Մշակվում է Գորիս «Խելացի քաղաք»-ի նկարագիրը
14.07.2017; https://news.am/arm/news/400301.html
ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Նախագծի հիմնական գործընկերներն են` ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, Գորիսի քաղաքապետարանը, Ասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Ավստրական բնապահպանական գործակալությունը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան ազգային գրասենյակը: Առաջարկվող ծրագրի ռազմավարական նպատակն է` խթանել քաղաքների կայուն զարգացումը, հատկապես անցումային տնտեսություններ ունեցող եւ զարգացող երկրներում` հմտությունների եւ քաղաքականության վերլուծության, պիլոտային գործունեության, իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխհամագործակցության եւ կարողությունների ստեղծման միջոցով:
Խելացի քաղաքի համապարփակ գաղափարն ուղղված է բարելավելու
• քաղաքային միջավայրը՝ ջուրը, աղբը, էներգետիկ ծառայությունները, տեղեկատվական համակարգը եւ տեխնոլոգիաները:
• կանաչ զարգացումը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կանաչ բիզնեսի զարգացումը
• Կառավարման համակարգը (միջոլորտային համագործակցություն, համագործակցություն տարածքային, ազգային եւ տեղական կառավարման մարմինների միջեւ, եւ այլ շահառուների միջեւ, համագործակցության պլատֆորմների հիմնում), այլ քաղաքների հետ համաործակցության ստեղծում
• Սոցիլական կապիտալը (կրթություն, սոցիալական եւ գենդերային հավասարություն);
• Տնտեսականան պայմաններ (աղքատության նվազեցում եւ աշխատատեղերի ստեղծում);
• Քաղաքացիների փորձառություն
• Քաղաքային տուրիզմ
Մշակվում է Գորիս «Խելացի քաղաք» -ի կայուն քաղաքաշինության զարգացման նկարագրի զեկույցը Smart City Profile on sustainable urban development/, որն այժմ ներկայացված է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովին (UNECE) առաջարկների եւ լրամշակման համար: Ծրագիրը կօգնի խելացի քաղաքների եվրոպական փորձը տարածել ԵՄ-ի սահմաններից դուրս:
2015թ. փետրվարի 9-12-ը իրականացվել էր «Խելացի Քաղաք Գորիս» նախաձեռնության առաջին առաքելությունը: Նախնական առաքելության ընթացքում ներկայացվել էին Գորիսի վերաբերյալ նախնական տվյալները, «Խելացի Քաղաքի» համար նախնական նկարագիրը, ինչպես նաեւ նախնական ցուցիչները: Քննարկվել են նաեւ քաղաքի զարգացման գերակա ուղղությունները` տնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական եւ սոցիալական ոլորտներում:
2015 թ ապրիլին Գորիսում կայացած միջազգային աշխատաժողովի ընթացքում Ծրագրի պատասխանատու Նունե Հարությունյանը եւ ՄԱԿ-ի ԵՏՀ ծրագրի պատասխանատու տիկին Դոմենիկա Կերիերոն ներկայացրեցին Գորիս «Խելացի քաղաքի» նկարագրի նախագիծը եւ ցուցիչների վերլուծությունը, ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում փոքր եւ միջին քաղաքների համար խելացի քաղաքային լուծումների զարգացման լավագույն փորձը, հնչեցին համայնքի զարգացման համար ազգային իշխանությունների եւ փորձագետների կողմից առաջարկություններ եւ մեկնաբանություններ եւ Երկրի նկարագրի (Cօuntry profile) ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագետների առաջարկությունները:
«Խելացի քաղաք»-ի գաղափարախոսությունը հիմնվում է կանաչ, առողջ, խելացի ու բնակավայրերի կայուն զարգացման վրա, նպաստում է ներդրումների իրականացմանը եւ տնտեսական եւ քաղաքաշինական զարգացմանը, նպաստում է էներգիայի խնայողությանը եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:
Գորիս «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը «Հայաստանի քաղաքների պլանավորման եւ կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագրի մասն է, որը ներկայացվել է UNECE-ին հաստատման համար: Գորիս քաղաքն է ընտրվել պիլոտային ծրագրի համար հարուստ մշակութային եւ ճարտարապետական ժառանգության, յուրահատուկ բնական լանդշաֆտի պատճառով: Հայկական կարեւորագույն միջնադարյան կառույցներից եւ մշակութային կենտրոններից որոշները տեղակայված են հենց Գորիսի մոտակայքում: Տարածաշրջանում կա 500-ից ավելի պատմական եւ ճարտարապետական հուշարձան։