Երևանում «Նոյ» էթնիկ թաղամաս կկառուցվի
14.02.2017; http://newsarmenia.am/am/news/armenia/-Yerevanum-Noy-etnik-/
Այն կտեղակայվի «Դալմայի այգիներին» հարող տարածքում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը։
«2017 թ.–ին նախատեսված 230 մլն դոլարի ներդրումային նախագծերից, որոնք կոմիտեն ներկայացրել է կառավարությանը, իրատեսական են ճանաչվել 105 մլն դոլարի քաղաքաշինական փաթեթներ, որոնց թվում է «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցումը», – նշեց Եսայանն ու ավելացրեց, որ շինարարական աշխատանքների ժամկետները դեռ որոշված չեն։
Մամուլի քարտուղարի խոսքով, թաղամասի ընդհանուր մակերեսը կկազմի 150 հազար քմ։ Այնտեղ կլինեն Հայաստանի տարբեր շրջաններին ու մարզերին բնորոշ էթնիկ ոճով կառուցված բնակելի տներ, գրասենյակային շինություններ։
«Մի քանի ընկերություններ արդեն հետաքրքրվել են այս նախագծով։ Այն բավականին գրավիչ է տուրիզմի զարգացման տեսակետից, քանի որ շինությունները նախատեսվում է կառուցել էթնո ոճով», – նշեց Եսայանը։
Նրա խոսքով, նախագծի վրա աշխատել է ճարտարապետ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մասնագետ Արտավազդ Թարխանյանը։ Աշխատանքներին նաև մասնակցել են երիտասարդ մասնագետներ և ուսանողներ։