ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.12.2016

ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

07.12.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5455&pageid=165382&lang=

Կործանարար երկրաշարժի օրվանից անցել է 28 տարի, բայց աղետի գոտում անօթեւան մնացածների բնակապահովման խնդիրը դեռեւս շարունակում է արդիական մնալ: Այն վերջնականապես լուծված կհամարվի, երբ երկրաշարժից անտուն մնացած վերջին բնակչին պետությունը կփոխհատուցի կորուստը եւ կապահովի սեփական բնակարանով կամ առանձնատնով:


Քաղաքաշինության պետական կոմիտեի բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հավաստմամբ՝ աղետի գոտում երկրաշարժից անօթեւան մնացածների հանդեպ պետությունը մեծ մասամբ կատարել է իր պարտավորությունը, մնացել է ընդամենը 550 հաշվառված ընտանիք, որոնց բնակարանային խնդիրները հնարավոր կլինի հոգալ մինչեւ 2018 թվականը։ «Աղետի գոտու բնակավայրերում անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրներին ուղղված պետական աջակցության ծրագիրը քաղաքաշինութան նախարարությանը կամ դրա իրավահաջորդի՝ քաղաքաշինության պետական կոմիտեին է հանձնարարվել 2008 թվականից: 2008թ. հունիսի 12-ի որոշմամբ՝ պետական պարտավորությունների հատուկ հայեցակարգ ձեւավորվեց Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում բնակարան կորցրած այն ընտանիքների համար, որոնք նախորդ տարիներին պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերից չէին օգտվել:


Բայց մինչ այդ ծավալուն աշխատանքներ էին իրականացվել այդ ուղղությամբ, եւ հաջողվել էր բարելավել ավելի քան 60 հազար ընտանիքի բնակարանային պայմանները: Չնայած դրան, անօթեւանության խնդիրը դեռեւս մտահոգիչ էր, քանի որ մարդիկ, ովքեր կորցրել էին իրենց տունը եւ մնացել առանց բնակության նորմալ պայմանների, բավական շատ էին: Երբ նախարարությունը հաշվառեց այդ մարդկանց, նրանց թիվը 5 հազար 381 էր՝ աղետի գոտի համարվող 110 քաղաքային, գյուղական բնակավայրերից:


Այսօր այդ շահառուներից միայն 550-ին է մնացել բավարարել բնակարանային պայմաններով: Մնացածին կա՛մ բնակարան է տրվել, կա՛մ բնակարանների գնման վկայագրեր, եւ կամ պարզապես ֆինանսական աջակցություն է հատկացվել՝ բնակարան ձեռք բերելու նպատակով»,- ասաց երեկ Տ. Արզումանյանը։


Ինչպես հայտնի է, նախնական շրջանում աղետի գոտում մարդկանց օթեւանով ապահովելու նպատակով քաղաքային ավաններում մեկնարկեց բազմաբնակարան շենքերի, իսկ գյուղական համայնքներում՝ բնակելի տների կառուցման ծրագիրը, ինչի շնորհիվ 2014թ. դրությամբ 4175 ընտանիք իր բնակարանամուտը տոնեց այդ շինություններում: Մասնավորապես Գյումրիում 2008-2014թթ. ընթացքում 2712 բնակարան է հատկացվել անօթեւաններին, Սպիտակում մի շարք անհատական տներ են կառուցվել, ինչպես նաեւ ամբողջական բնակելի թաղամաս, իսկ գյուղական բնակավայրերում՝ 700-ից ավելի սեփական տներ:


Բայց 2014թ. հետո կառավարությունը նպատակահարմար համարեց նորակառույց բնակարանների փոխարեն շահառուներին բնակարանների ձեռքբերման վկայագրեր տրամադրել կամ ֆինանսական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան իրենց պահանջներին համապատասխան եւ իրենց նախընտրած թաղամասերում բնակարան գնել: Առավել եւս, որ վերջին տարիներին մասնավորապես Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքները կորցրել էին վստահությունը բնակարանաշինության ծրագրերի հանդեպ: Պատճառն այն էր, որ կառուցապատողների մեղքով հաճախ բազմաբնակարան շենքերի կառուցումը ձգձգվում էր, մարդիկ սպասելուց հուսահատվում էին, իսկ որոշ կառուցված շենքերում էլ բնակարաններն ըստ պատշաճի չէին հանձնվում շահագործման:


Կառավարությունը մարդկանց տանիքով ապահովելու ավելի վստահելի միջոց համարեց բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը, մանավանդ որ Գյումրու քաղաքապետարանի անցկացրած հարցումներով պարզվել էր, որ շահառուների մեծ մասը նախապատվությունը տալիս է ԲԳՎ-ների ծրագրին:
Կառավարությունն ընդառաջելով այդ քաղաքացիներին՝ 2014թ. հոկտեմբերի 2-ի որոշմամբ նախատեսեց Գյումրիի դեռ անօթեւան մնացած ընտանիքների խնդիրը բնակարանի գնման վկայագրի տրամադրմամբ լուծել:

Բնակարանների ձեռքբերման վկայագրերի ծրագրի առաջին փուլը Գյումրիում ավարտվել է 2015թ. կեսերին: Դեռ 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել էր մոտ 1,5 մլրդ դրամ Գյումրիում ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը սկսելու համար: Այդ գումարի մի մասով 223 ընտանիքի տրամադրվել են վկայագրեր։ Երկրորդ փուլով ԲԳՎ-ներ տրամադրվել է եւս 250 ընտանիքի:


Անդրադառնալով հարցին, թե բնակարանի ձեռքբերման վկայագիր ստացած շահառուները դժգոհում են նախատեսված գումարի չափից՝ պնդելով, թե այն չի բավականացնում նորմալ բնակարան գնելու համար, Տանյա Արզումանյանն ասաց, որ ծրագրի իրականացման արդյունքներն այլ բանի մասին են վկայում, եւ որ ԲԳՎ ստացած բոլոր շահառուներին հաջողվել է բնակարան գնել եւ բնակվել դրանցում։


Ըստ նրա. «Բնակարանի համար ֆինանսական աջակցության քանակը որոշվում է ծրագրի իրականացման պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Գյումրիում բնակարանի 1 քմ մակերեսի համար հաշվարկած գնի շուկայական միջինացված չափով: Հաշվի է առնվում նաեւ ընտանիքին հասանելիք բնակարանի մեծությունը: Այսինքն՝ շահառուներին տրամադրվում է այնքան գումար, որպեսզի նրանք այդ պահին կարողանան երկրաշարժից կորցրած իրենց բնակարանին համարժեք այլ բնակարան գնել՝ ոչ ավելին:
Մինչդեռ պարզ է, որ այսքան տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, ամուսնություններ են եղել, երեխաներ են ծնվել, եւ շահառուներն ավելի մեծ մակերեսով բնակարան կուզենային ձեռք բերել: Բայց պետությունն ի վիճակի է հատուցելու միայն կորցրած մակերեսի համար: Հավանաբար շահառուները բողոքում են ոչ թե բնակարան ձեռք բերելու անհնարինությունից, այլ նրանից, որ ավելի մեծ կամ մեկից ավելի բնակարաններ չեն կարողանում գնել: Խնդիրը սա է»:


Տ.Արզումանյանի տեղեկացմամբ՝ 2017թ. նախատեսվում է Գյումրիում վերջնականապես ավարտել երկրաշարժից անօթեւան մնացածներին բնակարանով ապահովելու ծրագիրը, ինչը հնարավորություն կտա շրջել այդ քաղաքի համար ցավալի պատմություն դարձած էջը: Արդեն իսկ Գյումրու շահառու ճանաչվածների նկատմամբ ձեւավորված պարտավորությունները վերջնականապես կատարելու համար եկող տարվա պետական բյուջեից 560 մլն դրամ է հատկացվել ԲԳՎ-ների եւ ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրերին:


Ինչ վերաբերում է աղետի գոտու մնացած բնակավայրերին՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի քաղաքատիպ ավաններին, նախկին շրջկենտրոններին, գյուղական բնակավայրերին, ապա կառավարությունը նախատեսում է բնակապահովման ծրագրերն այդ համայնքներում ավարտել միայն 2018թ., թեեւ դրանցում առանց բնակարանային պայմանների մնացածների թիվն անքան էլ մեծ չէ՝ ընդամենը 550 շահառու:


Հարցին, թե վերջին շահառուներին բնակարանով կամ բնակելի տներով ապահովելուց հետո հնարավոր կլինի՞ աղետի գոտու տարածքից վերացնել նաեւ տնակային ավանները, Տանյա Արզումանյանն ասաց, որ մոտ ապագայում դա անհնար է:


Բանն այն է, որ այսօր տնակային ավաններում ավելի շատ բնակվում են ոչ թե երկրաշարժից անօթեւան մնացածները, այլ տարբեր պատճառներով առանց մշտական բնակության վայրի մնացած ընտանիքներ: Նրանց մի մասը ներքին միգրացիայի հետեւանքով հայտնվել է մի բնակավայրում, որտեղ նախապատվելի է համարել տնակում բնակվել, ոմանք էլ տարբեր պատճառներով կորցրել են իրենց տունը, տեղը եւ պարզապես դրսում չհայտնվելու համար մատչելի գներով տնակներ են ձեռք բերել ու հաստատվել դրանցում: Նրանց մեջ կան նաեւ երկրաշարժից տուժած ընտանիքների անդամներ, ովքեր չեն կարողացել տեղավորվել պետության կողմից հատկացված փոքր մակերես ունեցող բնակարաններում եւ ստիպված շարունակում են ապրել տնակներում:


Այս խմբերը բնականաբար չեն ընդգրկվել պետության կողմից իրականացվող ծրագրերում: Նրանց համար հավանաբար կառավարությունը հետագայում այլ տեսակի ծրագրեր կիրականացնի՝ համայնքների եւ բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որպեսզի աստիճանաբար հնարավոր լինի մարդկանց համար ապահով եւ հուսալի կացարաններ ստեղծելով՝ վերացնել քաղաքների ու համայնքների բնականոն զարգացմանը խոչընդոտող տնակային ավանները: