ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.05.2016

ՔԱՂԱՔԻ ՎԵՐՔԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

20.05.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5318&pageid=161852&lang=

Ֆիրդուսի շուկային հարող թաղամասը, Կոնդը, Հին Երեւանի համար հատկացված տարածքը՝ պարփակված Աբովյան-Փավստոս Բուզանդի-Արամի-Եզնիկ Կողբացու փողոցներով: Սրանք այն թաղամասերն են, որոնք արդեն քանի տարի է՝ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ քաղաքաշինական անավարտ տեսքով, իսկ Կոնդն ու Ֆիրդուսին՝ նաեւ իրենց անհրապույր եւ հնամաշ կառույցներով աղավաղում են մայրաքաղաքի ամբողջական պատկերը, զրկում գրավչությունից:
  

Այդ տարածքները վաղուց են կառավարության կողմից գերակա հանրային շահ ճանաչվել եւ վերածվել իրացման գոտիների: Անգամ որոշակի աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ, սակայն վերջին տարիներին երկրում շինարարության ոլորտի նկատելի անկման, ներդրումների զգալի նվազման հետեւանքով աշխատանքներն անավարտ են մնացել։
  

Սակայն վերջին տարիներին կառավարությունը՝ մասնավորապես քաղաքաշինության նախարարությունը, ակտիվ քայլեր է իրականացնում համապատասխան ներդրողների գտնելու եւ նշված թաղամասերում կառուցապատման ծրագրեր իրականացնելու համար: Այդ ջանքերի շնորհիվ է, որ վերոնշյալ նախագծերից մեկի՝ «Հին Երեւանի» համար երկու տարի առաջ ներդրող գտնվեց, իսկ Ֆիրդուսի թաղամասի վերակառուցման հայեցակարգն իրականացնելու համար արդեն որոշ ներդրողներ են հավակնություններ ներկայացրել:
     

«ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ» ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
     

Բայց կառուցապատման այդ ծրագիրը հնարավոր չէր լինում կյանքի կոչել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, թեեւ թաղամասի նախագիծը ճարտարապետ Լեւոն Վարդանյանը վաղուց էր ավարտին հասցրել: Գրեթե 10 տարի շարունակ այդ նախագիծը տարբեր ներդրողների է գրավել, սակայն գործն այդպես էլ ընթացք չի ստացել:
  

Ի վերջո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ որոշվեց «Հին Երեւան» ծրագրի իրականացման համար մեկ միասնական կառուցապատողի ընտրել՝ զերծ մնալով առանձին կառուցապատողների տարբեր հողակտորներ տրամադրելու ռիսկից: Բանն այն է, որ թաղամասի կառուցապատումը առանձին հողակտորներով տարբեր մարդկանց վաճառելու դեպքում նախագիծը կկորցներ իր ամբողջականությունը եւ կարող էր դառնալ տարբեր ճաշակների համադրությամբ կառուցված անդեմ ինչ-որ համալիր:

Դրանից բացի, առանձին ներդրողների հետ բանակցություններ վարելն ավելի կբարդացներ կառուցապատման գործընթացը, քան մեկ հոգու հետ համաձայնության գալը:
  

Դրանից հետո երկար ժամանակ չպահանջվեց համապատասխան ներդրող գտնելու համար: 2014թ. կառավարությունը՝ ի դեմս քաղաքաշինության նախարարության, համաձայնագիր ստորագրեց շվեյցարաբնակ գործարար Վարտան Սիրմակեսի հետ՝ «Հին Երեւանի» կառուցումը 120-150 մլն ԱՄՆ դոլարով ֆինանսավորելու եւ այդ ծրագրի սեփականատերը դառնալու վերաբերյալ:
  

Այսօր արդեն Աբովյան-Բուզանդի-Արամի-Կողբացու փողոցներով պարփակված տարածքում մեկնարկել են Երեւանի համար կարեւոր եւ այնքան սպասված շինարարական աշխատանքները՝ հույս արթնացնելով, որ նոր թաղամաս-համալիրը առաջիկա մի քանի տարում վեր կխոյանա, կամբողջանա ու մի նոր գողտրիկ անկյուն եւս կավելացնի մայրաքաղաքում:
  

Ճարտարապետական նախագծով «Հին Երեւանում» են ընդգրկվել տարբեր ժամանակներում ապամոնտաժված, ինչպես նաեւ կառուցապատման տարածքում գտվող 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ճարտարապետությունը ներկայացնող 30 հուշարձան-շենք էր, որոնք էլ կապահովեն հին մայրաքաղաքի կոլորիտը:
  

Դրանց շարքում կվերականգնվեն Աֆրիկյանների, Գիլանյանի լիմոնադի գործարանի շենքերը: Դրանք բոլորն ընդգրկված են եղել պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն քաղաքաշինական նպատակներով ապամոնտաժվել են՝ «Հին Երեւանում» վերակառուցվելու պայմանով:
  

Ակնկալվում է, որ մայրաքաղաքի նոր թաղամասը պատրաստ կլինի արդեն 2019թ.:
     

33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է
     

Օրերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է շինարարության բնագավառում հայտնի իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը՝ փոխհամագործակցության պատրաստակամություն հայտնելով նրանց եւ ներկայացնելով քաղաքաշինական այն ոլորտները, որտեղ իրանական կողմը կարող է ներդրումներ կատարել:
  

Մասնավորապես քննարկվել է Երեւանի Ֆիրդուսի շուկայի հատվածի կամ 33-րդ թաղամասի վերակառուցման հայեցակարգը, որով իրանցիները հետաքրքրված են, եւ չի բացառվում, որ նաեւ նրանք դառնան այդ տարածքի ներդրողները:

Մինչ այս քաղաքաշինության նախարարությունը տեղեկացրել էր, որ այդ թաղամասի կառուցապատման համար ներդրումներ իրականացնելու գործում շահագրգռված են ռուսական եւ արաբական կողմերը: Հաշվի առնելով, որ ամբողջ թաղամասը բաժանված է 18 լոտերի, որոնք կվաճառվեն առանձին ներդրողների, թերեւս բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան իրենց մասնակցությունն ունենալ թաղամասի կառուցապատման գործում:
  

Ֆիրդուսիի կառուցապատման ծրագիրը քաղաքաշինության նախարարության առաջնահերթություններից է համարվում, քանի որ այդ թաղամասը խոցելի խնդիր է դարձել Երեւանի համար՝ նախեւառաջ այն պատճառով, որ տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման հարցը մինչ օրս լուծված չէ: Թաղամասի բնակիչների մեծ մասը ստիպված է առայժմ ապրել առանց անհրաժեշտ կենցաղային պայմանների՝ կիսախարխուլ տներում: Եվ հետո, թաղամասը գտնվելով մայրաքաղաքի փոքր կենտրոնում` աղավաղում է դրա բարեկարգ տեսքը եւ անհրապույր դարձնում այն:
  

Ահա թե ինչու քաղաքաշինության նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում հետեւողական քայլեր է ձեռնարկում ներդրողներ գտնելու ուղղությամբ: Անգամ թաղամասի կառուցապատման հայեցակարգում եւ մշակված ներդրումային փաթեթի մեջ գրավիչ պայմաններ են ներառվել հնարավոր ներդրողների համար, որպեսզի այդ կերպ նրանց խրախուսեն եւ շահագրգռեն մասնակցել թաղամասի կառուցապատմանը:
  

Գրավչությունը նախեւառաջ թաղամասի՝ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Կառուցապատման տարածքը պարփակված է Տիգրան Մեծի, Խանջյան, Փավստոս Բուզանդի եւ Հանրապետության փողոցներով: Այն ընդգրկում է ավելի քան 5 հա տարածք, որտեղ կառուցապատման խտությունը կկազմի 30-39 տոկոս:
  

Նախարարության ստեղծած փաթեթի համաձայն` ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իսկ իրացման խնդիրներն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ կառավարության համակարգմամբ: Բացի դրանից, ենթակառուցվածքների հետ կապված հարցերը նույնպես կհոգան համապատասխան գերատեսչությունները՝ ներդրողին զերծ պահելով ավելորդ քաշքշուկներից եւ ժամանակի կորստից:
  

Այդուհանդերձ ներդրողների առաջ նաեւ սահմանափակումներ են դրված՝ որոշակի չափորոշիչներ պահպանելու հարցում, որոնք բխում են քաղաքաշինության նախարարության կազմած՝ 33-րդ թաղամասի կառուցապատման հատակագծային կառուցվածքի ու սխեմայի պահանջներից:
  

Սահմանափակումներից մեկը վերաբերում է այդ հատվածում առկա 19-րդ դարի հուշարձան շենքերին, որոնք նախագծով պահպանվելու են` մնալով իրենց տեղերում: Իրացման գոտին շրջանցելու է այդ շենքերը: Եթե մինչ այսօր ներդրողները կառուցապատել են հինը քանդելու սկզբունքով, ապա այս նախագծով հին ու արժեքավոր շինությունները կմնան անձեռնմխելի: Հավանաբար դրանք հետագայում կամրացվեն ու կնորոգվեն՝ նոր թաղամասին համահունչ տեսք ստանալով:
  

Սահմանափակումներից մեկն էլ այն է լինելու, որ Հանրապետության հրապարակին կից հատվածում շինությունները ցածրահարկ են լինելու: Հանրապետության փողոցին եւ հրապարակին հարող կառույցները կլինեն 5-7 հարկ՝ ընդհանուր 24-26 մ բարձրությամբ, կենտրոնական հրապարակը կունենա մինչեւ 30-36 մ բարձրություն: Այս մոտեցումը նույնպես անբեկանելի է լինելու, եւ կառուցապատողները պետք է հավատարիմ մնան դրան՝ խուսափելով երկնաքերների կառուցումից:
  

Մինչ օրս 33-րդ թաղամասի կառուցապատման չորս նախագծային մոտեցում է ներկայացվել տարբեր ճարտարապետների կողմից, սակայն ճարտարապետական հանձնաժողովը հավանության է արժանացրել վերջին նախագիծը, որով առաջարկվում է այդ հատվածը կառուցապատել հրապարակային սկզբունքով: Այդ նախագիծը նախորդների հավաք տարբերակն է, որում ներկայացված գաղափարներն ավելի պարզեցված ու հստակեցված են, ավելի ընդունելի են ճարտարապետական ու քաղաքաշինական մոտեցումների առումով:
  

Քաղաքաշինական սխեման իրականացված է այնպես, որ հնարավորություն է տալիս այնտեղ կառուցել ինչպես հանրային նշանակության, այնպես էլ բնակելի շինություններ: Համենայն դեպս հանրային նշանակության տարածքներն ըստ հաստատված սխեմայի՝ լինելու են իրացման տարածքի կեսից ավելին: Այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ:
    

  ԻՍԿ ԿՈՆԴԸ ՄՆԱՑԵԼ Է ՕԴԻՑ ԱՌԿԱԽ
     

Ինչ վերաբերում է Կոնդ թաղամասին, ապա այն կառուցապատելու երեւացող որեւէ քայլ չի արվում, ոչ էլ բարձրաձայնվում է այդ ուղղությամբ իրականացվող որեւէ ծրագրի մասին: Ուստի մնում է ենթադրել, որ Կոնդ թաղամասը աչքաթող վիճակում է, մինչդեռ ոչ պակաս ցավոտ խնդիրներ էլ այնտեղ են առկա՝ քաղաքաշինական, տարածքի իրացման եւ բնակապահովման: Այդ խնդիրները ձգձգվում են ավելի քան տասը տարի շարունակ, եւ գործուն որեւէ քայլ կարծես թե չի ծրագրվում:
  

Ի դեպ, այս թաղամասը դեռ խորհրդային տարիներից է քաղաքաշինական կարեւոր խնդիր դիտարկվել, սակայն այն ժամանակ քայլեր չեն ձեռնարկվել դրա բարեկարգման ուղղությամբ:
  

Անկախացումից հետո Կոնդում որոշակի իրացման աշխատանքներ սկսվեցին, բայց հետո դրանք դադարեցվեցին եւ այդպես կիսավարտ էլ մնում են մինչ օրս:

Թե մինչեւ երբ Երեւանի կենտրոնական հատվածում գտնվող այդ թաղամասը կշարունակի մնալ մայրաքաղաքի քաղաքաշինական ցավոտ խնդիրներից մեկը՝ հայտնի չէ: Թաղամասի կառուցապատումն ու ներդրումային ծրագրերի իրականացումը քաղաքային իշխանությունների իրավասությունն է, որոնցից էլ առաջիկայում կփորձենք պարզել՝ նրանք գոնե կառուցապատման հայեցակարգ կամ նախագիծ մշակե՞լ են, թե՞ անգամ այդ հարցին անդրադառնալու ժամանակ չի եղել: