ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.01.2017

Այս օրենքին ճարտարապետները երկար են սպասել

18.01.2017 թ.; http://www.armworld.am/detail.php?paperid=5478&pageid=165930&lang=

Նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության հաստատած «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը որոշ ճարտարապետների շրջանում դժգոհություն է առաջացրել, քանի որ, ըստ նրանց, նախագծում մի շարք դրույթներ կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել ոլորտում, ինչպես նաեւ գործող շատ մասնագետների զրկել գործունեություն ծավալելու հնարավորությունից` անձնական եւ այլ դրդապատճառներից ելնելով:

Բանն այն է, որ օրենքը նախատեսում է ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առեւտրային, ոչ կառավարական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով: Այսինքն` այդ կառույցը ճարտարապետության ոլորտի ներքին հարցերն իր շրջանակներում կարգավորելու եւ մասնագետների գործունեությունը օրենքի շրջանակներում վերահսկելու հնարավորություն կունենա:

Ճարտարապետների պալատին կտրվի նաեւ մասնագետներին լիցենզավորելու եւ հարկ եղած դեպքում դրանից զրկելու իրավասություն: Ահա հենց այս հանգամանքն էլ, ամենայն հավանականությամբ, ճարտարապետների շրջանում մտահոգություններ է առաջացրել:
  

Մինչդեռ, ինչպես նշում է ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ, օրենքը եւ դրանով նախատեսված ճարտարապետական նոր կառույցը, որը կհամախմբի Հայաստանի բոլոր մասնագետներին, կոչված են լուծելու ոլորտում մինչ օրս գոյություն ունեցող մի շարք խնդիրներ։
  

«Ճարտարապետական պալատը կլինի ճարտարապետների միության իրավահաջորդը` ավելի ընդլայնված իրավասություններով ու ազդեցության լծակներով: Մեր խնդիրն է իմանալ, թե դաշտում քանի ճարտարապետ է աշխատում, եւ բոլորին ներգրավել մեկ կառույցի մեջ: Այսօր ոչ բոլոր գործող ճարտարապետներն են ընդգրկված միությունում որպես դրա անդամ: Մեր ստեղծագործական միությունները հիմնականում կիսաակումբային կարգավիճակում են գործում, օգտվում այն հնարավորություններից, որոնք տրված են հասարակական կազմակերպություններին: Այսինքն՝ դրանք շատ սահմանափակ են:
  

Թե՛ դա, թե՛ միությունում գրանցված գործող ճարտարապետների ոչ ամբողջական լինելը մեզ զրկում է դաշտը կարգավորելու եւ արատավոր երեւույթների դեմ պայքարելու հնարավորությունից»,- նշում է Մ.Մինասյանը:
  

Ի դեպ, փոփոխությունները միտված են նաեւ հենց ճարտարապետների իրավունքները տարբեր հարաբերություններում պաշտպանելուն, հատկապես ճարտարապետ-պատվիրատու հարաբերություններում, քանի որ մեզանում ընդունված է, որ պատվիրատուն մասնագետ չլինելով հանդերձ` ճարտարապետին պարտադրի իր պահանջները, կամքը:

Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ մինչ օրս չկա այն կառույցը, որը կկանգնի ճարտարապետի թիկունքին ու կպաշտպանի նրա մասնագիտական իրավունքները: Ճարտարապետների պալատը հենց այդ կառույցի դերն է ստանձնելու` իր անդամներին հնարավորություններ ընձեռելով հանդերձ` նրանից պահանջել գործել օրենքի եւ պալատի կանոնակարգերի համաձայն:
  

Ճարտարապետների միության նախագահը արձագանքելով ընդդիմախոսների այն մտահոգություններին, թե պալատն ընտրողաբար արտոնագրեր կտրամադրի գործող ճարտարապետներին, ասում է, որ կառույցը կլիցենզավորի սկսնակ մասնագետներին: Իսկ ովքեր արդեն նախագծեր անելու թույլտվություն են ստացել, նրանք ինքնըստինքյան կհամարվեն լիցենզավորված մասնագետներ եւ արտոնագրեր կստանան` մասնագետ լինելու պայմանով:

«Ի վերջո, այդ մեխանիզմը կօգնի դաշտը զտել ոչ գրագետ ճարտարապետներից, ոչ մասնագետներից, ինքնակոչներից եւ մեզանում ճարտարապետական այլ` ավելի բարձր ու որակյալ մակարդակ ձեւավորել: Առաջին անգամ պետական գերատեսչությունը լիցենզիոն գործունեության տրամադրման իրավասությունը հանձնել է ոչ պետական կառույցին` այն նկատառումով, որ արտոնագիրը կտրամադրվի ոչ թե որեւէ պաշտոնյայի կողմից, որը գուցե այնքան էլ սրտացավ չէ ոլորտի նկատմամբ, այլ մասնագիտական կառույցի»:
  

Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ օրենքի նախագծից բողոքում են նրանք, ովքեր մասնագետ չլինելով` հնարավորություն են ունեցել տարիներով գումարներ վաստակել` ճարտարապետական գրասենյակներ հիմնելով եւ գործունեություն ծավալելով. «Մինչ օրս գործող կարգի համաձայն՝ ճարտարապետական գոծունեության արտոնագիր տրվում է ֆիզիկական անձանց` ընկերություններին, որոնց հիմնադիրները երբեմն ամենեւին կապ չունեն ճարտարապետության հետ` մասնագիտությամբ տնտեսագետ են, ուսուցիչ կամ անասնաբույժ:
  

Ճիշտ է, նրանք իրենց ընկերության աշխատանքներում ներգրավում են աշխատանքային մեծ փորձ ունեցող ճարտարապետների, բայց, ըստ էության, իրենք են ղեկավարը, որոշումներն իրենք են կայացնում եւ կառուցապատողների հետ գործարքի մեջ մտնում: Դրա հետեւանքով մենք բավական վատ պրակտիկա ունեցանք` վատ հետեւանքներով: Ճարտարապետը, գործելով ոչ իր անունից, որեւէ ընկերության կազմում, պատասխանատվությամբ չի վերաբերվում իր աշխատանքին` իմանալով, որ ցանկացած սխալի դեպքում իրենից ոչ ոք հաշվետվություն չի պահանջելու:
  

Ահա թե ինչու կառուցվեցին այն շենքերը, որոնք անընդունելի են մեր ճարտարապետության ու քաղաքաշինության համար: Նախագիծն օրենքի ուժ ստանալու դեպքում հենց ճարտարապետին է տրվելու գործունեություն ծավալելու մասին արտոնագիրը, այլ ոչ թե իրավաբանական անձին, եւ այդուհետ մասնագետն ինքը կկարողանա կարգավորել իր գործունեությունը, պատասխանատվություն կրել իր աշխատանքի համար, ավելի լուրջ վերաբերվել ցանկացած նախագծի»:
  

Այս դեպքում կլուծվի նաեւ ճարտարապետի հեղինակային իրավունքի հարցը: Այս կամ այն կազմակեպության համար նախագիծ անելով` այսօրվա դրությամբ հեղինակ ճարտարապետի անունը ստվերում է մնում: Իսկ երբ նա աշխատի իր արտոնագրով եւ պատասխանատվություն ստանձնի նախագծված կառույցի համար, ապա նրա անունը կսկսեն հնչեցնել:
  

Ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար, ճարտարապետ ԲՈՐԻՍ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որը մասնակցել է օրենքի նախագծի ստեղծման աշխատանքներին, կարեւորում է մասնագիտական գործունեության պատասխանատվության հարցը` ասելով, որ գործող օրենքով որեւէ հեղինակ պատասխանատվություն չի կրում իր նախագծած կառույցի համար:
  

Այստեղից էլ` բոլոր թողտվությունները քաղաքաշինության ոլորտում. «Խորհրդային Միությունում ճարտարապետի գործունեությունը կարգավորում էր պետությունը: Պետությունը հանդես էր գալիս որպես միասնական պատվիրատու, նախագծեր էր պատվիրում, շինարարություն իրականացնում, ուներ պետական նախագծային ինստիտուտներ, որտեղ աշխատում էին ճարտարապետները: Սովորաբար որեւէ պատվեր ղեկավարում էր նախագծի գլխավոր ճարտարապետը, հենց նա էլ պատասխանատվություն էր կրում այդ կառույցի համար:
  

Իսկ հիմա ճարտարապետը որեւէ պատասխանատվություն չի կրում իր աշխատանքի վերջնարդյունքի համար, հետեւաբար հետեւողական ու պահանջկոտ չէ իր աշխատանքի, ինքն իր նկատմամբ: Պատճառն այն է, որ նա չի համարվում այս կամ այն կառույցի հեղինակն ու շինաշխատանքների համակարգողը, այլ այն ընկերությունը, որտեղ նա աշխատում է: Իսկ ընկերությունը սովորաբար ղեկավարում են բոլորովին այլ մասնագիտություն ունեցող մարդիկ, որոնց ճարտարապետական գործունեություն իրականացնելու արտոնագիր է տրվել, եւ այդ պատճառով ընկերությունը եւս պատասխանատվություն չի կրում իր իրականացրած նախագծի համար:
  

Մինչդեռ ամբողջ աշխարհում ճարտարապետական գործունեությունը անձի վրա է հիմնված, այն ճարատարպետի, որն արտոնագիր ունի: Նա պետք է կազմակերպի թե՛ նախագծային, թե՛ շինարարական աշխատանքները` դրանցում ներգրավելով այլ մասնագետների: Եվ հենց նա էլ պետք է պատասխան տա կառուցված շենքի համար:
  

Ոչ այնքան վաղ անցյալում ճարտարապետության ոլորտում լավ ավանդույթ կար. կամուրջ կառուցողին վերջում իր ընտանքի հետ կանգնեցնում էին կամրջի տակ, եւ վրայով որեւէ ծանր մեքենա էր անցնում: Այսինքն՝ ճարտարապետը իր ու իր հարազատների կյանքով էր պատասխանատու իր նախագծի համար, այլ ոչ թե շինարարը: Եվ պատկերացնում եք, թե ինչպիսի պատախանատվությամբ էր նա վերաբերվում նախագծային եւ շինարարական ողջ գործընթացին:

Հիմա փորձ է արվելու վերականգնել մասնագիտական պատասխանատվությունը, ինչը հնարավորություն կտա ոլորտում բոլորովին այլ որակ ապահովել»:

Ի դեպ, պալատի ձեւաչափը նորություն չէ մեզ համար, մենք ունենք փաստաբանների պալատ, որն արդարացրել է իրեն: Ճարտարապետների պալատը գործելու է նույն սկզբունքով եւ, ըստ Բ.Քոչարյանի, միակ ճիշտ ճանապարհն է ոլորտը կանոնակարգելու եւ այնտեղ առաջացած մի շարք խնդիրներ ու մտահոգություններ լուծելու համար: