ՀԲԸՄ ՇԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԵԼ ԵՆ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԻՍ ԱԴԱՄՅԱՆԸ
15.05.2017; http://armarchitect.am/am/news/arm/2228-2017-05-15-10-55-36.html
Անշուշտ գովելի նախաձեռնություն է ցուցաբերում <<Սպուտնիկ Արմենիա>> էլեկտրոնային լրատվամիջոցը՝ անդրադառնալով հին Երևանի շենքերին՝ որպես կանգուն վկաներ: Իհարկե, լավ կլիներ, որ նման պատմությունների հեղինակները բավարար տեղեկատվություն ունենային և կարողանային հանրությանը փոխանցել ճշգրիտ ու փաստարկված տեղեկատվություն: Ցավոք միշտ չէ, որ վկայակոչելով այս կամ այն շենքը, ներկայացվում է իրականությունը:
Եվ ստացվում է, որ ընթերցողին հրամցվում է շենքի, վերջինիս հեղինակի կամ հեղինակների վերաբերյալ հիմնովին խեղաթյուրված պատմություն, որին հետագայում հղումներ են անում, մեջբերում են, էլ չեմ խոսում ֆեյսբուքյան դիլետանտական, հաճախ նաև՝ հիշոցների մակարդակով գրառումների մասին:
Ընդ որում, այս միտումն առկա է ոչ միայն անցյալ դարերի վերաբերյալ, այլ՝ ներկա ժամանակի, մեր օրերի՝ անկախության տարիներին մայրաքաղաքում իրականացված կառույցների դեպքում:
Դեռևս 2015 թվականին, ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած ՀԲԸՄ գրասենյակի բացման ժամանակ տվյալ շենքի նախագծող ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը մի շարք լրատվամիջոցներ շատ <<պատահաբար>> զլացել էին նշել՝ այն վերագրելով համահեղինակությամբ կառուցված շենքի մյուս հեղինակին՝ Արիս Ադամյանին միայն կամ ընդհանրապես ճարտարապետների անունները չնշելով: Մինչդեռ այդ շենքի ոչ միայն նախագծի հեղինակն է Ն. Սարգսյանը, այլև ՀԲԸՄ ղեկավարությունը հենց նրա նախագիծ-առաջարկով է Երևանի առաջին դումայի շենքը վերականգնել՝ ձևավորելով հնի և նորի ներդաշնակ համադրություն:
Այս մասին փաստում է 2010 թ. մայիսի 26-ին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված իր նամակում: Նա քաղաքապետին է դիմում Երևանում ՀԲԸՄ գրասենյակի համար հողահատկացման խնդրանքով, միաժամանակ , դիմում-նամակին կից ներկայացնելով ճարտարապետ Ն. Սարգսյանի նախագծի նախնական տարբերակը. <<Նամակին կից Ձեզ եմ ներկայացնում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից մշակված շենքի նախագծի նախնական տարբերակը, որով մեզ առաջարկվել է վերականգնել Երևանի առաջին դումայի շենքը, որն իր ճարտարապետական դիմագծով համահունչ է այդ տարածքում գտնվող շենքերին>>:
Ի դեպ, անդրադառնանք նաև այդ <<տարածքում գտնվող շենքերին>>, որոնք նույնպես վերականգնվել են ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծով և նախաձեռնությամբ: Խոսքը ՀՀԿ գրասենյակի նոր շենքի մասին է, որի վերակառուցման արդյունքում վերականգնվել է երկու հուշարձան շենք՝ Հյուսիսային պողոտայի կառուցման համատեքստում տեղափոխված Թումանյան փողոցում գտնվող մեծահարուստ Համբարձում Սողոմոնյանի գինու և կոնյակի գործարանի շենքը, ինչպես նաև՝ Պուշկինի 28 հուշարձան շենքը:
Հավելենք, որ անցյալ տարի պատասխանելով ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասել էր, որ ինչպես Սպայի տան, Սևան հյուրանոցի քանդման հետ ինքը կապ չի ունեցել, այնպես էլ՝ Պուշկինի 28 շենքի քանդման հետ կապ չունենալով, հենց ինքն է նախաձեռնել վերջինիս վերականգնումը:
Սա այն դեպքն է, երբ բազմիցս տիրաժավորված սուտը դառնում է ճշմարտությանը հավասար մի բան: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը հարևան ադրբեջանցիների բազմաթիվ ստերին անդրադառնալով ասում էր՝ <<Համաշխարհային հանրության համար, որը շատ բանից տեղյակ չէ, 100 անգամ ասված սուտը գրեթե ճշմարտությանը հավասար բան է>>։
Նարեկ Սարգսյանի հանդեպ նույն մոտիվացիան է կիրառվում: Ասենք, Հյուսիսային պողոտան քարկոծողները մեկ էլ սկսում են վաղուց արդեն իր ուրույն կյանքով ապրող պողոտայի իրականացված տարբերակի գաղափարը ճարտարապետ Ջիմ Թորոսյանին վերագրել, մեկ այլ ճարտարապետ ոչ դես ոչ դեն՝ Նարեկ Սարգսյանի հեղինակած Իտալիայի փողոցը, հետո ինքզինքն ուղղելով իբր՝ փողոցի գաղափարը ուրիշ ճարտարապետի է վերագրում, և կամ՝ ահա, թարմ օրինակ՝ ՀԲԸՄ շենքը նախագծած՝ Հայաստանում ողջ կյանքն ապրած-ստեղծագործած վաստակավոր ճարտարապետի անունը պատահաբար չեն նշում, բայց շատ պարտաճանաչ նշում են ֆրանսահայ համահեղինակի անունը:
Գանք <<Սպուտնիկ Արմենիայի>> վերը նշված հրապարակմանը, որի հեղինակ Ռուբեն Շուխյանը մի կողմից ողջունում է ՀԲԸՄ շենքի կառուցմամբ դումայի շենքի նոր կյանքը, մյուս կողմից ՝հրապարակախոսական հարցում է անում՝ արդյո՞ք այդ ամենը հնարավոր չէր անել նույն տեղում, թեկուզ «Կոնգրես» հյուրանոցի կառուցման պարագայում:
Ի տեղեկություն Ռ Շուխյանի և <<Սպուտնիկ Արմենիայի>> ընթերցողների հայտնենք, որ Խորենացի փողոցում, Շահումյան հրապարակում նախկին Դումայի շենքը ևս օրենքով սահմանված կարգով և համաձայն Երևանի գործող հատակագծի ապամոնտաժվել է 2002-ին՝ Երևանի Իտալիայի փողոցը կառուցելու համար: Իտալիայի փողոցի հեղինակը Նարեկ Սարգսյանն է, ով այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետն էր:
Եվ հետագայում 2009-10 թվականներին իր իսկ նախաձեռնությամբ այդ շենքի ամբողջ ճակատը վերականգնվել է Մելիք-Ադամյան փողոցում կառուցված ՀԲԸՄ շենքում:
Այս է ճշմարտությունը:
Հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ անց <<Սպուտնիկ Արմենիա>> էլեկտրոնային լրատվամիջոցը ճշտում մցրեց իր հրապարակման https://armeniasputnik.am/exclusive/20170513/7287237/armenia-hin-yerevan.html մեջ: