«Սա ճարտարապետական հանրության միասնական կարծիքն է». նախարարը՝ օրենքի նոր նախագծի մասին
28.02.2017; https://168.am/2017/02/28/760397.html
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները միջազգային պրակտիկայից են վերցրել.
«Պալատին տրվում է լիազորություն ճարտարապետներին արտոնագրելու, միայն արտոնագրած ճարտարապետն իրավունք ունի աշխատել՝ որպես ճատարապետ: Օրենքն իր մեջ նախատեսում է հատուկ գրանցամատյանների վարում, ստեղծում և այլն»:
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը բարձրացրեց մարզերում ճարտարապետներ չլինելու խնդիրը. «Ամեն մի Խաչիկ գյուղ կամ նման գյուղ չի կարող ճարտարապետ ունենալ, մինչդեռ ճարտարապետական դիմագիծ նա պետք է ունենա»:
Ն. Սարգսյանն ընդգծեց, որ առաջին անգամ է նման օրենք մեր իրականության մեջ, և սա ամբողջական պատասխանատվությունը դնում է ճարտարապետի վրա: Նա շեշտեց, որ այս օրենքը վերաբերում է նրան, ով ունի ճարտարապետի կոչում, իսկ դա այն մասնագետն է, ով պարտադիր արտոնագրված է նորաստեղծ պալատում.
«Մեր իրականությունում այսօր այդպես չէ, ճարտարապետները չունեն պատասխանատվություն: Այս օրենքով ամբողջ պատասխանատվությունն ընկնում է արտոնագրված ճարտարապետի վրա, որի գործունեության համար պատասխանատու է պալատը: Այս օրենքում նախատեսված է, որ երրորդ անձանց պատճառած վնասների համար պալատն ինքը հատուցման մեխանիզմներ ունի»:
Նախարարն ասաց, որ պալատը ճարտարապետի գործունեության համար կարող է կասեցնել նրա արտոնագիրը: Նրա ձևակերպմամբ՝ սրանք բավականն ուժեղ գործոններ են, որով կլինի երկկողմանի պատասխանատվություն.
«Ձեր ասածը, որ այսօր մարզերում կադրերով հագեցած չեն, այստեղ այդ խնդիրը լուծվում է: Հիմա նախագիծ անում է՝ ով ասես, լիցենզիա ունեն ու թերի կրթությամբ կարող են տարբեր նախագծեր անել, այդ թվում՝ նաև բարձրահարկ շենքեր: Երիտասարդը կարող է նախագծել մեծ օբյեկտներ, բայց չունենան այդ փորձառությունը: Այս օրենքի մեջ մենք եղել նք միաձայն, սա ճարտարապետական հանրության միասնական կարծիքն է: Այս օրենքն ընդունելով՝ հետխորհրդային պետություններում սա կարող է լինել առաջին դեպքը, եթե սա լինի, այն կարող է նախադեպ լինել նաև մյուս հանրապետությունների համար»: