Ճարտարապետների պալատի ձևավորմամբ դաշտը կկանոնակարգվի
Դեռևս տարեվերջին կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որն արժանացավ կառավարության հավանությանը:
Օրենքի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով:
Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:
«Փաստինֆոն» զրուցել է մասնագիտական շրջանակների և հատկապես՝ նախագծող ճարտարապետների հետ՝ փորձելով պարզել, թե՝ տվյալ օրենքի նախագծի ընդունումը և ճարտարապետների պալատի ձևավորումը որքանով կնպաստեն ճարտարապետների մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, որքանով այն կդառնա կարգավորող մարմին ճարտարապետների համար, այլ խոսքով՝ օրենքը, ստեղծվելիք ճարտարապետների պալատը որքանով կկարողանան կանոնակարգել ոլորտը:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ի պատասխան մեր հարցի, ասաց՝ «Ծանոթ եմ օրենքի դրույթներին և շատ կարևորում եմ այն: Միանշանակ, այն համոզման եմ, որ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի ընդունմամբ և Ճարտարապետների պալատի ձևավորմամբ մեր մասնագիտական բնագծում շատ հարցեր կկանոնավորվեն: Կարծում եմ՝ արդյունավետությունը մեծ է լինելու, քանի որ օրենքի հեղինակները մարդիկ են, կազմակերպություններ, ովքեր ղեկավարում և կազմակերպում են մեր ոլորտը՝ իրականացնելով լավագույն նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս: Այս օրենքի ընդունումը կարևոր է նաև, քանի որ այդ կերպ արդեն կարելի է լուրջ ճարտարապետական հսկողություն իրականացնել, ձևավորելով գործունեության պատասխանատվություն, ինչն այսօր չկա»:
Նա անդրադարձավ նաև ըստ օրենքի նախագծի լիցենզիոն գործունեության տրամադրումը Ճարտարապետների պալատին վերապահելու հարցին, տեսակետ հայտնելով, որ այս առումով մասնագիտական կառույցի տրամադրած եզրակացությունը կարևոր դեր կարող է ունենալ՝ դրական ազդեցություն գործելով ոլորտի դերի բարձրացմանը:
Անահիտ Թարխանյանն իր անհամաձայնությունն է հայտնում գործընկերներից մեկի՝ մոսկվաբնակ ճարտարապետ Կարեն Բալյանի՝ ֆեյսբուքում հայտնած այն տեսակետին, թե ճարտարապետների պալատի ստեղծմամբ միությունը կվերածվի բիզնես կառույցի: «Բալյան Կարենին հարգում և բարձր եմ գնահատում իր կարծիքը, բայց կարծես թե՝ այս դեպքում նա լավ չի պատկերացնում, թե ինչ առավելություններ է բերելու ճարտարապետներին նոր օրենքը և պալատը»:
Ճարտարապետ Արտակ Ղուլյանն իր իսկ խոսքով՝ մամուլից է տեղեկացել, որ քաղաքաշինության պետական կոմիտեն մասնագիտական օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարություն և վերջինս ընդունել է: Նրա ներկայացմամբ՝ «Ավելի վաղ, երբ ճարտարապետների միությունում քննարկվել էր այն, ներկա եմ եղել: Բավական ծավալուն փաստաթուղթ է, խորը չեմ ուսումնասիրել, բայց նախաձեռնությունն արդեն իսկ կարևորում եմ: Այն, որ որորտում խնդիրներ կան, ակնհայտ է, տեսանելի է բոլորին: Տեսնում եք՝ ճարտարապետական բնույթի խնդիրները հաճախ ֆեյսբուքում են քննարկվում, խնդիրներին տիրապետող կամ անտեղյակ մեկը մի բան է ասում լրատվամիջոցները զանգում, կարծիք են հարցնում: Այդ առումով ըստ իս, ճարտարապետների պալատի ստեղծման ցանկությունը լավն է, քանի որ մասնագիտական հարթության մեջ շար հարցերի պատասխանները կտրվեն: Նաև կարևոր է, որ օրենքի հեղինակները առաջարկողները գիտակ մարդիկ են: Իհարկե, որքան գիտեմ, իրավական ուժ չի ունենալու բոլոր դեպքերում:
Ասենք, եթե մի վատ նախագիծ է արվել, պալատում քննարկվում է, մերժվում, բայց պատվիրատուն կարող է կառուցել: Այսինքն, շատ մեծ ակնկալիք չպետք է ունենալ, սակայն, ցանկացած նման խորհրդատվական մարմին դրական դեր ունի, օգնող, կողմնորոշիչ, բայց ոչ՝ պարտադիր: Զուտ երևույթը դրական եմ համարում, հեղինակները՝ Մկրտիչ Մինասյան, Նարեկ Սարգսյան, Սաշուր Քալաշյան, Բորիս Քոչարյան, բոլորն էլ օրենսդրական ասպարեզում փորձ ունեն, ես օրինակ հեռու եմ»:
Արտակ Ղուլյանն անդրադարձավ նաև ճարտարապետների միության ներկա կարգավիճակին, նշելով, որ այն որպես մասնագիտական միավորում, մեծ հաշվով, այսօր չի գործում՝ «մոռացել եմ վերջին անգամ երբ է որևէ ցուցահանդես, քննարկում եղել այնտեղ: Լծակ էլ չունեն, ըստ էության»:
Նրա գնահատմամբ՝ օրենքի ընդունմամբ և պալատի ստեղծմամբ կոնկրետ իրեն մտահոգող հարցերը լուծվում են: «Հիմնականում ինձ մտահոգող հարցերից է իմ՝ ճարտարապետիս իրավունքի հարցը, որ սկսած՝ նախագծման ընթացքից այն պաշտպանված լինի, որ ճնշում չլինի ճարտարապետի վրա նախագծի իրականացման ժամանակ: Շատ հարցերում ճարտարապետներին են մեղադրում, քննադատում, բայց իրականում նրա մեղքը չի, իսկ օրենքում արդեն հստակ կա՝ հեղինակային իրավունքի հարցը: Ճարտարապետներն այսօր ցավոք, որպես արվեստագետ ընդունված չեն: Շոու բիզնեսի ներկայացուցիչներին մարդիկ արվեստագետ են համարում, իսկ մեզ՝ ոչ արվեստագետ, ոչ՝ գիտնական:
Այս օրենքով, կարծում եմ նաև ճարտարապետը պիտի որպես արվեստագետ գնահատվի և նրա ստեղծագործությունը պիտի ունենա նույն հեղինակային իրավունքը, ինչ որ ունի Մարտիրոս Սարյանը կամ Մինաս Ավետիսյանը»:
Ամփոփելով, Արտակ Ղուլյանը երևույթը դրական և կարևոր է համարում, ընդ որում, դիտարկելով՝ «ընդդիմադիր հոսանք կա դաշտում ճարտարապետները շատ հարցերում ընդդիմադիր են, բայց տվյալ դեպքում, բոլորը համակարծիք են, որ ժամանակն է ճարտարապետական հարցերը կարգավորել օրենքով»:
Մեզ հետ զրույցում նույն մտքին էին նաև ճարտարապետներ Գարեգին Եղոյանը և Սարգիս Սարդարյանը: Երկուսն էլ օրենքի անհրաժեշտությունը տեսնում էին և այն համոզման էին, որ կատարվածը դրական քայլ է և վերջնական հաստատումից ու կիրարկումից հետո շատ բան կփոխվի: Գարեգին Եղոյանի գնահատմամբ՝ «Նման պալատ արդեն մեր իրականության մեջ կա՝ Փաստաբանների պալատը, ինչը բնավ վատ բան չի, նույն տրամաբանությամբ՝ Ճարտարապետների պալատի ստեղծումը ևս դաշտի կանոնակարգմանը միտված քայլ է»: