ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.01.2016

ԱՆԾԱՆՈԹ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԸ

30.01.2016; www.armworld.am

Արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքաշինության նախարարության «Ալ. Թամանյան թանգարան-ինստիտուտում» ցուցադրվում են ճարտարապետի անհատական արխիվում պահվող նամակներն ու բացիկները` բնօրինակներով եւ վերծանված տարբերակներով:
  

Այդ նամականին վարպետի ժառանգությունը գնահատող արվեստասերների համար այլ տեսանկյունից է բացահայտում Թամանյան մարդուն, մասնագետին եւ իր հայրենիքի զավակին: Եթե մինչ օրս շատերս ճարտարապետին ճանաչում էինք նրա կերտած Երեւանով, ճարտարապետական գլուխգործոց շինություններով եւ դրանցով արտահայտած յուրօրինակ ձեռագրով, ապա նամակները մեզ հնարավորություն են տալիս ծանոթանալու նրա ամբողջական գործունեությանը, կյանքի պատմությանը, ապրումներին ու մտորումներին, ընտանեկան ու ընկերական հարաբերություններին, որոնք արտացոլվել են ինչպես վարպետի գրած, այնպես էլ իր հարազատների, ընկերների ու բարեկամների կողմից իրեն հասցեագրված նամակներում:
  

Ցուցադրված նմուշներն արխիվում պահվող նամակների ընդամենը փոքր մասն են, բայց, ըստ թանգարանի տնօրեն, ինչպես նաեւ ճարտարապետի շառավիղ ՀԱՅԿ ԹԱՄԱՆՅԱՆԻ` դրանք այնպես են ընտրվել, որ հնարավորինս ընդգրկուն ներկայացնեն Թամանյան անհատին ու մասնագետին:
  

«Ընտրել եք այն նամակները, որոնք առավել հետաքրքիր կլինեն նախեւառաջ ոչ մասնագիտական շրջանակների համար, նրանց, ովքեր գնահատում են ճարտարապետի արվեստը եւ կցանկանան նրա մասին ավելին իմանալ` մանրամասներով»,- ասում է թանգարանի տնօրենը:
  

Իր ընկերներից մեկին` Եվգենի Լանսերեին գրած նամակներից մեկի տողերն ի հայտ են բերում հայրենասեր ու հայրենանվեր, հայրենքի զարգացմանն ու բարօրությանը սեփական տաղանդը ծառայեցնելու պատրաստակամ անհատին:
  

Նամակում Թամանյանը գրում է. «Ես որոշել եմ հաստատվել այստեղ եւ բժշկի նման հնարավորինս բուժել դաժան ճակատագրի հարվածների տակ կքած հայրենիքիս վերքերը: Ես իմ երգն արդեն երգած եմ համարում մինչեւ վերջ, այլեւս ինձ համար ուրիշ որեւէ բան չեմ փնտրում եւ շատ ուրախ եմ, որ մինչեւ ծերություն կարող եմ այստեղ դատարկ տեղում ինչ-որ բան ստեղծել` աշխատելով արվեստի, մասնավորապես ճարտարապետության ոլորտում: Իհարկե, ես չեմ տեսնի այն, ինչի մասին երազում եմ Հայաստանի համար, բայց ցանկանում եմ գոնե Հայաստանում ապագա շինարարության հիմքը դնել եւ ճարտարապետական առումով ուղղորդել այն իմ ցանկալի հունով»:
  

Թանգարանում ինձ ուղեկցող զբոսավար ՆԱԻՐԱ ՇՈՎԳԱՐՅԱՆԸ այս տողերը ներքին հպարտությամբ էր մեջբերում՝ նշելով, որ վարպետն առաջին անգամ Հայաստան գալու եւ այստեղ իր տաղանդն ու գիտելիքները ներդնելու որոշումն ինքնակամ է կայացրել` առանց որեւէ մեկի հրավերի, այնքան որ սիրում էր Հայաստանը եւ հավատում, որ իր նման նվիրյալների շնորհիվ հնարավոր կլինի հնի ու նորի համադրմամբ կառուցել այնպիսի մայրաքաղաք, որը կկարողանա մրցակցել եվրոպական զարգացած քաղաքների հետ:
  

Ցուցահանդեսին ներկայացված նամականին սկսվում է հենց այն շրջանից, երբ Թամանյանն արդեն Հայաստանում էր: Դրանք մեծ մասամբ ուղղված են իր ծննդավայր Կրասնոդարում մնացած ծնողներին` Հովհաննես Թամանյանցին եւ Մարիա Պոպովային (մոր ազգանունը Տերտերյան էր, սակայն Ռուսաստանում նա դարձել էր Պոպովա):
  

Զարմանալի էր իմանալ, որ այդքան համբավավոր եւ ընդգրկուն աշխարհայացք ունեցող ճարտարապետ լինելով` Թամանյանն այդպես էլ երբեք չի մեկնել եվրոպական որեւէ երկիր, ընդհանրապես արտասահման` հավանաբար բազմազբաղության պատճառով: Թամանյանը շատ էր շտապում Երեւանը կառուցելիս, որպեսզի հանկարծ իր նախանշածը կիսատ չմնա, որպեսզի գոնե որոշակի դիմագիծ ստեղծի Երեւանի համար` անընդմեջ աշխատելով եւ նորանոր նախագծեր կյանքի կոչելով` դրանց վերաբերվելով լրջությամբ եւ մեծ պատասխանատվությամբ:
  

Մինչդեռ նրա ճարտարապետությունը դիտելիս այնպիսի տպավորություն է, որ նա շատ է շրջագայել եւ ուսումնասիրել տարբեր երկրների ճարտարապետությունները: Ճիշտ է, նրա նախագծած շինությունները առանձնահատուկ են, չափազանց ազգային, սակայն եվրոպական դասական արվեստի շունչ կա դրանցում:
  

Փոխարենը ընկերներից ոմանք նրան շատ են գրել եվրոպական երկրներից եւ նկարագրել, թե այնտեղ ինչպիսի ճարտարապետական մշակույթ կա: Հատկապես Մարտիրոս Սարյանը Փարիզից Թամանյանին գրած իր նամակում ամենայն մանրամասնությամբ նկարագրում է, թե ինչպիսի տներ են կառուցվում այնտեղ եւ խորհուրդ տալիս ճարտարապետին իր կառույցներում օգտագործել այս կամ այն դետալը կամ գաղափարը:
  

Մարտիրոս Սարյանի հետ նամակագրական կապի շնորհիվ իմանում ենք, թե որքան ծանր է տարել ճարտարապետն իր 13-ամյա դստեր մահը: «Ես սարսափելի վշտի մեջ եմ, մահացել է ավագ դուստրս: Այդ կորուստն ինձ համար այնքան անսպասելի էր եւ այնքան ծանր, որ մինչեւ հիմա չեմ կարողանում համակերպվել դրա հետ եւ ուշքի գալ սարսափելի տառապանքներից, որոնք ցանկացած հիվանդությունից շատ ավելի ծանր են: Իմ հոգեկան վիճակը խանգարում է ավելի մանրամասնորեն եւ ըստ պատշաճի գրել երկուսիս հետաքրքրող հարցերի մասին, որոնք վերաբերում են Հայաստանի շինարարությանը»,- գրում է Թամանյանը Մարտիրոս Սարյանին ուղղված նամակում:
  

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Ալեքսանդր Թամանյանի` Հնությունների պահպանության կոմիտեի նախագահի պաշտոնում գրած նամակները:
  

Այդ կոմիտեն նախագահելու տարիներին նա գիտարշավներ է կազմակերպում դեպի Անի եւ հայտնի մի քանի ճարտարապետների հետ ինքն էլ մասնակցում է դրանց` մասնագիտական հետազոտություններ անցկացնելու նպատակով: Սակայն հետազոտություններն անավարտ են մնում, քանի որ այդ ժամանակ արդեն թուրքերը զավթել էին Անիի մի մասը եւ թույլ չէին տալիս, որ հայ մասնագետները ոտք դնեն այնտեղ: Ավելին` ինչպես իր նամակում նշում է ճարտարապետը` նա անհանգստանում էր, որ թուրքերը կարող են ավերել զավթած տարածքում գտնվող հայկական հուշարձանները:
  

Հնությունների պահպանության կոմիտեի նախագահի պաշտոնում գրած իր մի նամակով Ալեքսանդր Թամանյանը, դիմելով Փարպիի գյուղապետին, նրան պատվիրում է Փարպիի հնագույն հուշարձան Ծիրանավորը վերցնել ոմն Խաչատուր Ղազարյանից, որը ինքնագլուխ այն վերածել էր հարդանոցի` այրելով դրա փայտե մեծ սանդուղքը: Մինչդեռ հուշարձանը 5-րդ դարի բազիլիկ կառույց է եւ ըստ Թամանյանի` եզակի արժեք ունի: Նա գյուղապետին պատվիրում է անմիջապես մաքրել կոթողը, իսկ այն հարդանոցի վերածած գյուղացուն պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ պարտավորեցնել նրան նոր սանդուղք պատրաստել:
  

Ալեքսանդր Թամանյանի նամականու հետ թանգարանում ցուցադրվում են նաեւ ազգային արխիվում պահվող մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են վարպետի կյանքին ու գործունեությանը: Այժմ թանգարանում ընթանում են նամականու եւ փաստաթղթերի ժողովածուի հրատարակության նախապատրաստման աշխատանքներ:
  

Այն, ինչ թաքցված է Ալեքսանդր Թամանյանի նամակներում, նոր աշխարհ է բացում արվեստասերների համար` հետաքրքիր մանրամասներով: Դեռեւս շատ նամակներ պետք է վերծանվեն, իսկ դա նշանակում է, որ մեզ նոր եւ գուցե անսպասելի բացահայտումներ են սպասվում նրա կյանքից, որոնք կօգնեն այլ տեսանկյունից դիտել այն հանճարեղ արվեստը, որ Թամանյանը ժառանգել է մեզ: