Կառավարությունը խոստանում է՝ շինարարները շուտով կվերադառնան հայրենիք
12.08.2016;
www.armradio.am/hy/2016/08/12/կառավարությունը-խոստանում-է՝-շինարա/
Հայաստանում այսօր նշվում է Շինարարի օրը: Չնայած տնտեսական ճգնաժամի պայմաններում հայ շինարարները հիմնականում արտերկրում են իրենց հմտությունը կիրառում, սակայն քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր վստահեցրել է, որ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքում 2017-2018 թվականներին բազում շինարարներ կվերադառնան հայրենիք:
Շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության առանցքային բնագավառներից մեկը: Նորանկախ Հայաստանում հայ շինարարի շնորհիվ զարգացել են շինարարական տեխնոլոգիաները, որոնք էլ դարձել են տարեց տարի վեր խոյացող նորակառույցների ամրության գրավականը: Հայ վարպետ- շինարարի ձեռքով Հայաստանում վեր են հառնել բազում կոթողներ: Այսօր նշվում է հայ շինարարի մասնագիտական տոնը և կարևոր այս մասնագիտությանը լծված մարդկանց վերաբերյալ հնչում են գնահատանքի խոսքեր ու հանձնվում պարգևներ:
2008 թվականի տնտեսական ճգնաժամի պայմաններում շինարարության ծավալները, ըստ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, զգալիորեն նվազել էին, ինչի հետևանքով էլ առաջ եկավ շինարարների զբաղվածության խնդիրը: Սակայն այսօր, գերատեսչության ղեկավարը վստահեցնում է՝ ոլորտում անկում չի նկատվում: Ավելին, կառավարությունում իրականացվող ծրագրերի արդյունքում կարճ ժամանակ անց Երևանում չեն լինի պարապուրդի մատնված վերամբարձ կռունկներ:
Շինարարության ոլորտի զարգացման համար կյանքի են կոչվել բազում ծրագրեր: Երկու տարի առաջ քաղաքաշինության նախարարությունում ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որտեղ լուրջ մշակումներ են արվել:
Մյուս խնդիրը շինարարական ոլորտի օրենսդրության խնդիրն է: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվել են: Նարեկ Սարգսյանը վստահեցնում է՝ կատարվող քայլերի արդյունքում 2017 թվականին շինարարության մեջ կարձանագրենք աճ և բազմաթիվ շինարարներ կվերադառնան հայրենիք:
Հայաստանի շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, ով այսօր արժանացավ քաղաքաշինության նախարարության Ոսկե մեդալի, իր հերթին նկատեց, որ շինարարական ծավալների նվազման արդյունքում շինարարական կազմակերպությունները կիսով չափ են ծանրաբեռնված, ինչն էլ հանգեցրել է սոցիալական մի շարք խնդիրների։
Տարեց տարի Երևանում վեր են խոյանում նորակառույցներ։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շենքերի ամրությունը մնում է խիստ կարեւոր։ Նոր շենքերի սեյսմիկ անվտանգությունը սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը դրական է գնահատում։ Ի դեպ՝ Ճարտարապետության և շինարարության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար նա այսօր արժանացավ Երեւանի քաղաքապետարանի Ոսկե մեդալի: 1994 թվականից հետո կառուցված շենք- շինությունները, մասնագետի գնահատմամբ, բոլորն էլ սեյսմակայուն են: «Հարկավոր է շատ ուշադիր լինել հին շենքերի նկատմամբ: Կամ պետք է ուժեղացնել, կամ, եթե իրենց ժամանակը անցել է, քանդեն և տեղը ավելի ամուր ու հուսալի շենքեր կառուցեն»,- ասում է։
Վերջերս ԱԺ-ն պատվո կոչում էր սահմանել նաև շինարարների համար։ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ մինչև սեպտեմբերի 21-ը կպարզվի անկախ Հայաստանի առաջին վաստակավոր շինարարի անունը: