ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻԻ ՏՆԱԿԱՅԻՆ ԱՎԱՆՈՒՄ
16.02.2016; www.armworld.am
Հարցազրույց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ
-1988-ի ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան քառորդ դար, բայց մինչ օրս մոտ տասը հազար մարդ շարունակում է գոյությունը պահպանել տնակներում: Ովքե՞ր են այդ մարդիկ, արդյոք նրանք եւս աղետի հետեւանքով չէ՞, որ տնակների հույսին են մնացել:
-Միայն տնակների հույսին չեն: Գյումրիում դեռեւս կանգուն են երբեւէ գործող գործարանային կիսափուլ հանրակացարանները, որտեղ նույնպես մարդիկ են ապրում եւ շատ ավելի անտանելի պայմաններում: Այդ կացարանները գրեթե զրկված են կտուրից, դրանցում չկան կոմունալ տարրական հարմարություններ: Եվ նման պայմաններում մարդիկ կարողանում են իրենց գոյությունը պահպանել:
Բարեբախտաբար, երկրաշարժից անօթեւան դարձած գյումրեցիները, կարելի է ասել, արդեն ապահովված են բնակարաններով: Նրանց մի մասն էլ, ովքեր բնակապահովման ծրագրի շահառուներ են համարվել, շուտով կստանան բնակարանների գնման վկայականներ եւ կապահովվեն տանիքով:
Բայց քանի որ երկրաշարժի հետեւանքով անօթեւանների ցուցակը ձեւավորվել եւ հաստատվել է 2008թ. նոյեմբերի 1-ին, բնակապահովման ծրագրից դուրս են մնացել բազմանդամ ընտանիքների այն անդամները, ովքեր դրանից հետո են ընտանիք կազմել ու զավակներ ունեցել:
Բանն այն է, որ պետությունը շահառուներին փոխհատուցում է ճիշտ նույնքան մակերեսով բնակարաններով, որքան նրանք կորցրել են երկրաշարժի ժամանակ: Իսկ բազմացող ընտանիքների համար միշտ չէ, որ այդ մակերեսները բավարարում են, եւ որոշ, այսպես կոչված, ենթաընտանիքներ դուրս մնացին այդ բնակարաններից:
Ուստի մեր առաջարկությամբ կառավարությունն առանձին որոշմամբ թույլատրեց այդպիսի բազմանդամ ընտանիքների նոր ձեւավորված ընտանիքներին՝ շարունակել ապրել տնակներից մեկում: Նրանք պաշտոնապես անօթեւան չեն ճանաչվել, բայց ըստ էության պարտադրված են ապրել ժամանակավոր կացարաններում:
Տնակներում են ապրում նաեւ այլ համայնքներից Գյումրի տեղափոխված սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք իրենց համայնքներում ապրելու տեղ չեն կարողացել գտնել: Իսկ քանի որ Գյումրիում դեռեւս կան տնակային ավաններ, որտեղ կարելի է շատ էժան տնակ վարձել կամ անգամ գնել, այդ առումով մեր քաղաքը գրավիչ է մնացած համայնքների անապահով ընտանիքների համար: Տնակային ավաններում ապրողների գրեթե 25 տոկոսը այլ համայնքներից են եւ ըստ էության երկրաշարժից անօթեւան դարձած ընտանիքներ չեն:
Բացի դրանից, պետությունը բնակարաններով ապահովելու ծրագրին մասնակցելու համար այնպիսի չափորոշիչներ է սահմանել, որ երկրաշարժից բոլոր տուժածները չեն ընդգրկվել դրանում: Օրինակ, ըստ այդ չափորոշիչների` փոխհատուցման ենթակա են այն ընտանիքները, որոնք մինչ երկրաշարժն ապրել են բազմաբնակարան շենքերում: Բայց այն ժամանակ ոմանք աշխատել են որեւէ գործարանում եւ հանրակացարանում են բնակվել կամ սեփական տուն են ունեցել: Այդ մարդիկ նույնպես այսօր շարունակում են տնակներում գոյատեւել:
-Ի՞նչ է լինելու նրանց հետ, կա՞ն ծրագրեր այդ մարդկանց եւս բնակարաններով կամ գոնե մշտական հուսալի կացարաններով ապահովելու համար:
-Նրանց համար առանձին ծրագրեր դեռեւս չեն նախատեսվում: Մտավախություն ունեմ, որ պետությունն այլեւս նրանց համար որեւէ ծրագիր չի իրականացնի` սուղ բյուջեի պայմաններում: Այսինքն` պետական միջոցները բավարար չեն նման ծրագրեր իրականացնելու համար:
Թերեւս միայն ներդրումային եւ Գյումրին աշխուժացնելու այլ ծրագրերի իրականացման միջոցով հնարավոր լինի այդ հարցը լուծել, բայց դա էլ այսօր քիչ հավանական է թվում, քանի որ քաղաքն այնպիսի վիճակում է, որ ամենեւին հրապուրիչ չէ որեւէ ներդրման համար, բիզնես միջավայր ստեղծելու համար:
Անգամ այնտեղ գործող բիզնեսներն են փակվում, քանի որ քաղաքի բնակչությունը զգալիորեն նվազել է, եղածներն էլ վճարունակ չեն` աղքատության կամ ծայրահեղ աղքատության պատճառով: Նման պայմաններում ի՞նչ բիզնես կարող է գոյատեւել: Թերեւս միայն այնպիսին, որի սպառման շուկան Գյումրին չլինի: Բայց գոնե այդ բիզնես ծրագրերի միջոցով հնարավոր լինի մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել ու նրանց աշխատանքով ապահովել, հնարավորություն տալ ապրուստի միջոցը սեփական աշխատանքով վաստակել, ինքնադրսեւորվել ու դուրս գալ աղքատության ճիրաններից:
Այլապես բարեգործությամբ ցավին հնարավոր չէ դարման անել: Հակառակը, շարունակական բարեգործությունն ի վերջո կարող է չարիք դառնալ, քանի որ մարդու մեջ հոգեբանական կախվածություն է առաջանում իրեն օգնելուց, նրան դարձնում անաշխատունակ, ոչինչ չնախաձեռնող, ծույլ եւ անկարող:
Առայժմ այլ ելք չունենք՝ բացի այդ մարդկանց պարբերաբար օգնելուց: Նրանց մասին չհոգալ՝ կնշանակի թողնել, որ այդ մարդիկ, ընտանիքները, որ հիմնականում բաղկացած են ծերերից ու երեխաներից, քաղցից, ցրտից ու հիվանդություններից, հուսահատությունից մահանան: Դա անթույլատրելի է: Բայցեւ այդպես չի կարող ընդմիշտ շարունակվել: Պետությունը պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկի:
-Գյումրու տնակային ավանում քանի՞ ընտանիք է բնակվում եւ ինչպիսի՞ պայմաններում:
-Այնտեղ մոտ 3000 ընտանիք է բնակվում` 10 հազար քաղաքացի, ինչը Գյումրիի բնակչության մոտ 12 տոկոսն է կազմում:
Տնակային ավանում սոսկալի վիճակ է, մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, տնակները գրեթե խարխլվել են: Դե պատկերացրեք՝ ինչ վիճակում կլինեն դրանք, եթե երկու տարվա համար էին նախատեսված, բայց արդեն 27-28 տարի է՝ շահագործվում են: Այդ ավաններում առկա են հասարակության գրեթե բոլոր բացասական երեւույթները` խտացված ձեւով:
Նախ տնակներում ապրողները մեկուսացած են համայնքից, կարծես թե երկու համայնք կա քաղաքում` բուն Գյումրին եւ տնակային ավանների Գյումրին: Նրանք չեն կարողանում ինտեգրվել հասարակությանը, քանի որ չքավոր են, չեն կարողանում մասնակցել հասարակական կյանքին: Օրինակ, երեխաները հիմնականում վեցերորդ-յոթերորդ դասարանից հետո թողնում են դպրոցը, ոմանք ընդհանրապես չեն հաճախում դպրոց` կարիքի մեջ լինելու կամ հիվանդության բերումով, այդտեղի բնակիչները գործազուրկ են, տնակներից հազվադեպ են մարդամեջ դուրս գալիս:
Այս ամենի հետեւանքով հասարակության մեջ առաջացել է մի շերտ, որի անդամները գրագետ չեն, հաճախ անգամ տառաճանաչ չեն, տառապում են տարբեր քրոնիկական հիվանդություններով` անկախ տարիքից, պատանիները հիմնականում ազատվում են զինվորական ծառայությունից` լուրջ հիվանդություններ ունենալու պատճառով:
Ավանում կանայք անգամ մարմնավաճառությամբ են ստիպված զբաղվում` ապրուստի կարիքները հոգալու համար: Արդյունքում ավանում տարածված են վարակիչ հիվանդությունները, թրաֆիքինգը: Այնտեղ ապրողները մեծ մասամբ քայքայված ընտանիքներ են, որոնց տղամարդիկ հիմնականում բաժանվել են, լքել ընտանիքները, մեկնել արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել կամ ժամանակից շուտ մահացել են:
Ի՞նչ կարելի է սպասել նման հասարակությունից: Ընդ որում՝ հենց այդ ընտանիքներն են, որ ամենից շատ երեխաներ են ունենում` լույս աշխարհ բերելով քրոնիկ հիվանդություններ ունեցող, ուսում ստանալու եւ հասարակական, քաղաքացիական բարձր որակներ ստանալու հնարավորությունից զրկված, հուսալքված երեխաների:
-Գյումրիում աղքատությունը հիմնականում տնակային ավանո՞ւմ է թեւածում: Բնակարաններով ապահովված ընտանիքները, կարելի է ասել, ավելի բարվոք վիճակո՞ւմ են:
-Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Այնպես չէ, որ բնակարաններով ապահովվածները բարեկեցիկ կյանքով են ապրում: Վերջերս այցելեցինք բնակարաններից մեկում ապրող մի բազմանդամ ընտանիքի: Նրանք մեզ չէին դիմել` գոնե վառելափայտ ստանալու համար, մտածելով, որ մեր կազմակերպությունն օգնում է հիմնականում տնակային ավանում ապրողներին: Փոխարենը այրել էին տան ամբողջ կահույքը եւ անցել մանրահատակին:
Սոսկալի վիճակ էր: Այդ ընտանիքում վեց անչափահաս երեխա է ապրում մոր հետ: Ապրում են բազմազավակության նպաստով: Գիտե՞ք` որքան այդպիսի ընտանիքներ կան: Մենք չենք հասցնում բոլորին օգնել, ներուժը բավականացնում է ծայրահեղ վիճակում գտնվող տնակային ավանի բնակիչներին օգնել:
-Կազմակերպությունն ինչո՞վ է աջակցում այդ ընտանիքներին:
-Փորձում ենք հնարավոր ամեն ինչով օգնել` ինչի կարիք որ ունենում են այդ բնակիչները, բայց միայն ամենաանհրաժեշտ կարիքներն ենք բավարարում` սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, իսկ ձմռանը վառելափայտ ենք տրամադրում:
Բացի դրանից, կենտրոնը նրանց օգնում է իրավունքների ու շահերի պաշտպանության հարցում: Հատկապես պետության կողմից սոցիալական ծրագրերի, այդ թվում՝ նաեւ բնակարաններով ապահովման ծրագրի իրականացման շրջանակներում անօթեւան ընտանիքներին իրավաբանական խորհրդատվություն ենք տրամադրում, օգնում փաստաթղթերի լրացման հարցերում, մոնիտորինգ իրականացնում, որպեսզի ծրագրերը նպատակային իրականացվեն եւ կոռուպցիոն ռիսկերի չենթարկվեն:
Մենք ամեն օր մոտ 20-25 չքավոր, կարիքավոր ընտանիքի հետ ենք շփվում եւ նրանց խնդիրները, հոգսերը հասկանալով` նաեւ առաջարկությունների փաթեթներ ենք կազմում եւ ներկայացնում կառավարության մարմիններին` սկսած հենց կառավարությունից, Ազգային ժողովից, վերջացրած քաղաքապետարանով եւ մարզային իշխանություններով: Մեր նման նախաձեռնության շնորհիվ էր, որ քաղաքային իշխանությունները կենցաղի տունը հիմնեցին, որտեղ ավանի բնակիչները կարող են լողանալ, օգտվել վարսահարդարի ծառայություններից:
Վերջերս էլ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի հետ համատեղ տնակային ավաններում ապրող երեխաների համար կրթական զարգացման կենտրոն ենք հիմնել, որտեղ 130 երեխա է հաճախում դպրոցից հետո, սնվում է եւ դասերը պատրաստում, ներգրավվում կրթական տարբեր միջոցառումներում ու ծրագրերում:
-Ի՞նչ միջոցներով եք իրականացնում բարեգործությունները, այդ նպատակով համագործակցո՞ւմ եք պետական կառույցների հետ:
-Պետական կառույցների հետ համագործակցում ենք այնքանով, որ նրանք երբեմն կյանքի են կոչում մեր ներկայացրած առաջարկները: Բայց ֆինանսական աջակցություն մեզ հիմնականում տրամադրում են Սփյուռքում գործող հայկական բարեգործական կառույցները կամ արտասահմանյան կառույցները, ինչպիսին «Փարոսն» է:
Նաեւ անհատներն են օգնում: Ի դեպ, վերջերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում ստացած պետական մրցանակով սահմանված ավելի քան մեկուկես մլն դրամ գումարը հատկացրեց «Շիրակ կենտրոնին»` մեր կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի համար:
Ողջունելի եւ գովելի է նախարարի արարքը, եւ լավ կլինի, որ այն վարակիչ դառնա: Ի վերջո եթե բոլորս սրտացավ լինենք մեր երկրի համար եւ փորձենք դուրս բերել այն աղքատության ճիրաններից, հասարակությունը կառողջանա` ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես:
Նախարարը մեր հայեցողությանն է թողել, թե ինչպես կծախսենք գումարը: Մենք էլ դրա մի մասը նախատեսել ենք վառելափայտ գնելու համար, մի մասով կահույք կգնենք բնակարան ստացած որոշ շահառուների համար, գրենական պիտույքներ՝ կարիքավոր ընտանիքների երեխաներին, ովքեր դպրոց հաճախելու խնդիր ունեն: Բացի դրանից, ընդունակ երեխաներին կաջակցենք, որպեսզի նրանք զարգացնեն իրենց ընդունակությունները տարբեր ոլորտներում:
Ցավոք հենց տնակային ավանում օժտված երեխաները քիչ են: Հասկանալի է, որ դրա համար նաեւ միջավայրը, կենցաղը պետք է նպաստավոր լինի, որպեսզի երեխան կարողանա ի ցույց դնել իր ընդունակությունները: Բայց որքանով հնարավոր է բացահայտել նրանց, մենք կօգնենք: Ով իմանա` ապագայում գուցե մենք դեռ լսենք նրանց անունները: