Կայացավ «Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր եւ վաղը» ցուցահանդեսի բացումը
17.11.2017; http://erit.am/news/hy/79198
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր եւ վաղը» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Երեւանի նորագույն պատմության էջերում կարեւոր տեղ զբաղեցրած քաղաքաշինական այդ ծրագրի պատմությունը, նրա անցյալը, գոյություն ունեցող նախագծերը, պողոտայի այսօրվա անցուդարձն ու ապագայի զարգացումները:
Ցուցահանդեսում օգտագործվել եւ ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Երեւանի քաղաքապետարանի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, «Երեւաննախագիծ» ինստիտուտի, ինչպես նաեւ անհատ ճարտարապետների արխիվային նյութերը:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ներկայացրեց պողոտայի նախապատմությունը: Նրա խոսքով՝ Հյուսիսային պողոտան ունի կազմավորման երկարատեւ պատմություն. «Ինչպես հայտնի է՝ գաղափարի հեղինակը եղել է Ալեքսանդր Թամանյանը, ով այն համարում էր Երեւանի 1924 թվականի գլխավոր հատակագծի կարեւոր տարրերից մեկը:
Անկյունագծային Հյուսիսային պողոտան, որը Հյուսիս-Հարավ առանցքի մի հատվածն էր, կոչված էր կարճ ճանապարհով կապելու քաղաքի երկու հրապարակները՝ Լենինի անվան (ներկայիս՝ Հանրապետության) եւ Թատերական (այժմ՝ Ազատության): Տեղադրված լինելով փողոցների ուղղանկյուն ցանցի վրա՝ այն նաեւ ստեղծելու էր հետաքրքիր քաղաքաշինական հանգույցներ՝ հրապարակներ եւ կենտրոններ»:
Անուշ Տեր-Մինասյանի հավաստմամբ՝ Թամանյանը, սակայն, չի հասցրել մանրամասն մշակել պողոտայի նախագիծը՝ թողնելով միայն նրա էսքիզն ու գաղափարը: Պողոտայի նախագծի իրագործման հարցը տարբեր ժամանակներում հետաքրքրել եւ ոգեւորել է բազմաթիվ հայ ճարտարապետների:
«Պետք է նշել, որ Հյուսիսային պողոտայի իրական պատմության մեկնարկը տրվել է 2000 թվականից, երբ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ սկիզբ դրվեց պողոտայի նախագծի իրականացմանը: 2007 թվականին ճարտարապետների բազում սերունդների երազանք դարձած, սակայն մինչ այդ չիրականացած Հյուսիսային պողոտան բացվեց: Այդպիսով այն իր կարեւոր տեղը զբաղեցրեց Երեւանի նորագույն պատմության էջերում»,-փաստեց Անուշ Տեր-Մինասյանը:
Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագիծը հաջողված էր, քանի որ այդ տեղում Երեւանի հին տներ էին, իսկ հիմա բարեկարգ շենքեր են, որտեղ սրճարաններ կան, խանութներ, ժամանցի վայրեր. «Շատ դրական է, որ այդտեղ բնակարաններ գնեցին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հայեր: Չնայած նրանք չեն ապրում այստեղ, քանի որ եթե հայրենիքում բույն ունեն, ապա մի օր, եթե ոչ իրենք, ապա իրենց զավակները վերադառնալու են»:
Նշենք, որ ցուցադրությունում առկա են 3D էֆեկտներ, որոնք ստացվել են «Arloopa» ընկերության հետ համագործակցության արդյունքում: Այդ հավելվածը հնարավոր է ներբեռնել «App stor»-ից կամ «Google Play»-ից եւ սկանավորել ցուցադրանմուշները: