Ինչու՞ է անգործության մատնված Շառլ Ազնավուրի թանգարանը
26.10.2016 2.; www.photonews.am
Երևանցիներից թերևս քչերը գիտեն, որ Կասկադի բարձունքում՝ ձախ կողմի վրա հպարտորեն վեր խոյացող սյունավոր շինությունն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի թանգարանն է: Շինությունը մինչ օրս չի գործում ըստ նշանակության: Երեկոյան ժամերին թեկուզ և ցածրահարկ, սակայն գողտրիկ այդ կառույցը աչք է շոյում իր ճարտարապետական լուծումներով ու հաջողությամբ ընտրված տեղադիրքով:
Թանգարանի նախագծի հեղինակը ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, ով փորձել է խորհրդանշական լուծումներով թանգարանին այնպիսի արժեք տալ, որն ունեցել է Ակրոպոլը Աթենքի համար՝ այն նմանեցնելով նաև Գառնու հեթանոսական տաճարին և այդ կերպ ձգտելով Երևանի ճարտարապետական գունապնակում նոր երանգ ավելացնել: Իսկապես, լուծումներով ու գաղափարական մոտեցումներով շենքին եթերայնություն հաղորդող ֆելզիտի օգտագործմամբ ճարտարապետը կարողացել է նոր խոսք ասել իր ոլորտում:
Կառույցի ճարտարապետական մտահղացմամբ` այն իբրև տարածական դարպաս է` դեպի Արարատյան երկիր տանող մուտքով: Այդ մուտքը միաժամանակ նման է նկարի շրջանակի, որի միջից դարպասներով ներս մտնող այցելուի առաջ փռվում է երևանյան գեղեցիկ համայնապատկերը` Արարատ լեռան խորապատկերում: Այնպիսի տպավորություն է, ասես թանգարանի շենքի առջև երևանյան պատկերով կտավ է կախ տված, որը երևում է շենքի բոլոր հինգ հարկերի հարթակներից: Շինությունը կառուցելու տեղանքն այնպես է ընտրվել, որ դրա պատշգամբից երևա Ազնավուրի հրապարակը, ավելի հեռուն` Արարատ լեռը, իսկ շենքը տեսանելի լինի քաղաքի բոլոր կողմերից:
Երբ Ազնավուրին ցույց են տվել ապագա թանգարանի կառուցման վայրը, նա ` հուզվել է եւ համաձայնել: Հուզվել է, որովհետև հեռվում նկատել է Արարատը՝ հայոց խորհրդանիշը, ինչպես նաև զգացվել է, որ Երևանում իր թանգարանն է լինելու:
Ի սկզբանե կառույցը նախատեսված է եղել որպես բազմաֆունկցիոնալ շինություն, որտեղ ոչ միայն պետք է մեծ հային պատկանող կամ նրա կենսագրության հետ առնչություն ունեցող ցուցանմուշներ ներկայացվեն և գիտամշակութային միջոցառումներ անցկացվեն, այլև Հայաստան այցելությունների ժամանակ Ազնավուրը կարողանա իջևանել այդ տանը` իբրևսեփական հարկի տակ: Շենքի վերին երկու հարկերը հենց նախատեսված են որպես կացարան` բաղկացած լինելով հյուրասենյակից, խոհանոցից, սպասարկման սենյակից, երկու ննջարաններից և աշխատասենյակից` իրենց բոլոր հարմարություններով:
Հեռվից կոկիկ թվացող այդ շինությունը բաղկացած է բավական լայնարձակ և լուսավոր սրահներից` ներառելով որպես թանգարանային մաս ծառայող ցուցադրասրահը, ընդունելությունների սրահը, համերգային դահլիճը` 120 նստատեղով:
Ցավոք, Հայաստանի կողմից իր տաղանդաշատ և հայրենանվեր զավակին որպես ընծա արված շինությունը, որը փաստորեն նորանկախ Հայաստանում պետական միջոցներով կառուցված առաջին մշակութային օջախն է, մինչ օրս չի կատարում թանգարանային և ոչ էլ մշակութային գործառույթներ` անհրաժեշտ ուշադրության բացակայության պատճառով: Չնայած շենքի բացումը տեղի է ունեցել 2011թ.` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և շանսոնյեի մասնակցությամբ, սակայն այդ օրվանից այն կարծես մոռացության է մատնված և միայն ժամանակ առ ժամանակ է հիշատակվում` Շառլ Ազնավուրի այցելությունների առիթով:
Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ յուրօրինակ լուծումներով այդ շենքը լրացնի Գաֆեսճյան մշակութային տարածքի թանգարանների, ցուցասրահների և մշակութային օջախների շարքը` իր դռները բացելով Ազնավուրի արվեստի սիրահարների առաջ, ինչպես նաև համալրելով Երևանի տեսարժան, գողտրիկ վայրերի ցանկը: Այն նաև զբոսաշրջային առումով կարող է ռազմավարական նշանակություն ունենալ մեզ համար, քանի որ համաշխարհային ճանաչում ունեցող երգչի անունը կրող թանգարանը դժվար թե անտարբեր թողնի Հայաստան եկած օտարերկրացիներին: Իսկ մենք այն անտերության ենք մատնել:
Զարմանալի է և անհասկանալի նման անտարբերությունը: Ազնավուրը Հայաստանի համար այնպիսի դեր և արժեք ունեցող մարդ է, որ նրա թանգարանն ամբողջացնելու և ի վերջո այդ կառույցը կենդանացնելու խնդիր չպետք է առաջանար, համենայն դեպս այդ գործընթացը չպետք է ձգվեր համարյա հինգ տարի: Այնպիսի տպավորություն է, որ մայրաքաղաքի հենց սրտում` ի տես բոլորի, բյուջեից հատկացված հսկայական միջոցներով և ճարտարապետական եզակի լուծումներով կառուցված թանգարանի շենքը անպիտան իրի կարգավիճակ է ձեռք բերել:
Photonews.am-ը փորձեց քաղաքաշինության պետական կոմիտեից ճշտել, թե ինչու է մինչ օրս թանգարանի համար նախատեսված շինությունն անգործության մատնված: Քաղաքաշինութան պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասաց, որ թանգարանի բացումը հետաձգվում է Ազնավուրին պատկանող ցուցանմուշների բացակայության պատճառով: Բանն այն է, որ այդ ցուցանմուշները պետք է տրամադրվեն շանսոնյեի աշխատակիցների կողմից: Անահիտ Եսայանը նաև տեղեկացրեց, որ ամսիներ առաջ Նարեկ Սարգսյանը նամակ է ստացել Շառլ Ազնավուրի ներկայացուցիչներից, ովքեր հայտնել են, թե նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում թանգարանի ցուցադրության ձևավորման համար: Նրանք թանգարանի նախագծի հեղինակից խնդրել են համապատասխան նախագծային նյութեր տրամադրել, որոնց օգնությամբ կկարողանան հավուր պատշաճի մշակել ցուցադրությունը: Հուսանք որ մոտ ապագայում թանգարանն իր դռները վերջապես կբացի Ազնավուրի արվեստի սիրահարների առաջ և կսկսի ապրել աշխույժ մշակութային կյանքով: