի 111 սերիայի շենքերը ռեզոնանսից են փլվել: Ճիշտ է, ես մինիստրության որակի բաժնի պետն էի, բայց տարբերություն կար Գյումրիում և Վանաձորում իրականացվող շինարարության մեջ: Վանաձորում շատ ավելի գրագետ տեխնիկական գծային պերսոնալ կա, ավելի գրագետ են կառուցում՝ ծավալներից ելնելով: Գյումրիում շատ մեծ շինարարություն էր ընթանում: Դե եռակցման աշխատանքները, մոնոլիտացման աշխատանքները Վանաձորում ավելի որակով էին անում, դիտողություն էիր անում, տեսնում էիր՝ հաշվի են առել»,-պատմեց Ալեքսանդր Մովսիսյանը:
Նրա գնահատմամբ՝ հաշվարկելով Հայաստանի ներկայիս բնակֆոնդը, սեյսմակայունությունը լիովին ապահովելու համար մոտավորապես 32-35 մլրդ դոլարի ներդրում պետք է արվի: Հաշվել են, թե քանի բազմաբնակարան շենք կա, դրանց ուժեղացման համար մեկ քմ-ին անհրաժեշտ է 140-180 հազար դրամ: Քանի որ բազմաբնակարան շենքերի 40 տոկոսը Երևանում է, հաշվել են, որ 12-15 մլրդ դոլար էլ պետք է Երևանում սեյսմակայունությունն ապահովելու համար:
«Կառավարությունն իր գումարները ներդրել է առաջին հերթին աղետի գոտում բնակարանների ապահովման համար, երկրորդ հերթին դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման համար: 1989-2008 թթ. 58.775 բնակարան է կառուցվել, ընդհանուր առմամբ՝ 4.8 մլրդ գումար է ծախսվել, որից 3.8 մլրդ-ը բյուջեի հաշվին, մեկը՝ դոնոր երկրների, Համաշխարհային բանկի և այլն»,-հիշեցրեց Ալեքսանդր Մովսիսյանը: