ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ-ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԵԼ Է
18.11.2017; http://armworld.am/detail.php?paperid=5700&pageid=171176&lang=
2008 թվականի մարտի 1-ին նախորդող եւ հատկապես հաջորդող օրերի Երեւան. մայրաքաղաքում հայտարարված 20-օրյա արտակարգ դրություն եւ Հյուսիսային պողոտա, որն այդ ժամանակ երեւանցիների ընդդիմադիր հատվածի ամենօրյա զբոսավայրն էր դարձել, նախաձեռնությունների ճեմուղին:
Մի օր ընթերցանության օր էր սահմանվում եւ մարդիկ Հյուսիսայինի նստարաններին նստած ցուցադրաբար թերթ ու գիրք էին կարդում, հաջորդ օրը ճատրակախաղն էր դառնում թեմատիկ, եւ ընդամենը 2 ամիս առաջ բացված Հյուսիսայինը վերածվում էր ճատրակ խաղացողների փողոցի:
Այն օրերին պողոտայով վերուվար թեւանցուկ ճեմող ընդդիմադիր հանրության համար Հյուսիսայինը խորհրդանշական իմաստ էր ստացել: Լրատվամիջոցներն ու քաղաքական ուժերն այդ շրջանում բեւեռացված հասարակության երկու կողմերի երկխոսության ճանապարհի որոնումների մեջ էին եւ շարունակական էր անդրադարձը, թե՝ փնտրտուքն արդյունք չի տալիս... դեռ...
Հիշում եմ՝ տարբեր մտավորականների տեսակետներն էինք թերթում հրապարակում, որոնք բոլորն էլ երկխոսության էին կոչում երկբեւեռ հասարակության ներկայացուցիչներին: Երբ հերթական անգամ նրանցից մեկին՝ ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, կողմերի երկխոսության հնարավորություններից հարցրի, նա լակոնիկ պատասխան տվեց. «Ըստ իս՝ երկխոսությունն արդեն կայացել է»:
Եվ շարունակեց. «Որպես Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ շատ լավ եմ ընդունում զբոսանքները պողոտայում։ Չեմ էլ թաքցնում։ Երբ գնում եմ այնտեղ շինարարական աշխատանքների ընթացքին հետեւելու եւ տեսնում եմ զբոսնող ժողովրդին, պարզապես ուրախանում եմ։
Մի կողմ թողնենք քաղաքական նպատակները, բայց որ մարդիկ հաճույքով են ման գալիս, դա այն է, ինչի մասին ժամանակին մտածում էինք։ Երեւանը քայլելու քաղաք է։ Մեր ժողովրդի մեջ մի տեսակ թատերայնություն կա, որ քայլելու մեջ լավագույնս արտահայտվում է։
Ի դեպ, այս ավանդույթը կա նաեւ մեր գյուղերում, ուր փողոցով աղջիկները քայլում, իրենց են ցուցադրում, տղաները՝ իրենց։ Եվ այս դեկորատիվ-թատերայնությունը Հյուսիսային պողոտայի համար ուղղակի գտնված բան է»:
Ճարտարապետն այն հստակ համոզման էր, որ բեւեռների երկխոսությունը Հյուսիսային պողոտան է կայացնում։ «Կանցնեն տարիներ, սերունդ կփոխվի, այդ սերունդը չի մտածի, թե այստեղով մեկը ցուցադրաբար քայլել է մյուսի դեմ։ Հյուսիսային պողոտան ոչ մեկի սեփականությունը չէ. ո՛չ կառուցողների, ո՛չ նախագծողների, ո՛չ մտահղացողի։ Այն հանրային սեփականություն է։ Իսկ հանրությունը բաղկացած չէ միայն իշխանության կողմնակիցներից՝ հանրությունը բաղկացած է նաեւ իշխանության ընդդիմախոսներից, ապաքաղաքական մարդկանցից»։
Հետաքրքիր է, այսօր, պողոտայի բացումից 10 տարի անց, ճարտարապետները վստահ փաստել են, որ Հյուսիսային պողոտա-հանրություն երկխոսությունը կայացել է:
Քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ.Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում Հյուսիսային պողոտայի հեղինակ ճարտարապետների, մասնագիտական շրջանակների մասնակցությամբ «Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցող ճարտարապետները՝ Աշոտ Ալեքսանյանը, Գուրգեն Մուշեղյանը, Հրաչ Պողոսյանը, անդրադարձել են պողոտայի նշանակությանը որպես անկախության տարիների կարեւորագույն քաղաքաշինական ծրագրի, որպես հանրային տարածքի եւ կայացած մշակութային միջավայրի, որի դրոշակակիրը դարձավ Նարեկ Սարգսյանը՝ համախմբելով մյուսներին:
Անկախության տարիներին ստեղծված հանրային տարածքներին անդրադառնալիս առաջին հերթին, բնականաբար, Հյուսիսային պողոտան հարկ է դիտարկել, քանի որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում հանրային 0 միավորի փոխարեն մի քանի տարի անց ունեցանք երկու հեկտարից ավելի հանրային տարածք, հրապարակներ, հասարակական վայրեր՝ վերգետնյա եւ ստորգետնյա ուրբանիզացիայով, բացօթյա բեմահարթակ, ի վերջո, քայլելու, ճեմելու պողոտա, որը միացնում է Երեւանի երկու կարեւոր դոմինանտները՝ օպերան եւ Հանրապետության հրապարակը:
Ալեքսանդր Թամանյանի գաղափարի՝ Հյուսիսային պողոտայի իրականացումը ճարտարապետական բազում սերունդների համար երազանք էր դարձել: Խորհրդային տարիներին տարբեր փուլերում մասնագետների մի շարք փորձերը անհաջողությամբ էին ավարտվել եւ շատերի համար խենթության նման մի բան էր հետպատերազմյան Երեւանում, հոկտեմբերի 27-ից բառացիորեն մեկ ամիս անց քաղաքաշինական բարդագույն ծրագրի մեկնարկը եւ փուլ առ փուլ իրականացումը:
Ճարտարապետ ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄՅԱՆԸ պողոտայի բացումից տարիներ անց «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում այն բնութագրեց որպես խիզախություն. «Մեծագույն խիզախություն էր այս տարիների ընթացքում Հյուսիսային պողոտայի կառուցումը։ Պողոտա, որը համապատասխանում է Թամանյանի սկզբունքներին։ Իհարկե, շինարարության ընթացքի վրա շահադիտական «նորմերը» ազդեցին, բայց Հյուսիսային պողոտան այսօր, ըստ Թամանյանի, հետիոտն քայլելու պողոտա է, երեւանցու համար հաճելի զբոսավայր»։
Ինչ վերաբերում է նորմերին, ապա այս համատեքստում հետաքրքիր է արձանագրել, որ Թամանյանի էսքիզ-գծագրում պողոտան ընդամենը 20 մետր լայնություն ուներ, այն դեպքում, երբ այսօր պողոտայի լայնությունը նվազագույնը 27 մետր է: Նվազագույնը, քանի որ հրապարակներում այն ընդլայնվում է եւ տարածվում ավելի: Երկարությունը 400 մետր է, իսկ կառուցապատման բարձրությունը, ըստ Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծի՝ 20-24 մետր:
Ցավոք, ժամանակի ընթացքում, նախագծից, նախնական բարձրություններից շեղումներ եղան: Այսօր ունենք այն, ինչ ունենք:
Այնուհանդերձ մոսկվաբնակ հայ ճարտարապետ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԵՅԼԱՆՈՎԻ վերջերս արված հստակ բնորոշմամբ. «Որպես քաղաքային միջավայր, միանշանակ, Հյուսիսային պողոտան կայացել է, մարդիկ հաճույքով զբոսնում են, ճեմում, ամառ-ձմեռ մշտապես պողոտան լեցուն է մարդկանցով:
Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչքան մարդ կա այստեղ ժամանակ անցկացնող, Արբատում այսօր այդքան մարդ չեք տեսնի: Մարդիկ, երիտասարդներն ընդունել են պողոտան, միջոցառումներ, համերգներ եւ այլ նախագծեր են իրականացնում, իսկ շենքերի վերաբերյալ ճարտարապետներից ամեն մեկն իր կարծիքը կունենա: Մենք Հյուսիսային պողոտան առաջին հերթին դիտարկում ենք որպես միջավայր, որն անձամբ ինձ համար շատ մարդկային մասշտաբ եւ միջավայր է»:
«Հյուսիսային պողոտան սկզբում չէի ընդունում, հետո երբ շատամարդ դարձավ եւ դարձավ կենտրոն ոչ միայն հայաստանաբնակներիս, այլեւ դրսից եկողների համար, հայացքս փոխվեց, մի քիչ ուրիշ հայացքով սկսեցի նայել: Որ մի քիչ լայն ես նայում, սկսում ես նկատել այն բաները, որոնք առաջ չես նկատել»,- օրերս հանրային հեռուստալսարանի առջեւ անկեղծացավ հոգեբան ՌՈՒԲԵՆ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆԸ։
Հոգեբանի այս դիտարկումը, ուրիշ հայացքով նայելու եւ նախկինում չտեսածը տեսնելու օրինակը մի տեսակ անկեղծ առաջարկի հանգույն էր.. Ըստ իս:
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքերն են. «Հյուսիսային պողոտան կամերտոնի պես խրվեց Երեւանի կենտրոնում։ Այն կարգավորում է մեր ներուժը։ Համոզված եմ, որ Հյուսիսային պողոտան մեզ վերադարձնելու է մեր կենսաբանական տեսակը»։
Ու նաեւ՝ «Հյուսիսային պողոտայի սկիզբն իմ երազած հայոց մայրաքաղաքի կերպարի սկիզբն է...»։
«Ժամանակի ընթացքում մենք անպայման կիմաստավորենք մեր ինչ լինելը... Եվ դրան կնպաստի նոր Երեւանի արտերեւույթը... Մենք հետո կտեսնենք ամբողջականի գեղեցկությունը, եւ նրա միջավայրում կզգանք, կիմաստավորենք մեր բուն իսկությունը: Երեխան որ այդ փողոցով անցնի, ոչ միայն չի մտածի օտար քաղաքների մասին, այլեւ ինքը կնորանա»:
Ընդհանրապես Հյուսիսային պողոտայի վերաբերյալ գնահատականները անցած տարիների ընթացքում ծայրահեղ են եղել՝ շատ բարձր տոնայնությամբ եւ հակառակը: Ինչպես, օրինակ, հյուսիսային նեղուց, չպողոտա, քաղաք՝ քաղաքի մեջ, անմատչելի, էլիտար եւ այլն: Այսօրինակ հարցադրումներում մեծապես առկա է սոցիալական գործոնը, ինչը տարբեր ժամանակներում մեր մտավորականներն էլ արձանագրել են (Ալվարդ Պետրոսյան, Լիլիթ Պիպոյան եւ այլք)։
Կցանկանայի Հյուսիսային պողոտայի տասնամյակի մասին փաստող հրապարակումն ավարտել ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ խոսքով.
«Անցած 20 տարիների ընթացքի, անկախության շրջանում մտածված եւ իրականացված լավագույն ճարտարապետական նախագիծն է Հյուսիսային պողոտան: Ընդ որում, այստեղ հրաշալի կերպով պահպանվում է Երեւանի ավանդական` թամանյանական մոտեցումը:
Չեմ ասում Ալ.Թամանյանի ճարտարապետությունը, ասում եմ` մոտեցումը: Որովհետեւ թամանյանական հայեցակարգը ներառում է ե՛ւ Անին, ե՛ւ Աղթամարը, ե՛ւ Զվարթնոցը, ե՛ւ առհասարակ մեր ազգային ճարտարապետական նմուշների լավագույն արտացոլանքը: Եվ միջնադարյան մտածողության հզորությունը, պարսպի, ուժի գաղափարը: Ահա այս մոտեցումն է կիրառված Հյուսիսային պողոտայում: Ես ազգային այս տեսակն եմ տեսնում, ողջունում եւ հավանում»: