Երեւանը` 25 տարի անց. ինչ տեսք է ստացել մեր երկրի մայրաքաղաքը
21/09/2016; http://armtimes.com/hy/article/93477
Այսօր Հայաստանի Հանրապետության 25-ամյակն է: Այդ առիթով, ի թիվս այլ միջոցառումների, որոնք անցկացվել ու անցկացվելու են, երեկ Երեւանում բացվեց քաղաքաշինությանը վերաբերող ցուցահանդես:
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում ներկայացված էին անկախության տարիներին ստեղծված կառույցների նկարներ` ի մի բերելու այդ ժամանակահատվածում մեր երկրի ճարտարապետության կերպը` մասնավոր առանձնատներից մինչեւ կառավարական շենքեր: Այդ նմուշներում ե՛ւ ուշագրավ ու ակնահաճո շինություններ կային, ե՛ւ քարակույտ հիշեցնող կառույցներ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, որին երկու հարց ուղղելու հնարավորություն ունեցանք:
- Պարոն Բարսեղյան, Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում ճարտարապետությունը դեպի ո՞ր կողմ է զարգացել: Առաջընթա՞ց ենք արձանագարել, թե՞ հետընթաց:
- Շատ դժվարին եւ շատ հետաքրքիր հարցադրում եք անում, ես չեմ հավակնում այդ հարցին ավարտուն պատասխան տալ: 25 տարվա ընթացքում սերունդ է փոխվել: Նորագույն ժամանակներում ե՛ւ օրենսդրությունն է խմբագրումներ մտցնում մեր պատկերացումների մեջ, ե՛ւ գեղագիտական նոր մոտեցումներ են ձեւավորում, ե՛ւ, կարող եմ ասել՝ ժամանակակից աշխարհի փորձն է լավագույն առումով թափանցում մեր ավանդական ճարտարապետության մեջ: Իհարկե, նաեւ տնտեսական հնարավորություններն են որոշիչ դառնում, եւ մեր ծրագրերը իրականացնում ենք ըստ մեր այդ հնարավորությունների` ապագայի համար միշտ թողնելով որոշակի միջանցք, որպեսզի կարողանանք շտկումներ մտցնել: Սա բարդագույն մասնագիտություն է, քաղաքաստեղծ մասնագիտություն, որը հիմնվում է, այո, քաղաքականության վրա, այդ բառերը հենց այնպես չեն իրենց արմատում միանման հնչում: Եվ շատ հայրենասեր մասնագիտություն է, պետք է ասեմ: Դրա համար պատասխանատվությունն էլ, դաստիարակչական նշանակությունն էլ մեծ է: Բարդագույն խնդիր է, որ ստեղծագործական անցողիկ ժամանակահատվածում կարողանանք մեր փոքրիկ ներդրումը ունենալ` առանց վնասելու մեր շրջակա միջավայրը եւ մեր ժառանգությունը:
- Իսկ այս տարիների ընթացքում Երեւանն ինչպիսի՞ն դարձավ, ըստ Ձեզ: Կարծիքներ կան, որ աղճատվել է քաղաքի տեսքը, որ դեմք ու դիմագիծ չունի այլեւս, որ այս կամ այն շինությունն առանց որեւէ սկզբունքի ուղղակի հայտնվում է այստեղ կամ այնտեղ:
- Դե, գիտեք ինչ, ես առաջին գնահատական տվողը չեմ. ե՛ւ շատ են եղել, ե՛ւ շատ են լինելու, բայց այդ գնահատականները տրամադրությամբ չպետք է ասվեն: Ինչ-որ մի բանից դժգոհ լինելով` կարող է մեկը կարծիք արտահայտել, որ քաղաքը կործանվեց: Այդպես չի, չէ՞: Պետք է անաչառորեն տեսնել լավը, որը շատ-շատ է, պետք է նաեւ բացի սեփական կարծիքից, լսել, թե ինչ են խոսում դրսից եկող եւ Երեւանին քաջատեղյակ մարդիկ, որոնք հյուրի կարգավիճակով են գնահատում, հայացք են գցում կողքից: Ես շատ տպավորվում եմ նաեւ մասնագիտական հանդիպումների ժամանակ Երեւանի նկատմամբ իրենց սրտառուչ խոսքերից, հպարտության պահեր եմ ապրում: Դե, ինչ խոսք, մենք ունենք նաեւ բացթողումներ: Չեմ ուզում դրանք թվարկել: Դրանց մի մասն ուղղելի են, մի մասը ժամանակի խնդիր է: Պետք է աշխատենք:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը մեր զրույցում մանրամասնեց, որ ցուցահանդեսին ներկայացված է 112 վահանակ, որոնցից յուրաքանչյուրում, ի դեպ, տարբեր շինությունների նկարներ են`ըստ հեղինակների: Ցուցադրությունը կշարունակվի մոտ մեկ ամիս, իսկ մուտքն անվճար է:
«Իհարկե, ներկայացվածը մի փոքր մասն է նրա, ինչ-որ արվել է 25 տարիների ընթացքում, որովհետեւ մի ցուցահանդեսի սահմաններում ամբողջը հնարավոր չէ ընդգրկել: Այստեղ այն աշխատանքներն են, որոնք ճարտարապետները ուզել են ներկայացնել, ինչ-որ բաներ մենք ենք ներկայացրել մեր եղած նյութերից: Եվ կարծում ենք, որ դա ճիշտ մոտեցում էր. այսօր իրականում ինչ-որ կա, ինչ-որ տեսնում ենք` լավ թե վատ, այնպես էլ այստեղ ցուցադրված է: Բայց մենք տեսնում ենք, որ մեր նվաճումները ավելի շատ են, քան այն գործերը, որոնք կարող ենք ասել` այնքան էլ հաջողված չեն: Եվ դա նորմալ է, ընդամենը 25 տարի գոյություն ունի մեր անկախ հանրապետության ճարտարապետությունը, եւ մենք դեռ նոր ճարտարապետական լեզվի, նոր կերպարի որոնումների մեջ ենք»,- ասաց նա:
Ճարտարապետության թանգարանի տնօրենը չի կարծում, թե վերջին տարիներին աղավաղվել է մայրաքաղաքը, թեպետ գտնում է, որ կան կառույցներ, որոնք իսկապես այդպիսի ճակատագրի են արժանացել, ինչպես օրինակ Փակ շուկան: Նա նաեւ կարեւոր ու սպասված է համարում «Հին Երեւան» նախագիծը, որը մեր երկրի իշխանությունները տարիներ շարունակ խոստանում են իրականացնել: Այստեղ, ինչպես հայտնի է, պետք է վերականգնվեն ժամանակին ապամոնտաժված եւ արժեք ներկայացնող շենքերը:
Անուշ Տեր-Մինասյանը չի համարում, թե «Հին Երեւան» նախագիծն իրական հին Երեւանից անդառնալիորեն զրկվելուց հետո եղածը վերականգնելու հուսահատ փորձ կլինի: Ավելին, նա գտնում է, որ այդպիսի կորուստ չունենք: «Կան խոսակցություններ, որ ամեն շենք իր միջավայրի համար է կառուցված: Դա այնքան էլ այդպես չէ, այն առումով, որ այժմ չկա այդ միջավայրը: Այսինքն` այդ հին շենքը նոր միջավայրում այնպես չի դիտվի, ինչպես կդիտվի «Հին Երեւան» թաղամասում»,- ասաց նա: Վերջինս հավելեց, որ Հայաստանի անկախության տարիներին ստեղծվել են այնպիսի շենքեր, որոնք կարելի է ներկայացնել համաշխարհային ցուցահանդեսներում: Որպես այդպիսին առանձնացրեց Երեւանի քաղաքապետարանի շենքն ու կառավարական վարչական համալիրը: Առաջինի հեղինակն են Ջիմ Թորոսյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը, երկրորդինը` քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: