«ԵՐԱԶ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ
11.03.2016; www.armworld.am
Երեկ կառավարությունը հաստատեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին նախագիծը:
Քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեղեկացմամբ` դեռ 2014թ. կառավարության կողմից հաստատված այդ ծրագրով, որի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման եւ վաճառքի աշխատանքները կազմակերպում եւ ղեկավարում է քաղաքաշինության նախարարությունը, արդեն 266 պետական աշխատող մատչելի բնակարաններ է ձեռք բերել:
Այժմ նախատեսվում է մինչեւ 2018թ. եւս 170 շահառուի ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնել. «Կառավարության 2016թ. փետրվարի 25-ի նիստում հավանության է արժանացել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնցի փողոցի 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվել է, որ այդ կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կառավարության առանձին որոշմամբ նախատեսված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունը կնքում է ծրագրի շահառուներին տրամադրած հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման համար վարկային ռեսուրսներ տրամադրելու մասին պայմանագիր եւ դրա մասին ծանուցում է քաղաքաշինության նախարարությանը: Այսինքն՝ ծրագրի այս փուլը նույնպես կիրականացվի «Արդշինբանկի» հետ համատեղ, որը կվարկավորի շահառուներին»:
Կառավարության որոշմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման տարածք է ընտրվել Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6/1 հասցեն, որտեղ արդեն վեր է խոյանում բազմաբնակարան շենքային հոյակերտ 1-ին համալիրը: Այն բաղկացած է 8 եւ 10 հարկանի 8 բնակելի մասնաշենքից եւ ուսումնական կենտրոնից: Բնակարաններն ընդարձակ են՝ երկուսից 5 սենյականոց:
Դրանք, ի տարբերություն շուկայում վաճառվող նորակառույցների, վաճառվում են լիովին հարդարված վիճակում: Իսկ հարդարման նյութերն ու տան հարդարանքի ոճավորումն ընտրում են տվյալ բնակարանը ձեռք բերած ընտանիքի անդամները, որպեսզի ամեն ինչ նրանց ցանկությամբ եւ ճաշակով լինի: Ամբողջական համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2017-ի գարնանը: Մնացել է ավարտին հասցնել բնակարանների վերանորոգման աշխատանքները:
Հաշվի առնելով նման մատչելի բնակարանների պահանջարկը պետծառայողների շրջանում` կառավարության որոշմամբ նախատեսվում է արդեն կառուցված համալիրի հարեւանությամբ` Ադոնցի 6/2 հասցեում, 8-10 հարկայնությամբ շենքերի բազմաբնակարան ու բազմաֆունկցիոնալ երկրորդ համալիրը կառուցել: Այն եւս ոչ միայն բնակելի տարածքներ, այլեւ մանկապարտեզ, քոլեջ, կայանատեղիներ կունենա: Երկու համալիրները արդեն կամբողջացնեն Արաբկիր վարչական շրջանում վեր խոյացած նոր «Երազ» թաղամասը` յուրօրինակ դիմագծով եւ հիմնականում երիտասարդ ընտանիքներով բնակեցված:
Քաղաքաշինության նախարարության ներդրումային ծրագրի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆՑԻ տեղեկացմամբ` «Երազ» թաղամասում կառուցված շենքերի բնակարանների վաճառքի գինը համեմատաբար մատչելի է շուկայական գներից` 1քմ-ի համար 310 հազար դրամ է (285 հազար՝ չվերանորոգված):
Այդ ծրագիրը պայմանների առումով շահավետ է՝ ամբողջական գումարի 7,5 տոկոսի չափով կանխավճար, վարկի 10 տոկոս տոկոսադրույք, 20 տարի մարման ժամկետ, ի հավելումն՝ եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն` նորակառույցներում բնակարան գնողների՝ բանկից փոխառած հիփոթեքային վարկի տոկոսները մարվելու են աշխատավարձերի եկամտահարկի հաշվին:
Ինչպես վստահեցնում է պաշտոնյան` օրենքի այս փոփոխությունից հետո ծրագրի շահառուների թիվը կրկնակի ավելացել է, քանի որ դրա շնորհիվ մեղմվել են հիփոթեքային վարկի տրամադրման պայմանները` թեթեւացնելով նաեւ շահառուների ֆինանսական բեռը:
Ի դեպ, քաղաքաշինության նախարարը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու այս փուլի համար կատարված փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս շահառուներին ավելի մատչելի գներով բնակարաններ ձեռք բերել` սեփական ընտրությամբ. «Այս փուլով շահառուներին հնարավորություն կընձեռվի ընտրություն կատարել` վերանորոգված, հարդարված, թե չվերանորոգված, բայց շատ ավելի մատչելի գնով բնակարան գնել: Եթե 1 քմ-ի համար նախատեսված է 310 հազար դրամ վճարել, ապա չհարդարված տեսքով բնակարանները կվաճառվեն արդեն 1 քմ-ն 285 հազար դրամով: Այսպես նաեւ շատ ավելի սուղ ֆինանսական հնարավորություն ունեցող պետաշխատակիցները կկարողանան օգտվել մեր ծրագրից»:
Արթուր Սարգսյանցի հավաստիացմամբ` ծրագրին մասնակցելու համար դիմումատուների թիվը բավականաչափ մեծ է, սակայն կառավարությունն առայժմ միջոցներ չունի բոլորի պահանջները բավարարելու եւ նրանց մատչելի բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն տալու համար: Հավանաբար այդ նպատակով ծրագիրը հետագայում եւս շարունակական կլինի, սակայն առայժմ կառավարությունն ի վիճակի է բավարարել 436 պետծառայողների:
Ծրագիրն իրականացնողները փորձում են առավելագույնս թափանցիկություն ապահովել բնակարանների բաշխման ժամանակ, որպեսզի ծրագրից դուրս մնացածները չբողոքեն անարդարացի ընտրությունից: Մասնակիցներն ընտրվում են փուլերով կազմակերպված վիճակահանությամբ, եւ շահողները փաստորեն «Երազի» բնակիչ են դառնում պատահականության, կամ ինչպես իրենք են ասում` բախտի բերումով: