ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.06.2016

ՊԵՏԲՅՈՒՋԵ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ՏՆՏԵՍԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

03.06.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5328&pageid=162170&lang=

Օրերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացրեց իր ոլորտի հաշվետվությունը՝ նշելով, որ 2015 թվականին պետբյուջեից հատկացված 13 մլրդ դրամից 7 մլրդ 246 հազար դրամը հատկացվել է կապիտալ ծախսերի, 1 մլրդ 201 հազարը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 4 մրդ 609 հազարը` պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման համար:

Ընդ որում՝ կապիտալ ծախսերի ծրագրով իրականացվել են կրթական, մարզական կառույցների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, առողջապահական օբյեկտների, վարչական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օբյեկտների 18 նախագծային աշխատանքներ:


Քաղաքաշինության նախարարությունը կարեւոր է համարում դպրոցների շինությունները սեյսմիկ առումով ամրացնելու, դրանք վերակառուցելու եւ հիմնանորոգելու, իսկ լիովին անմխիթարները՝ նոր շենքերով փոխարինելու հարցը: Ինչպես հավաստիացրել էր նախարարը՝ այդ խնդիրն արդեն ներառված է նախարարության գերակա ծրագրերի ցանկում:


2015թ. դրությամբ երկրում գործող 1500 դպրոցից 300-ն է վերանորոգվել: Ծրագիրն ընթացքի մեջ է. նախորդ տարի ֆինանսական միջոցներ են տրամադրվել Երեւանի եւ տարբեր մարզերի մեկ տասնյակից ավելի կրթական օբյեկտների շինությունների վերակառուցման, հիմնանորոգման համար: 

Այդ ուսումնական հաստատություններից Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 191 դպրոցի մասին վերջերս խորհրդարանում իր մտահոգությունն էր հայտնել «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա հավաստմամբ՝ դեռ 2014 թվականին բյուջեի շրջանակում հնարավորություն ստեղծվեց ֆինանսներ հատկացնել նաեւ այդ դպրոցի վերակառուցման համար, որում վերջին 25 տարիների ընթացքում ընդհանրապես որեւէ շինարարական աշխատանք չէր իրականացվել:


Չնայած նրան, որ ֆինանսական միջոցները հատկացվել էին երկու տարի առաջ, դպրոցում շինաշխատանքները մեկնարկեցին միայն 2015 թվականին ինչ-ինչ արհեստական խոչընդոտների պատճառով: Մեկ տարի է անցել, բայց կրթօջախը դեռ շինհրապարակի է վերածված՝ վտանգելով դպրոց հաճախող աշակերտների եւ մանկավարժական անձնակազմի կյանքը, իսկ վերակառուցման աշխատանքների վերջն էլ չի երեւում:


Արձագանքելով Հեղինե Բիշարյանի մտահոգությանը՝ Նարեկ Սարգսյանը նշել էր, որ ինքը խնդրին տեղյակ է, այն կվերցնի իր անմիջական վերահսկողության տակ, որպեսզի դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտվեն հնարավորինս կարճ ժամկետում:


Նշենք, որ քաղաքաշինության նախարարությունը անավարտ եւ տարիներ շարունակ ձգձգվող շինությունների վերակառուցման, հիմնանորոգման համար հատուկ քաղաքականություն է մշակել, որով նախատեսվում է բոլոր աշխատանքներն ավարտել երկու, ծայրահեղ դեպքում երեք տարում: Մինչ այդ շինաշխատանքների համար հստակ ժամկետներ չէին սահմանվում, եւ մեկ հաստատության վերակառուցումը կարող էր անվերջ ձգվել՝ ընդհուպ մինչեւ 10 տարի:


Քաղաքաշինության նախարարության որդեգրած նոր քաղաքականությամբ երկու-երեք տարվա ընթացքում ամբողջական ֆինանսական միջոցների տրամադրման շնորհիվ անավարտ մնացած կառույցները կարճ ժամանակում հիմնովին կվերանորոգվեն եւ կհանձնվեն լիարժեք շահագործման: Թերեւս այդ մոտեցման շնորհիվ է, որ 2015-ին ավարտված օբյեկտների քանակը հնարավոր է եղել հասցնել մոտ 50 տոկոսի, այն դեպքում, երբ 2014-ին այդ թիվը 38 տոկոս էր: Իսկ 2016թ. նախարարության հաշվարկներով նախատեսվում է անավարտ մնացած շինությունների 63 տոկոսն ամբողջացնել:


Կրթական հաստատություններից բացի նախորդ տարվա՝ քաղաքաշինության նախարարությանը հատկացված բյուջեն վերաբաշխվել է նաեւ մարզական, մշակութային, առողջապահական եւ վարչական օբյեկտների վերակառուցման, հիմնանորոգման նպատակով:


Նախարարությունն առաջնահերթ է համարում նաեւ մարզական այն հաստատությունների վերակառուցումը, որոնք երկար տարիներ շահագործվելու ընթացքում կամ վտանգավոր են դարձել սաների համար՝ սեյսմիկ առումով անկայուն դառնալու պատճառով, կամ էլ այլեւս չեն կարողանում մարզվելու բարվոք պայմաններ ապահովել: Այդպիսի դպրոցներն այնքան էլ շատ չեն Հայաստանում, բայց դրանց զգալի մասը հիմնանորոգման կարիք ունի: Այդ հաստատություններից են Երեւանի «Տորք Անգեղ» մարզական միության շենքը, Սպիտակի մանկապատանեկան եւ Չարենցավանի մարզադպրոցները, որոնք կվերակառուցվեն բյուջեից հատկացված միջոցներով:


Դրանց շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ շուտով դպրոցների սաները հնարավորություն կստանան մարզվելու բոլորովին այլ պայմաններում: Ի դեպ, նախարարությունը նաեւ նոր մարզադպրոցների կառուցման ծրագիր է իրականացնում, եւ այժմ Էջմիածնում նոր մարզական ուսումնական հաստատության շինաշխատանքներ են ընթանում:


Բյուջետային հատկացումների շրջանակներում իրականացվել են նաեւ Երեւանի Կամերային թատրոնի, Գավառի թատրոնի, Քուչակի մշակույթի տան, Վանաձորի բժշկական նոր կենտրոնի կառուցման, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի վերակառուցման աշխատանքները: Շինաշխատանքներն իրականացվում են ըստ հաստատված ժամանակացույցի եւ տեխնոլոգիական հաջորդականությամբ:

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի քաղաքաշինական ոլորտում իրականացրած ծրագրերի համար հատկացված բյուջետային միջոցներից տնտեսվել է 130 մլն դրամ, որից 88 մլն-ը վերադարձվել է բյուջե:

Նրա տեղեկացմամբ՝ այն կապալառուների հետ, ովքեր չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ժամանակին ու որակով չեն իրականացրել շինաշխատանքները, նախարարությունը խզել է պայմանագրերը, այդ պատճառով նրանց կողմից թերի աշխատանքների կատարման համար չի իրացվել 211 մլն դրամը, որը եւս մուտքագրվել է պետբյուջե: