Հայաստանի շենքերի տանիքները ճարտարապետական նույն ոճի մեջ են լինելու
13.06.2017; http://newsarmenia.am/am/news/armenia/hayastani_shenqeri_taniqnery/
ՀՀ կառավարության հաստատված նոր կարգի համաձայն, Հայաստանի շենք-շինությունների տանիքները միասնական ճարտարապետական ոճի կբերվեն: Այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը:
«Հայաստանի մարզերի համար կմշակվեն կոնկրետ գունային երանգներ, տեղանքի լանդշաֆթին և կլիմայական պայմաններին համապատասխան: Համայնքները, կանոնակարգի համաձայն, պարտավորված կլինեն տեղադրել շենք-շինությունների տանիքներն այդ գունային երանգին համապատասխան»,- երեքշաբթի ասուլիսի ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով, այդ կարգը հիմնականում կվերաբերի նոր ճարտարապետական կառույցներին, քանի որ նման աշխատանքներ իրականացնել հին շենքների վրա նպատակահարմար չէ, անգամ վտանգավոր է:
Մովսիսյանը նշեց, որ արդիականացման այս նախագիծը կվերաբերի նաև շենքների ձեղնահարկերին, որոնք տեղադրում են սեփականատերերը։
Փորձագետի կարծիքով, դրանք կառուցվում են ծանր մետաղական կոնստրուկցիաներով, այդ պատճառով նման կառույցները չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության պահանջներին:
«Հաճախ բնակիչը հաստատում է ստանում, որ շենքը գտնվում է բավարար տեխնիկական մակարդակում և անում է, ինչ ուզում է: Այդ պատճառով շինությունների վրա կառուցվում են անճոռնի և վտանգավոր կոնստրուկցիաներ»,-պարզաբանեց նա:
Այս առումով Մովսիսյանը հայտնեց, որ պետական կոմիտեն նախատեսում է հրատարակել թեթև մետաղակոնստրուկցիաներից և ջերմամեկուսիչ նյութերից տանիքների կատալոգ, որը կպարունակի նախագծումից մինչև կոնստրուկտորական լուծումների մասին տեղեկատվություն:
Իր հերթին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը դժգոհություն հայտնեց Երևանի շենքների վրա ձեղնահարկերի և լրացուցիչ հարկերի կառուցման վերաբերյալ:
«Թամանյանական ոճի շենքները վերակառուցելն անթույլատրելի է ինչպես գեղարվեստական, այնպես էլ քաղաքաշինական տեսանկյունից»,-ասաց է նա:
Այս առումով նա նշեց, որ անհրաժեշտ է նման խախտումների համար սահմանել մեծ տուգանքներ և տույժեր, ընդհուպ մինչև նման կոնստրուկցիաների ցուցադրական քանդումը: