Ո՞ՒՄ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
12.12.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5458&pageid=165473&lang
Տեւական ժամանակ է` դեռ քաղաքաշինության նախարարության ներկայացրած «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, մինչդեռ մինչ օրս դրան որեւէ անդրադարձ չի կատարվել` քննարկումների տեսքով։ Եթե իհարկե հաշվի չառնենք, որ օրինագիծը խորհրդարանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել եւ մեծ օրակարգում ընդգրկվել դեռ մարտի 11-ի նիստում:
Նկատենք, որ բազմաթիվ լրամշակումներից հետո կառավարությունն իր հավանությունը տվել է դեռ 2012թ. ստեղծված օրինագծին` հավաստելով դրա արդիականությունն ու հրատապությունը: Բայց երեւում է Ազգային ժողովն այնքան էլ մեծ շտապողականություն չի ցուցաբերում` հավանաբար դեռեւս ծանրութեթեւ անելով այն մարդկանց շահերը, ովքեր ամենայն հավանականությամբ կտուժեն օրենքի ընդունվելուց հետո:
Եվ մինչ կենտրոնի կառուցապատումը կանոնակարգող նախագիծը սպասում է օրինական ուժ ստանալու իր հերթին, մայրաքաղաքում անարգել քանդվում են պատմամշակութային արժեք ունեցող կամ դրան հավակնող հուշարձանները, իրացվում են մեզ համար պատմական եւ մշակութային առումով կարեւոր նշանակություն ունեցող շինությունները` ապագայում հողին հավասարեցվելու նպատակով, իսկ անավարտ կիսակառույցները կամ շինարարական չափորոշիչների խախտմամբ կառուցված շենքերը շարունակում են աղավաղել Երեւանի տեսքն ու միջավայրը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հավաստմամբ` օրինագիծն ուղղված է փոքր կենտրոնի գերկառուցապատման կանխարգելմանը, ինչպես նաեւ Երեւանի կենտրոնի պատմագեղագիտական նկարագրի պահպանմանը: Փաստաթղթով սահմանազատված է փոքր կենտրոնի տարածքը՝ Կասկադից, Սարալանջի փողոցից Չարենցի փողոցով մինչեւ «Ռոսիա» կինոթատրոնին ու Մարզահամերգային համալիրին հարող հատվածը:
Հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը բխում էր նրանից, որ մայրաքաղաքի կենտրոնում չեն կարող կիրառվել կառուցապատման այն չափորոշիչները, որոնք կիրառվում են արվարձաններում եւ երկրի մյուս տարածքներում: Դա թույլ կտա ընդլայնել մայրաքաղաքի կենտրոնի կանաչապատ տարածքները, կանոնակարգել կառուցապատումը պատմամշակութային հուշարձանների հարեւանությամբ:
Ըստ օրինագծի` փոքր կենտրոնը համարվելու է ազգային կարեւորության գոտի եւ հատուկ վերահսկողական մեխանիզմներով պահպանվելու է դրա ամբողջականությունն ու պատմական, մշակութային, բնապահպանական արժեքը: Այս օրենքի շրջանակում ներառվել է նաեւ կենտրոնի կիսակառույցների եւ ձեղնահարկերի կառուցման կարգավորման հարցը:
Մասնավորապես կիսակառույց շինությունների կառուցապատողների համար օրենքով խիստ պատժամիջոցներ են սահմանվել այն դեպքերում, եթե սեփականատերը չի կատարում պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, այսինքն՝ կա՛մ չի սկսում նախատեսած կառույցի շինարարությունը, կամ էլ այն անավարտ է թողել:
«Մայրաքաղաքի կենտրոնում մենք ունենք անավարտ մի շարք կառույցներ, դեպքեր կան նաեւ, երբ տարածքն իրացվել է, սակայն տարիներ շարունակ դրանում ներդրումներ չեն կատարվել, եւ տարածքը մնացել է շինհրապարակի կարգավիճակում: «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքը գործելու դեպքում նման երեւույթները կբացառվեն»,- ասում է Ռուզան Ալավերդյանը:
Երեւանի կենտրոնում իսկապես քիչ չեն կառույցները, որոնց շինարարությունը անավարտ է մնացել տարբեր պատճառներով, եւ հայտնի չէ, թե իրացված տարածքների սեփականատերերը երբ կվերսկսեն շինարարությունը եւ կամբողջացնեն տարածքը: Դրանից մեկն էլ երբեմնի «Սեւան» հյուրանոցն է, որի շինարարությունը ձգձգվում է այս էլ որերորդ տարին: Իսկ քանդված Երիտասարդական պալատի տեղում՝ բարձունքի վրա, տարածքի սեփականատիրոջ խոստման համաձայն, վաղուց պետք է նորաշեն ու ժամանակակից կառույց վեր խոյանար` նախորդից ավելի հոյակերտ ու շքեղ, մինչդեռ այօր այնտեղ ընդամենը հանք է գործում:
Նման շինությունները կարելի է անվերջ թվարկել` Ամիրյան փողոցի հարեւանությամբ` Ավ. Իսահակյանի անվան նախկին գրադարանի շենքի անավարտ շինարարությունը, Հյուսիսային պողոտայի շարունակությունը կազմող եւ դեպի Աբովյան փողոց ձգվող բնակելի շինությունները, Կոնդ թաղամասի հարեւանությամբ վեր խոյոցած անավարտ բնակելի շենքը։
Այսպիսի շինությունները խոցի են վերածվել, որոնք տեւական ժամանակով ոչ միայն աղավաղում են Երեւանի կենտրոնի ընդհանրական ու գեղագիտական տեսքը, այլեւ անընդմեջ շարունակվող շինարարական գործընթացներով աղտոտում են մթնոլորտը` բնապահպանական խնդիրներ առաջացնելով, ինչպես նաեւ վնասում զբոսաշրջությանը` անհրապուրիչ տեսք տալով Երեւանին:
Ինչ վերաբերում է մասնավորապես Կոնդ թաղամասում վեր խոյացող կիսակառույց բնակելի շենքին, ապա սեփականատիրոջ կողմից իր պարտավորությունները ժամանակին եւ ամբողջական չկատարելու պատճառով Կոնդի բամաթիվ բնակիչներ, որոնց տները հանրային գերակա շահի զոհ էին դարձել, երկար տարիներ հայտնվել են անօթեւանի կարգավիճակում: Ասել է թե՝ կառուցապատողների անպատասխանատվության հետեւանքով ոչ միայն քաղաքաշինական եւ բնապահպանական, այլեւ սոցիալական լուրջ խնդիրներ են առաջարկում, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ոնեն:
Իսկ այդ խնդիրը հնարավոր է լուծել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը շատ արագ ընդունելու եւ գործի դնելու միջոցով: Համենայն դեպս դրանում համոզված են ճարտարապետներն ու ոլորտի մասնագետները:
Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆի համոզմամբ՝ եթե ժամանակին այս օրինագիծն ընդունվեր, կենտրոնն այսչափ չէր աղավաղվի, հնարավոր կլիներ փրկել շատ կարեւոր շինություններ, որոնք այլեւս չկան:
Այդուհանդերձ նա կարծում է, որ այժմ էլ ուշ չէ նախագծին օրենքի ուժ տալու համար, քանի որ այդ կերպ գոնե մնացած պատմամշակութային պաշարները հուսալիորեն կպաշտպանվեն. «Թվում է օրենքը շատ է ուշացել եւ մայրաքաղաքում այլեւս փրկելու հուշարձան չկա, կամ միջավայրն անպես է աղավաղվել, որ շտկումներ հնարավոր չէ անել: Բայց այդպես չէ, պաշարներ դեռ շատ են մնացել, իսկ դիմագիծն էլ դեռ հնարավոր է փրկել: Այնպես որ օրենքի ընդունումը հիմա էլ հրատապ է եւ անհրաժեշտ: Մենք այժմ պետք է փորձենք պահպանել եղածը, ինչը դեռ անձեռնմխելի է մնացել:
Օրենքը խիստ կանոններ կսահմանի մասնավորապես Երեւանի կենտրոնի քաղաքաշինության եւ շինարարության համար: Թեեւ գոյություն ունի Երեւանի գխավոր հատակագիծը, որով հստակեցված են, թե ինչպիսի շինարարություն կարող է իրականացվել մայրաքաղաքի կենտրոնական մասում, ինչ առաջնահերթություններ կան, եւ ինչ չի կարելի թույլատրել կառուցել: Բայց, ցավոք, քաղաքաշինական հարցերում ոչ ոք այդ հատակագծով չի առաջնորդվում, եւ կենտրոնը վերածվել է մի դաշտի, որտեղ կարելի է ամեն ինչ փորձարկել:
Իսկ «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքը կստիպի, որ ներդրողներն ու իրավասու կառույցները հաշվի նստեն թե՛ հատակագծի, թե՛ գործող չափորոշիչների հետ»:
Մկրտիչ Մինասյանը ներդրողներին չի մեղադրում քաղաքաշինական չարաշահումների համար` ասելով, որ նրանք տեղյակ չեն, որ իրենց քանդած շինությունները պատմական ու մշակութային, ճարտարապետական արժեք են ներկայացնում: Անգամ եթե տեղեկացված լինեն, դա նրանց չի հետաքրքրում, քանի որ այդ մարդիկ բիզնեսմեններ են եւ ոչ թե գեղագետներ: Նրանք որեւէ պատասխանատվություն չեն ստանձնել քաղաքի նկատմամբ, նրանց հետաքրքրում է միայն սեփական շինարարությունը, բիզնես նախագիծը: Այդ պետական իրավասու կառույցները պետք է հոգ տանեն, որ շինարարական ներդրումները զոհողությունների գնով չարվեն, նրանք պետք է ներդրողի, կառուցապատողի առջեւ հստակ պայման դնեն, որ շինարարության ժամանակ մեզ համար կարեւոր որեւէ կառույց չտուժի, որ միջավայրը չաղավաղվի, իսկ կառուցապատումն իրականացվի քաղաքի շահերը հաշվի առնելով:
Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ համոզված է` օրենքի ընդունումը ձգձգելու պատճառներից մեկն այն է, որ դա չի բխում պետական որոշ մարմինների շահերից, ովքեր համաձայն են ցանկացած զիջման գնալ, միայն թե ներդրողներից ու կառուցապատողներից անհրաժեշտ գումարներ հայթայթեն. «Այդ օրենքի անհրաժեշտությունը կար առնվազն անցած 10 տարիների ընթացքում, երբ դրա բացակայության պայմաններում Երեւանի կենտրոնն աղավաղվեց եւ ստացավ այսօրվա տեսքը:
Սակայն հաշվի առնելով ներդրողների շահերը՝ իրավասու պետական կառույցները խոչընդոտում են օրենքի ընդունմանը՝` վախենալով, որ օրենքը կխրտնեցնի կառուցապատողներին, եւ իրենք կզրկվեն ներդրումներից ստացվող գումարներից: Այնպես որ օրենքի ընդունումը կձգձգվի այնքան ժամանակ, քանի դեռ գերակա պետական շահ կոչվածը օրակարգային կմնա: Իսկ այդ ընթացքում հողին կհավասարեցվեն արդեն իսկ իրացված տարածքներում կառուցված պատմաճարտարապետական հուշարձանները, կիրացվեն նոր տարածքներ, եւ Երեւանը վերջնականապես կկորցնի իր պատմությունը:
Գաղտնիք չէ, որ արդեն իսկ քանդման իրենց հերթին են սպասում Պուշկին-Աբովյան փողոցների հարակից տարածքում կառուցված պատմական շինությունները` «Դոլմամայի» շենքը, դրա դիմաց գտնվող հին մառանը.... Ճիշտ է, կառուցապատողը խոստացել է, որ դրանք չի քանդելու` բողոքի ակցիաներից հետո, սակայն բոլորս էլ համոզվել ենք, որ ազնիվ խոսքն այս դեպքում չի գործում»: