Պալատի ստեղծումն ավելի պատասխանատու կդարձնի ճարտարապետներին. Մկրտիչ Մինասյան
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Ճարտարապետական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, որը նախագծի հիմնական զեկուցողն է, ներկայացրեց, թե այդ օրենքով առաջարկվում է ստեղծել Ճարտարապետների պալատ։
«Ճարտարապետների միությունը վերակազմակերպվում է որպես պալատի, ձեռք է բերում մի շարք ֆունկցիաներ, որոնք մինչ այդ չի ունեցել, բայց մասնագետները մշտապես առաջարկել են: Առաջարկները բխում են նաև համաշխարահային պրակտիկայից: Բոլոր զարգացած երկրներում ճարտարապետների գործունեությունը կարգավորվում է նմանատիպ օրենքով: Այն սկզբունքները, որոնք այստեղ դրված են, միջազգային պրակտիկայից են վերցված, այսինքն՝ կկարողանանք համահունչ քայլել, կարևոր է մասնագիտական գործունեությունը կազմակերպելու համար», - օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Նարեկ Սարգսյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, թե ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններ են, և լինելով հասարակական կազմակերպություն՝ ազդեցություն չեն կարողանում ունենալ այս կամ գործընթացների վրա։
«Մենք «Ճարտարապետների միջազգային միության» անդամ ենք, և բոլոր երկրների անդամները պետությունների կողմից տրված են որոշակի իրավունքներ և պարտականություններ։ Սա ինքնակազմակերպվող կառույց է, և պետք է անդամագրի բոլոր այն ճարտարապետներին, որոնք դաշտում աշխատում են, իսկ այստեղ՝ Հայաստանում, Ճարտարապետների միության անդամ լինում են կամավորության սկզբունքով և մեծ ազդեցություն չեն ունենում դրսում կատարվող երևույթների վրա», - ասաց միության նախագահը։
Իսկ ճարտարապետների պալատ ունենալու հիմնական սկզբունքն, ըստ Մկրտիչ Մինասյանի, այն է, որ կարողանան ցուցակագրել բոլոր ճարտարապետներին, ովքեր դաշտում աշխատում են և միության անդամ չեն, կազմակերպել նրանց ռեյտինգային ցանկերը, տալ արտոնագրեր, որպեսզի իրենք կարողանան ստեղծել իրենց կազմակերպությունները։
Միության նախագահը նշեց՝ ամեն մեկն, ով կստանա արտոնագիրը, ինքն էլ լիցենզիա կստանա և կաշխատի մեծ պատասխանատվությամբ, որովհետև արդեն պատասխանատու կլինի պալատին. «Այսինքն` մենք պետք է աշխատենք այնպես, ինչպես մեր միջազգային գործընկերները, որոնց մոտ այդ բոլոր խնդիրները դրված են, որպեսզի նրանք էթիկայի կանոնները չխախտեն, որպեսզի ունենան պաշտպանվածություն կառուցապատողների կողմից»։
Այսպիսով, ըստ միության նախագահի, պատասխանատվությունն ավելի շատ դրվում է ճարտարապետի վրա. «Որովհետև սկզբից մինչև վերջ ինքն է պատասխանատու տվյալ շենքի համար։ Այդ պատասխանատվությունից ելնելով՝ նա էլ կսթափեցնի սեփականատերերին, որպեսզի վերջիններս էլ իմանան, որ ճարտարապետի նկատմամբ որևէ թելադրող բան չեն կարող անել։
Մինչդեռ այժմ ճարտարապետը միայն կարող է խորհրդատվական ինչ-որ բաներ ասի, հասարակությանը տեղյակ պահի եղած վիճակի մասին և վերջ։ Իսկ այս դեպքում խնդիրներն ավելի խորքային են լինելու՝ ավելի պատասխանատվության զգացումով»։