Հայաստանը ձգտում է ներդրումներ ներգրավել քաղաքաշինության ոլորտում
www.armenpress.am
Հայաստանի կառավարությունը ծրագրում է այս տարվա ընթացքում խթանել քաղաքաշինության ոլորտում ներդրումային միջավայրի գրավչությանը և պարզեցնել կառուցապատման ընթացակարգերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ նշված աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում:
ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառումը պայմանավորված է երկրում գրավիչ քաղաքաշինական ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման միջոցով, եվրոպական ու միջազգային չափորոշիչներին համահունչ` կառուցապատման ներդրումային ծրագրերի ներգրավման, խրախուսման և արդյունավետ իրագործման անհրաժեշտությամբ: Ծրագիրը նպատակաուղղված է պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը նպաստող մեխանիզմերի կատարելագործմանը, խուսափելով կառուցապատման գործընթացներում լրացուցիչ բեռ առաջացնող կարգավորումներից, մասնավորապես` ողջամտորեն պարզեցված պայմաններով (ըստ օբյետների ռիսկայնության աստիճանի) կառուցապատման թույլատվական համակարգի կատարելագործմանը:
Ըստ գերատեսչության, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կիրառել համալիր լուծումներ, դրանց ծավալների աճը և շարունակական իրականացումը երաշխավորելու համար: Մասնավորապես` գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է նախատեսել ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պարտադիր ներգրավվածությունը ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովներում` ելնելով շինարարության օբյեկտների օրենսդրությամբ սահմանված ռիսկայնության աստիճանի դասակարգումից:
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերը` անհրաժեշտություն կառաջանա պարզեցնել շինարարության իրականացման և տեխնիկական հսկողության լիցենզիաների տրամադրման կարգերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերին համապատասխան` հստակեցնել քաղաքաշինական համալիր փորձաքննության իրականացման կարգը: «Քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային մշակման և մեկ պատուհանից տրամադրման» ներկայումս ավարտված ծրագրին լիարժեք համապատասխանությունն ապահովելու նպատակով` նաև կճշգրտվի կառուցապատման էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգը՝ Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցներով: