ՇԱՀԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
07.05.2016; http://www.armworld.am/detail.php?paperid=5307&pageid=161577&lang=
Մայիսի 5-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկ, որն էլ արժանացել է կառավարության հավանությանը:
Որոշման փոփոխությամբ նախարարն առաջարկել է պետական այն ծառայողների համար, ովքեր դարձել են մատչելի բնակարաններ ձեռք բերելու ծրագրի շահառուներ, անշարժ գույքի գնման առավել շահավետ պայմաններ ապահովել` այդպիսով որոշակիորեն աջակցելով նրանց ընտանիքներին:
Իր ելույթում Նարեկ Սարգսյանը նշել է, որ նախքան այս որոշման ընդունումը ծրագրի շահառուները պարտադրված էին բանկի օգնությամբ ձեռք բերած բնակարանի ապահովագրության համար վճարել անշարժ գույքի ամբողջ արժեքի նկատմամբ կիրառվող սակագնով, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է վարկը մարողի համար եւ բացի դրանից անհավասար ու անարդար խաղի կանոններ է ստեղծում վարկատուի եւ շահառուի միջեւ:
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշում է, որ ձեռք բերվող անշարժ գույքի ապահովագրման պահանջի նպատակն է ապահովագրել բանկին հնարավոր ռիսկերից, իսկ բանկի հնարավոր առավելագույն ռիսկի չափը չի կարող գերազանցել փաստացի տրամադրված վարկի մեծությունը:
Այդ դեպքում ստացվում է, որ ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում վարկատուն հատուցում է ստանալու անշարժ գույքի ամբողջ արժեքի չափով՝ անկախ տրամադրված վարկի գումարից, մինչդեռ ապահովագրությունը պետք է միայն վերականգնի պատճառված վնասները: Փաստորեն ծրագրի շահառուն ապահովագրում է գույքն ավելի մեծ արժեքով, քան բանկի հնարավոր ռիսկի չափն է, յուրաքանչյուր ամիս ապահովագրման դիմաց վճարելով ավելի մեծ գումար:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրը՝ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ապահովագրման պայմաններում եւ այսուհետ ապահովագրության համար սակագինը կկիրառվի միայն տրամադրված հիփոթեքային վարկի մնացորդի նկատմամբ: Արդյունքում շահառուն որոշակի ժամանակահատվածը մեկ ավելի ու ավելի քիչ ապահովագրական գումար կվճարի` հաշվի առնելով, որ հիփոթեքային վարկը նվազող մեծություն է:
Հիշեցնենք, որ Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է 2014թ., իսկ այն կյանքի կոչելու եւ վերահսկելու իրավասությունը տրվել է քաղաքաշինության նախարարությանը: Զարմանալի չէ, որ նախարարությունը նման հոգածություն է ցուցաբերում ծրագրի շահառուների նկատմամբ` փորձելով հնարավորինս բարելավել նրանց կողմից անշարժ գույքի ձեռքբերման պայմանները: Ի սկզբանե նրանց բավական մատչելի պայմաններ են առաջարկվում` ի տարբերություն անշարժ գույքի ընդհանուր շուկայում առաջարկվող պայմանների:
Պետական ծառայողների համար կառուցվող շենքերում բնակարանների վաճառքի գինը համեմատաբար մատչելի է շուկայական գներից` 1քմ-ի համար 310 հազար դրամ է, իսկ եթե բնակարանը վերանորոգված չէ` 285 հազար դրամ: Ընդ որում՝ որպես կանխավճար պահանջվում է վճարել ամբողջական գումարի 7,5 տոկոսը, իսկ վարկը տրամադրվում է 10 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով: Եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն` նորակառույցներում բնակարան գնողների՝ բանկից փոխառած հիփոթեքային վարկի տոկոսները մարվելու են աշխատավարձերի եկամտահարկի հաշվին:
Արդեն իսկ 266 պետական աշխատող հասցրել է օգտվել պետության կողմից ընձեռված այս հնարավորությունից եւ մատչելի տարբերակով բնակարան գնել հանրահայտ «Երազ» թաղամասում, որտեղ էլ կառուցվել եւ շարունակում են կառուցվել ծրագրով նախատեսված բազմահարկերը: Նախատեսվում է մինչեւ 2018թ. եւս 170 պետական ծառայողի բնակարան հատկացնել այս պահին վեր խոյացող նորակառույցներում: