ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.04.2016

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼԸ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ Է

29.04.2016; http://armworld.am/detail.php?paperid=5300&pageid=161390&lang=

Օրերս ճարտարապետների միությունում քննարկվել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է միության եւ քաղաքաշինության նախարարության համատեղ ջանքերով:
  

Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ այդ նախագծի ընդունումն ու կիրառումը հրատապ խնդիր է, քանի որ ճարտարապետության բնագավառում կան բազմաթիվ բացեր, որոնց պատճառով մեծապես տուժում է քաղաքաշինությունը եւ ճարտարապետի մասնագիությունը. «Մեզանում ճարտարապետության ոլորտը բարձիթողի վիճակում է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ այժմ ունենք ներդաշնակությունից հեռու, չափորոշիչներին եւ օրենքներին հակասող, անվերահսկելի քաղաքաշինություն:
  

Շուտափույթ հարկավոր է ոլորտը կանոնակարգել այնպես, որ այն դառնա կառավարելի, եւ յուրաքանչյուր ճարտարապետ ինքը պատասխանատվություն կրի իր նախագծի համար: Այդ դեպքում օրենքներն ու սահմանված քաղաքաշինական չափորոշիչներն այնքան հեշտ չի լինի խախտել»:
  

Ճարտարապետը առաջնային է համարում մասնագիտական ինքնակարգավորման ինստիտուտի ստեղծումը, որի լիազորությունների շրջանակն ավելի մեծ կլինի եւ այն համապատասխան լծակներ կունենա ճարտարապետական գործունեությունը վերահսկելու համար:
  

Ճարտարապետների միությունը, լինելով հասարակական կազմակերպություն, օրենքի համաձայն նման լիազորություններ, եւ իրավասություններ չունի, ուստի այն հարկավոր է ավելի լուրջ կառույցի վերաձեւել, որը կկարողանա զբաղվել ոչ միայն մասնագետներին արտոնագրեր տրամադրելով, այլեւ նրանց հմտությունները մշտապես կատարելագործելով` շարունակական կրթությունը կազմակերպելու եւ գիտական, ստեղծագործական կարողությունները զարգացնելու միջոցով:
  

Կառույցը նաեւ հնարավորություն կունենա վերահսկել այս կամ այն ճարտարապետի իրականացրած որեւէ նախագիծը եւ կանխել օրենքների ու չափորոշիչների խախտումները, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել ճարտարապետների իրավունքները:
  

Նախագծով նախատեսվում է նաեւ ճարտարապետական գործունեության թույլտվության համար մասնագետներին լիցենզիայի փոխարեն արտոնագրեր տրամադրել, ինչն արդեն կլինի ոչ թե որեւէ գերատեսչության, այլ ոլորտը վերահսկելու կոչված կառույցի իրավասությունը:
  

Մինչդեռ այսօր, Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ, օրենքն այնքան մեղմ է, որ ճարտարապետական գործունեություն ծավալելու թույլտվություն կարող է ստանալ ցանկացած այլ մասնագիտություն ունեցող անձը` անասնաբույժ, տնտեսագետ, ուսուցիչ, եւ նախագծեր իրականացնել:
  

Ըստ միության նախագահի` արտոնագրեր կտրվեն միայն այն ճարտարապետներին, ովքեր բարձրագույն ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի կաշխատեն որեւէ կազմակերպությունում` փորձառու մասնագետի մոտ, եւ կհմտանան իրենց գործում: Միայն դրանից հետո նա կարող է ինքնուրույն պատվերներ ընդունել եւ նախագծեր իրականացնել:
  

Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ, որը նախագծի հեղինակներից մեկն է, համոզված է, որ օրենքի նախագիծը կյանքի կոչելու շնորհիվ վերջապես հնարավոր կլինի պայքարել հատկապես մայրաքաղաքում իրականացվող անկանոն եւ լոկալ` քաղաքաշինական միջավայրի հետ որեւէ առնչություն չունեցող կառուցապատումների դեմ։
  

«Մեր երկրում ճարտարապետական գործունեությունը շատ խառնիխուռն է, որեւէ ընդհանուր ուղղվածություն չունի` ի շահ ազգային ավանդույթների եւ դիմագծի: Այն, ինչ արվում է ոլորտում, խիստ հատվածային է` կտրված ընդհանուր համատեքստից: Կոպիտ ասած` ով ինչ ուզում է, անում է` առանց հաշվի նստելու այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են ընդհանուր միջավայրը, միջավայրի հետ նախագծի ներդաշնակեցումը, ճարտարապետության ազգային ավանդույթները, սահմանված չափորոշիչները:
  

Ճարտարապետների գործունեությունն էլ համակարգված չէ, մի մասնագետը չգիտի, թե իր գործընկերն ինչ է նախագծում, որպեսզի իր աշխատանքը համաձայնեցնի նրա նախագծի հետ: Ուստի զարմանալի չէ, որ միայն Երեւանը հազար տեսակի դեմք ունի` միմյանցից անկախ եւ անհամահունչ:
  

Մեր առաջարկած նախագծով ի վերջո կլինի մի կառույց, որը կկարողանա կապել բոլոր գործող ճարտարապետների գործունեությունը միմյանց հետ եւ պարտադրել, որ նրանք միմյանց հետ հաշվի նստեն եւ ստեղծեն միջավայրին համահունչ ճարտարապետություն` վերահսկելով նրանց աշխատանքը»,- վստահեցնում է ճարտարապետը:
  

Այսօր ով ինչ պատահի նախագծում է` առանց հստակ պատկերացում ունենալու կառույցի գործառույթների մասին: Օրինակ, ստեղծվում են արտադրական շինություններ, որտեղ տվյալ արտադրությունը կազմակերպելը անհարմար է, քանի որ շենքը կառուցելիս դրա համար անհրաժեշտ չափորոշիչները հաշվի չեն առնվել:
  

Կամ այսօր շատ են կառուցում բիզնես կենտրոններ, որտեղ սենյակներում աշխատողները կարող են տարբեր հիվանդություններ ձեռք բերել, քանի որ դրանք զրկված են բնական լույսից եւ թթվածնի ահրաժեշտ քանակությունից` պատուհանների բացակայության, ցածր առաստաղների պատճառով:
  

Մյուս կողմից, այդ շինությունները կառուցելիս հաշվի չի առնվում դրանց մշակութային, քաղաքաշինական արժեքը: Սաշուր Քալաշյանն այս ամենի պատճառներից մեկն էլ համարում է այն, որ ճարտարապետը ինչ-որ նախագիծ անելիս ազատ չէ եւ պարտադրված է պարզապես կատարել պատվիրատուի` կառուցապատողի կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերը, ինչը հաճախ քմահաճույքի է վերածվում:


Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ըստ գործող ընթացակարգի, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններին։ Եթե նրանց կողմից նոր առաջարկություններ եւ առարկություններ չլինեն, եւ նախագիծը հերթական անգամ վերանայելու անհրաժեշտություն չառաջանա, ապա այն վերջապես կներկայացվի կառավարության հաստատմանը։