Հայաստանի շենքերի 70 տոկոսը խոցելի են և վտանգ կարող են ներկայացնել
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը:
Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր և շինություններ (այդ թվում` պատմամշակութային հուշարձաններ):
Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը, համաձայն տարբեր ժամանակաշրջաններում սեյսմակայուն շինարարության ընդունված նորմերի պահանջների, նախատեսված է եղել 7 և 8 բալ (ըստ ուժգնության գնահատման MSK-64 սանդղակի): Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորատիվ փաստաթղթերի պահանջներին:
Վերջին 25 տարիների ընթացքում շենքերի տեխնիկական վիճակի համակարգված հետազոտություններ և դրանց հիման վրա տրված եզրակացություններին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու կամ թերի իրականացնելու արդյունքում շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում և սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չլինելու պատճառով չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը: Ըստ փորձագիտական գնահատականների ներկայումս գոյություն ունեցող շենքերի 70%-ը խոցելի են և կարող են վտանգ ներկայացնել ընդունված նորմատիվային ուժգնության երկրաշարժերի դեպքում: Իրավիճակը հիմնականում մեկնաբանվում և պատճառաբանվում է պայմանագրային հիմունքներով մասնագիտացված կազմակերպությունների կողմից շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունների կատարման, ինչպես նաև շենքերի անվտանգ շահագործման ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սահմանափակությամբ:
Միջազգային փորձի ուսումասիրությունը ցույց է տալիս, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի սեյսմակայունության բարձացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար նախապես կատարված ծախսերը տնտեսական և ֆինանսական տեսանկյունից 7-10 անգամ ավելի արդյունավետ են, քան հետևանքների վերացման համար պահանջվող ծախսերը: Ընդ որում, սեյսմիկ աղետի հետևանքների նվազեցման և կանխարգելման ուղղությամբ ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները՝ շենքերի փաստացի սեյսմակայունությունը, խոցելիությունը, կարողությունները, մարդկանց և ակտիվների խոցելիությունը սպառնալիքների հանդեպ, վտանգների առանձնահատկությունները և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները:
Հաշվի առնելով, որ ներկայումս տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությամբ պայմանավորված սեյսմիկ ռիսկը Հայաստանի տարածքում ձգտում է բարձր մակարդակի՝ գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի, հատկապես բարձր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների սեյսմակայունության բարձրացմամբ ուժեղ երկրաշարժերից հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու խնդիրը կարևոր գործոն է հանդիսանում հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և ազգային անվտանգության ապահովման համար:
Շենքերի սեյսմակայունության բարձրացման հիմնախնդիրն իր բազմաբաղադրիչ բնույթի և մեծ ծախսատարության պատճառով պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն, տարբեր ֆինանսական աղբյուրների և կառույցների ներգրավում, կազմակերպչական ու համագործակցության մեխանիզմների կիրառում:
Ռազմավարության նպատակը՝ Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդիրը գոյություն ունեցող շենքերի սեյմակայունության բարձրացման միջոցով լուծելու համար համապատասխան նախադրյալների ստեղծումն է և այդ ուղղությամբ անհրաժեշտ հիմնավորված միջոցառումների իրականացումն ապահովող համակարգված քայլերի ու գործողությունների հստակեցումը:
Ռազմավարությամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակ դիտարկվել է բնակարանային ֆոնդի (բազմաբնակարան շենք, անհատական բնակելի տուն), հասարակական և արտադրական նշանակության շենքերի, այդ թվում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյմակայունության բարձրացմանն ուղղված առանձին ոլորտային նպատակային ծրագրային մոտեցումը: Այն հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, սահմանել դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվող ծրագրերում հաշվի առնելով սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները, փուլային մոտեցմամբ իրականացնել համակարգված միջոցառումներ: