Ճարտարապետներն այլեւս կուլ չեն գնա կառուցապատողի շահերին
03.12.2016; http://hraparak.am/?p=131140&l=am/chartarapetnern+ayle%D6%82s+kul+chen+gna+karucapatoxi+shaherin
Նախօրեին կայացած կառավարության նիստում Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից ներկայացվել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է կառավարության կողմից: Դեռեւս 2008-ին, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ, քաղաքաշինության նախարարության եւ Հայաստանի ճարտարապետների միության համատեղ հանձնաժողովի կողմից մշակվեց օրենքի նախագիծ, որը հետագայում՝ 2012-13 թթ.-ին, շրջանառությունից հանվեց: Օրենքի նախագիծը կրկին կառավարության օրակարգ մտավ 2014-ին՝ նոր կառավարության ձեւավորումից հետո, եւ 2015-ից ներառվեց քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների ցանկում: Իսկ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ՝ ոչ առեւտրային, ոչ կառավարչական մի հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով:
Օրենքի մշակմանը մասնակցել է նաեւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Թե օրենքն ինչքանով կկարգավորի դաշտը եւ կկանխի ապօրինությունները քաղաքաշինության ոլորտում, ապա Մինասյանը նկատում է, որ միությունը մինչ այս կարծես ակումբի կարգավիճակում լիներ, իսկ հիմա այն կկարգավորի բոլոր ճարտարապետների գործունեությունը. «Նախ ռեեստր ենք ունենալու՝ բոլոր ճարտարապետների ցանկը, որովհետեւ ճարտարապետներ կան, որոնք աշխատում են, բայց միության անդամ չեն, դրանից բացի, կունենանք մեր էթիկայի կանոնները։ Մենք նաեւ ճարտարապետներին կտանք արտոնագիր, որի հիման վրա իրենք աշխատելու իրավունք ձեռք կբերեն։ Նախկինում եթե լիցենզիա կարող էր ստանալ ճարտարապետական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդ, հիմա կարծում ենք, որ այդ գործունեությունը պետք է իրականացվի միայն ճարտարապետների միջոցով, որովհետեւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ճարտարապետների վրա, եւ նրանք են այդ ամբողջ գործունեությունը համակարգողը»։
Մկրտիչ Մինասյանն ասում է, որ կանոնադրության մեջ շատ բաներ պետք է ամրագրվեն, բայց կարեւորն այն է, որ եթե ամեն ինչ լավ գնա, ամբողջ գործունեությունը կկարգավորվի. «Եվ խոշոր շեղումներ ճարտարապետի կողմից, եթե նույնիսկ հատկացված է ինչ-որ հողամաս, բայց այն դուրս է գտնվում ճարտարապետական այս կամ այն նորմայից, ինքը՝ ճարտարապետը, արդեն կհրաժարվի կամ չի գնա այդ քայլին, որն առիթ կտա խեղաթյուրելու քաղաքի այս կամ այն մասը, կամ էլ թե վատ նախագիծ ներկայացնելու»։ Այսինքն՝ լիցենզիան տալուց բացի, ինչ-որ կերպով վերահսկելու են ճարտարապետի հետագա քայլերը. «Դա նրանց համար շատ կարեւոր է, որովհետեւ հետո իրենց շահերը պաշտպանելու համար, դիցուք, կառուցապատողի կամ վարչական մարմինների հետ ունեցած վեճերի ժամանակ, մենք պաշտպանելու ենք իրենց շահերը։ Դրա համար ճարտարապետներից յուրաքանչյուրը շահագրգռված կլինի, որ իրենց ամեն նախագիծն անցնի նախնական մի փուլ Ճարտարապետների պալատում։ Հետագա մեր անելիքների համար սա շատ կարեւոր քայլ է, նորաստեղծ Ճարտարապետների պալատը կկարգավորի ամբողջ այս գործընթացը»։
Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրում եւ գրանցում, էթիկայի կանոնների հաստատում եւ դրանց կատարման վերահսկում, ուսուցման ծրագրերի մշակում եւ դասընթացների կազմակերպում ու անցկացում։ Այս բոլորը, ըստ Մինասյանի, կնպաստի նրան, որ ճարտարապետները կուլ չգնան կառուցապատողի շահերին եւ կարողանան նրանց ասել՝ դուք սխալ եք, եւ նախագիծը չի անցնում. «Եթե մենք անկազմակերպ աշխատենք եւ ոչ թափանցիկ, միշտ կունենանք սխալներ։ Օրենքը թույլ կտա, որ ոչ մի կառուցապատող չթելադրի իր ցանկությունները։ Ուզում ենք կարգավորենք դաշտը, տեսնենք՝ կստացվի՞, թե՞ ոչ»։
Ճարտարապետների պալատն ունենալու է խորհուրդ եւ հանձնաժողովներ, բայց դրանք կձեւավորվեն, եթե օրենքն ԱԺ-ում էլ հաստատվի։ Դրանից հետո կարվի համագումար, որի ընթացքում կընտրվեն խորհրդի եւ հանձնաժողովների անդամները, նախագահը, ինչպես նաեւ կկազմվի կանոնադրություն։ Թե ինչ չափի տույժեր են լինելու այս կամ այն քաղաքաշինական էթիկայի խախտման դեպքում, ապա դրանք արդեն կանոնադրական խնդիրներ են, որոնք կքննարկվեն ավելի ուշ։