Կստեղծվի «Նոյ» ազգագրական թաղամաս
09.03.2017; http://hraparak.am/?p=139994&l=am/kstexcvi+noy+azgagrakan+taxamas+
Քաղաքաշինության պետական կոմիտեն նախաձեռնել է «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցում։
Կոմիտեի կողմից մշակված ծրագրով Դալմայի այգիներին հարող տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով, ինչպես նաեւ ազգային արհեստները ներկայացնող ցուցասրահներով՝ գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում:
«Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման նախագծերի մշակման վերաբերյալ նախօրեին Քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը եւ Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արտավազդ Թարխանյանը։
Կոմիտեի արտաքին կապերի եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արտավազդ Թարխանյանը մեզ հետ զրուցում նշեց, որ խոսքը գնում է շուրջ 9.2 հեկտարի մասին, իսկ նախագծի ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է շուրջ 98 մլն. դոլարին համարժեք դրամ։ Ըստ Թարխանյանի, դեռ պատրաստի նախագիծ չկա, դա ընդամենը ներդրումային ծրագիր է, որի շուրջ հիմա փորձում են ներդրողներ գտնել. «Դեռեւս ոչ մի ներդրող չկա այս ծրագրի շրջանակներում, բայց մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի հայթայթենք այդ միջոցները եւ ներգրավենք նման անձանց»։
Ակնկալիքներ կա՞ն, որ պետությունն ինչ-որ չափով ներդրում կունենա։ «Ներկա դրությամբ նման բան չի քննարկվել»,-ասաց Թարխանյանն ու հավելեց, որ այս պահին նախագիծը նախագծային փուլում է, եւ անհրաժեշտ է երկարատեւ աշխատանք, ուսումնասիրություն, որպեսզի կազմվի համալիր մի նախագիծ ամբողջ կառուցապատման սխեմայի վերաբերյալ, որի շուրջ էլ արդեն հնարավոր կլինի ավելի հստակ ներկայացնել այդ տների հնարավոր տարբերակները։ Կոմիտեի ներկայացուցիչը չի կարող ասել, թե նախագծային փուլն ինչքան կտեւի եւ երբ կավարտվի։ «Կարծում եմ, որ բավականին աշխատանք է սպասվում նախագծողներին, որպեսզի հստակ կարողանան կողմնորոշվել եւ սինթեզել հենց այն հայկականը եւ այն, ինչը հնարավոր կլինի տեղակայել այդ վայրում»,-ասում է նա ու նկատում, որ ազգագրական թաղամասերը բավականին տարածված են տարբեր երկրներում։
Այն հարցին, որ «Հին Երեւան» նախագիծն արդեն կար, որքանո՞վ էր նպատակահարմար նմանատիպ եւս մի թաղամաս կառուցել, Թարխանյանն ընդգծում է, որ «Հին Երեւանն» ու «Նոյն» իրարից էապես տարբերվելու են, քանի որ տարբեր ձեւաչափեր են ենթադրում։
«Հին Երեւանի» դեպքում խոսքը գնում է 18-րդ դարի 2-րդ կեսի շինությունների, իսկ «Նոյ» նախագծում՝ ժողովրդական տների մասին. «Այսինքն՝ դրանք այն տներն են, որոնցում որ բնակվել են մարդիկ, եւ այդպիսի մայրաքաղաքային ճարտարապետության մասին խոսք չի գնում, դա էապես այլ ծրագիր է, եւ այստեղ ներկայացված են լինելու ժողովրդական տները, որոնցով որ հարուստ էին Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարբեր շրջաններ»։
Ինչպես նշում է Թարխանյանը, այդ շինություններում հնարավոր կլինի ցուցադրել տարբեր արհեստանոցներ ու արվեստանոցներ, տեղակայել ցուցասրահներ ու ցուցահանդեսներ։ Նա նկատում է՝ նոր թաղամասում բարձրահարկեր նախատեսված չեն, խոսքը գնում է 2-3 հարկանի շինությունների մասին՝ ժողովրդական ոճով իրականացված քարե տնակների։ Թաղամասը լինելու է կենդանի օրգանիզմ, որտեղ մարդիկ եւ բնակվելու են, եւ աշխատելու։
Քանի որ ներդրողներ դեռ չկան, որքանո՞վ է իրատեսական համարում այս պահին նախագծի շուրջ քննարկումները․ այս դեպքում, սակայն, կոմիտեի ներկայացուցիչը վստահ է, որ ներդրողներ կգտնվեն, քանի որ նման աշխատանքները մեկ օրվա լուծում չեն պահանջում, եւ արդեն իսկ տարվում են բանակցություններ։