Ո՞վ է մեղավոր Երևանի վատ ջրահեռացման համար
14.06.2017; http://hraparak.am/?p=149010&l=am%2Fov%20e%20mexavor%20erevani%20vat%20jraheracman%20hamar%20
Նախօրեին տեղացած հորդառատ անձրեւը երկու «միսիա» կատարեց՝ հարամեց վերընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիան՝ այն վերածելով ջրաուգուրացիայի, եւ հերթական փորձությունը դարձավ քաղաքային ծառայությունների եւ ջրմուղի համար։ Մայրաքաղաքի կենտրոնում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով մի շարք փողոցներում ուղղակի փոքրիկ լճեր ու գետեր էին գոյացել։ Մեքենաների փոխարեն նավակներով էր պետք երթեւեկել, քանի որ քաղաքի ջրատար համակարգը, ինչպես միշտ, լավ չաշխատեց, անձրեւաջրերը հեղեղեցին որոշ հատվածներ՝ Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող եւ այլ թունելներում, Լենինգրադյան փողոցում եւ այլուր։ Եվ մինչ երեւանցիները Ֆեյսբուքում իրենց վրդովմունքն էին հայտնում, քննադատում քաղաքային իշխանություններին, «Վեոլիա ջուր» ընկերությունը մի այնպիսի հաղորդագրություն տարածեց, որը կարդալիս չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։
«Երեւան. իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրեւատար համակարգը դիմացավ քննությանը»,- ահա այսպիսի սենտիմենտալ վերնագիր էին դրել ջրմուղի աշխատակիցները եւ շարադրել, թե ինչքան լավ են աշխատել իրենք, եւ թե ինչու է վատ աշխատել ջրատար համակարգը։ Ասես այդպես էլ պետք է լիներ, ասես ոչինչ էլ չի եղել, եւ որեւէ մեկն այդ հարցում պատասխանատվություն ու մեղքի բաժին չունի։
«Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաեւ հորդ անձրեւներից հետո, մայրաքաղաքի անձրեւատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ երեկվա տեղատարափ անձրեւի ժամանակ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շահագործվող համակարգը դիմացավ քննությանը»,- իրենք իրենց փառաբանել են «վեոլիացիները»։ «Առաջին հասցեում ջրերի կուտակումը տեւել է ընդամենը 15 րոպե, քանի որ, եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբը եղել է կազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու գլխավոր ճարտարագետ Հրանտ Դանիելյանի ղեկավարությամբ արագորեն վերացրել ջրի կուտակումները: Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթեւեկը: Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրեւի հորդառատությամբ: Անձրեւաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրեւատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ՝ կուտակումները»,- եզրակացրել են «Վեոլիա ջրի» աշխատակիցները։
Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչու «անձրեւատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել»։ Ժողովրդին հետաքրքրում է այդ հարցը, ոչ թե այն, թե ով է մեկնել դեպքի վայր, եւ ինչ փութաջանությամբ են ձեր աշխատակիցներն աշխատել։ Երեւանի ու երեւանցիների բախտը բերել է, որ անձրեւը 10-15 րոպե է տեւել, իսկ եթե մեկ-երկու ժամ կամ օրե՞ր տեւեր։ Ի՞նչ էին անելու այդ ժամանակ «Վեոլիա ջրի» «հրաշագործները»։ Չէ՞ որ այդ ժամանակ առավել եւս ջրատար համակարգը չէր հասցնի այդ քանակությամբ ջուրը հեռացնել, ավերածությունների ծավալի ու, չի բացառվում՝ նաեւ մարդկային զոհերի մասին էլ պատկերացնել կարելի է։ «Վեոլիայից» գալու էին եւ ասեին՝ «դե, համակարգը չհասցրեց ջուրը հեռացնել, ափսոս»։
Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը կարծում է, որ ի սկզբանե պետք է ջրատարները կառուցվեին այն հզորությամբ, որ նման դեպքերում քաղաքն այս վիճակում չհայտնվեր։ «Ժամանակին ովքեր նախագծել եւ կառուցել են այդ ջրատարները, հաշվի չեն առել, որ կարող է այսպիսի անձրեւներ լինեն»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենը պարտավոր էին ժամանակին հաշվարկել, որը չեն արել։ Հարցին՝ հիմա հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, Պողոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ հնարավոր է։ Առաջին հերթին պետք է ստուգվեն ջրատարների հորանքները, կարող է էնտեղ կեղտ լցված լինի, տիղմ կուտակված լինի, եւ ժամանակ առ ժամանակ այդ ջրատարները մաքրեն»։
Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ ասաց, որ Պրոսպեկտի շուկայի մոտ առաջացած հեղեղը, իր ենթադրությամբ, խցանման, այլ ոչ թե նախագծային սխալի հետեւանք է։ «Որովհետեւ նախագիծն արվել է 80-ականներին եւ կառուցվել է այդ ժամանակ, հեղինակն էլ Աշոտ Ալեքսանյանն էր եւ շատ գրագետ անձնավորություն էր ոչ միայն որպես ճարտարապետ, այլեւ որպես ինժեներ։ Էնպես որ, կարող եմ ասել՝ դա, վստահորեն, համակարգի խցանումների պատճառով է։ Իսկ թե խցանումների համար որ ծառայություններն են, որ պետք է հետեւեն եւ ջրատարները մաքուր պահեն, ինձ հիմա դժվար է ասել»։ Հիշեցրինք, որ պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, որը հաղորդագրություն է տարածել եւ արդարացել՝ իրենք շատ լավ աշխատել են, մաքրել են, բայց Պրոսպեկտում ջրատարը չի հասցրել ջուրը հեռացնել։
«Դա շատ տեխնիկական խնդիր է, ինձ դժվար է գնահատական տալ, միգուցե եւ իրենք ճիշտ են ասում, որովհետեւ արտակարգ իրավիճակների պարագայում կարող է եւ այդ ջրատարների հզորությունները չբավարարեն»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Իսկ գուցե նախապե՞ս այդ հաշվարկներն արվեին, երբ կառուցվում էր քաղաքի ջրահեռացման համակարգը՝ հաշվի առնել արտակարգ իրավիճակների հավանականությունը։ «Լավ հարց է, իհարկե, տրամաբանական հարց է, բայց դա, ինչքան ես հասկանում եմ, ուղղակիորեն կապված է տնտեսական հիմնավորման հետ։ Ենթադրենք, խողովակի տրամագիծը 60 սմ է, դա մի բան է, եթե պետք է կառուցեն 120 սմ-ով, դա այլ բան է եւ ավելի թանկ է»։
Նարեկ Սարգսյանն ըստ էության բացատրեց, թե որն է խնդիրը, բայցեւ նկատեց․ «Այն, որ Երեւանում ընդհանրապես ստորգետնյա կոմունիկացիաների խնդիր կա, դա միանշանակ է»։ Հիմա հնարավո՞ր է փոխել, բարելավել Երեւանի ջրահեռացման համակարգը։ Սարգսյանը կարծում է, որ հնարավոր է, պարզապես հիմա գնահատական տալ չի կարող՝ դա ինժեներական լուծումների հարց է։