ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.10.2016

ՊԵՏՔ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

13.10.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5412&pageid=164308&lang=

Երեկ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հարկի տակ բացվեց «Երեւանյան ճարտարապետական բիենալե-2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսը, որին մասնակցելու համար աշխատանքներ են ներկայացրել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայ ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, ինչպես նաեւ ճարտարապետական բուհերի ուսանողներ: Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված նյութերը կցուցադրվեն մինչեւ տարեվերջ:


Սա նախկին քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված համահայկական ճարտարապետական բիենալեի երեւանյան երրորդ մեկնարկն է, որը, ինչպես նշեց ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն ԱՆՈՒՇ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ, առանձնանում է մասնակիցների ընդգրկվածությամբ եւ ներկայացված աշխատանքների որակական ու գեղագիտական ավելի բարձր մակարդակով:

Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին այս տարի մասնակցում է 75 ճարտարապետ` Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իտալիայից, Լիբանանից, Կատարից, Թուրքիայից: Այս անգամ մեծ մասամբ երիտասարդ ճարտարապետներն են հետաքրքրություն ցուցաբերել երեւանյան բիենալեի նկատմամբ` փորձելով այստեղ իրացնել իրենց տաղանդն ու գիտելիքները ճարտարապետության ոլորտում:

Նրանց նախագծերը որքան տարբեր են ոճով, ճարտարապետական լուծումներով, գեղարվեստականությամբ եւ ֆունկցիոնալությամբ, այնքան էլ նման են ազգային ոգու արտացոլմամբ: Այդպես է կարծում Անուշ Տեր-Մինասյանը։ Նա համոզված է` որ երկրում էլ ապրի ու ստեղծագործի հայը, մասնավորապես հայ ճարտարապետը, ստեղծագործելու ժամանակ նրան հայկական ոգին է առաջնորդում, աշխարհը ընկալելու եւ վերարտադրելու ազգային մոտեցումը, որը արյան միջոցով նրան է փոխանցվել նախնիներից։

«Այս ցուցահանդեսը կարեւոր է նաեւ նրանով, որ միավորում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մասնագետներին եւ նրանց հնարավորություն ընձեռում սնվելու հայկական դարավոր ճարտարապետությունից, մեր ազգային ու համամարդկային այն կարեւոր սկզբունքներից, որոնք հարիր են հայկական ճարտարապետությանը: Դա կարող է ցանկացած հողի վրա ստեղծագործող ճարտարապետի համար պարարտ հող լինել` հարստացնելու այդ երկրի ճարտարապետական մշակույթը:

Թեեւ, մյուս կողմից, այդ ստեղծագործողների հայկական ոգին արդեն իսկ արտացոլվելով նրանց աշխատանքներում` յուրահատուկ է դարձնում դրանք: Իսկ հայկական ոգին կա բոլոր հայ ստեղծագործողների մեջ` անկախ նրանց բնակվելու վայրից եւ միջավայրից»,- ասում է Ա.Տեր-Մինասյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, հանձնակատար ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համոզմամբ` նման ցուցահանդեսների նպատակները պետք է աստիճանաբար ընդլայնվեն` ընդհուպ մինչեւ արտասահմանում ապրող ու ստեղծագործող ճարտարապետների ներուժը Հայաստանում կիրառելու հնարավորություն ստեղծելը. «Մենք մի քանի տարի առաջ գիտեինք, որ տարբեր երկրներում հայ ճարտարապետներ են ստեղծագործում, այսօր գիտենք, թե որ երկրի հայ ճարտարապետը կամ ճարտարապետների արվեստանոցը ինչ աշխատանքներ է հեղինակել, ինչ ձեռագիր եւ ուղղվածություն ունի: Գիտենք նրանց ներուժը, հնարավորությունները, եւ այդ ամենն ի շահ հայ ճարտարապետության չօգտագործելն աններելի է:

Ուստի հաջորդ ճարտարապետական մրցույթներին կփորձենք վերանայել մեր նպատակները: Ընդամենը պետք է պետական, մասնագիտական մակարդակով փորձենք նրանց հետ համագործակցության ուղիներ գտնել»:

Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ` շուտով պատրաստ կլինի երրորդ բիենալեի կատալոգը, եւ առկա եռահատորով կամփոփվեն նաեւ հայ ճարտարապետության ոլորտում վերջին տասը տարվա արդյունքները:

Մրցույթին ներկայացված աշխատանքների արդյունքներն ամփոփելու համար ձեւավորված հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ տեղեկացմամբ` հանձնախմբում ընդգրկվել են մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից եւ Թուրքիայից: Հոկտեմբերի 14-ին հանձնախումբը կսկսի իր աշխատանքները ներկայացված ստեղծագործությունները գնահատելու եւ հաղթողներին ըստ անվանակարգերի առանձնացնելու ուղղությամբ: Հաղթողները ներկայացվելու են յոթ անվանակարգերում, որոնց մասին կհայտարարվի արդյունքներն ամփոփելուց հետո:

Արմեն Ղուլարյանը մասնագիտական աչքով զննելով ներկայացված գործերը՝ ասում է, որ դրանցում գեղարվեստական բարձրարժեք աշխատանքներ շատ կան, այնպես որ, ըստ նրա, ընտրություն կատարելն այնքան էլ հեշտ չի լինելու. «Այս տարի մասնակիցների թիվը բավարար է, նրանցից շատերի աշխատանքները բարձր գնահատականների են արժանի: Բայց իհարկե մրցույթի նպատակը ոչ միայն տարբեր անվանակարգերում հաղթողներին ճանաչելն է, այլեւ լավագույն ճարտարապետների ներգրավվածությամբ հետաքրքիր նախաձեռնություններ եւ ծրագրեր կյանքի կոչելը:

Հուսամ, որ ժամանակի ընթացքում կմեծանա բիենալեի մասնակիցների աշխարհագրությունը, իսկ դրան զուգահեռ՝ նաեւ արդյունավետ ծրագրեր կիրագործվեն բոլորի մասնակցությամբ: Այդ ժամանակ նման մրցույթների գոյությունն ավելի արդարացված եւ արդյունավետ կլինի»:

Ճարտարապետ ՀՐԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ակնկալում է, որ մեզանում կազմակերպվող բիենալեները կնպաստեն մեր ճարտարապետական արվեստի որակի, մակարդակի բարձրացմանը, քանի որ մեր օրերում ճարտարապետությունը զգալի անկում է ապրել. «Այսօր ճարտարապետներն ապրում են դժվարին շրջանում, երբ որ կորսվում են հենարանները, հիմքերը, այն հողը, որի վրա ճարտարապետը պետք է արմատ ձգի ու սնվի:

Մարդկանց ուղեղներում խառնաշփոթ է, եւ շատ մասնագետներ այդ պայմաններում կորցնում են իրենց ճարտարապետական ուղին` փորձելով կապկել այն ամենը, ինչ տեսնում են դրսում, օտարի արվեստի մեջ: Կարծում եմ՝ նման միջոցառումների շնորհիվ ճարտարապետական միտքը կհաղթահարի ճգնաժամը եւ ավելի համակարգված, կողմնորոշված կներկայանա»:

Ճարտարապետը կարեւորում է բիենալեներին պատվիրատուների մասնակցությունը, որոնք հնարավորություն կունենան դիտելու մասնակից ճարտարապետների աշխատանքները, պատկերացում կազմելու նրանց ոճի, ուղղության եւ ձեռագրի մասին, որպեսզի այս կամ այն շինության համար նախագծային պատվերի անհրաժեշտության դեպքում կարողանան ճիշտ ընտրություն կատարել. «Հիմա գիտե՞ք, թե ինչպես են ընտրում ճարտարապետներին: Ես շատ եմ հետաքրքրվել ներդրողներից, թե ինչպես են որեւէ շինության համար ճարտարապետ ընտրում, որի նախագիծը հետագայում պետք է իրենց միլիոններով կյանքի կոչվի:

Եվ ինձ պատասխանել են` ընտրում ենք ամենացածր գին առաջարկողին, ամենաէժան ճարտարապետին: Դրա հետեւանքով անորակ ճարտարապետությունն է դառնում գերիշխողը»: