ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
22.12.2015; www.armworld.am
Ինչպես հայտնի է, վերջին տարիներին շինարարության ծավալները մեզանում կտրուկ նվազել են: Քաղաքաշինության նախարարի տեղակալ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ դա պայմանավորում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որը չէր կարող շրջանցել Հայաստանը եւ իր բացասական ազդեցությունը չունենալ շինարարության ոլորտի վրա: Այդուամենայնիվ, նախարարի տեղակալը հավաստիացնում է, որ կառավարության, քաղաքաշինության նախարարության ջանքերի եւ ուղղորդված քաղաքականության շնորհիվ հնարավոր եղավ ոչ միայն կանգնեցնել անկումը շինարարության ոլորտում, այլեւ հնարավոր ծրագրերի իրականացման եւ օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ որոշակի առաջխաղացում ապահովել:
-2014 թվականից ի վեր նախարարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկում, նաեւ նախադրյալներ ստեղծվեցին ոչ միայն ոլորտում անկումը կանգնեցնելու, այլեւ որոշակի դրական տեղաշարժ, առաջխաղացում ապահովելու համար: Այս տարի արդեն առաջխաղացումն ակնհայտ է` 1,5 տոկոս աճ:
Այս տարի քաղաքաշինության նախարարությունը լուրջ ծրագրեր է մշակել եւ կյանքի կոչել, որոնք պետք է հնարավոր ներդրումների համար գրավիչ դարձնեն Հայաստանը եւ նպաստեն տնտեսության այդ ճյուղի զարգացմանը: Վերջերս, օրինակ, կառավարությունը շատ կարեւոր որոշում ընդունեց, որը վերաբերում է շինարարության փաստաթղթավորման, նախապատրաստման աշխատանքների ընթացքին:
Այդ որոշմամբ հեշտացվեցին նշված ընթացակարգերը, թույլտվությունների տրամադրման կարգը, ավելորդ, ժամանակատար եւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ու նյարդեր պահանջող քաշքշուկները վերացվեցին, շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացները եւս հեշտացվեցին եւ արագացվեցին:
Բացի դրանից, նախարարությունում ստեղծվեց ներդրումային ծրագրերի վարչություն, որն ուսումնասիրում եւ մշակում է ներդրումների պատրաստի փաթեթային առաջարկներ: Դրանք ներկայացնում ենք գործարար միջավայրի եւ հանրության ուշադրությանը` ներդրողներ գտնելու ակնկալիքով, ինչը հնարավորություն կտա, որ շինարարության ոլորտում բեկումնային աճ լինի:
Շինարարության զարգացման աճը կապահովվի նաեւ «Հին Երեւան» եւ Ֆիրդուսի թաղամասի կլոր հրապարակի կառուցապատման ծրագրերի իրականացմամբ:
Գիտեք, որ շինարարությունը մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի տնտեսության վրա: Երբ այն սկսում է աշխուժանալ, տնտեսությունը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով, այսինքն՝ սկսում են աշխուժանալ նաեւ տնտեսության շատ այլ ճյուղեր, նորանոր աշխատատեղեր են ստեղծվում: Այդ առումով ոլորտը տնտեսության ընդհանուր զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի: Այնպես որ սպասելիքները հուսադրող են:
-Այս տարի նախարարության համար հատկապես կարեւոր խնդիրը աղետի գոտին էր: Սակայն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրը չի ավարտվել:
- Ծրագիրը գրեթե ավարտական փուլում է: Դրա շահառու ճանաչված 5363 ընտանիքից 4398-ի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2014թթ. ընթացքում` 605 ընտանիքինը ֆինանսական աջակցության հատկացմամբ, իսկ 3793-ինը՝ բնակարանների տրամադրմամբ:
2015թ. դրությամբ դեռեւս լուծված չէին շահառու ճանաչված 965 ընտանիքի բնակարանային խնդիրները: Այդ անօթեւաններից 45 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով կառավարության այս տարվա նոյեմբերի 19-ի որոշմամբ արդեն իսկ համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի եւ Լոռու մարզպետարաններին, իսկ մոտ 270 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով միջոցներ են նախատեսվել 2016թ. պետական բյուջեով: Մնացած 650 ընտանիքի բնակարանային խնդրի լուծումը նախատեսված է 2016-2017թթ. ընթացքում:
-Շահառուներին բնակարանով ապահովելու նպատակով Գյումրիում 2012թ. կառուցվեց 38 բազմաբնակարան շենք, որոնցից բնակարան ստացած ընտանիքների հետ՝ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքումը բավականին ձգձգվեց: Իսկ այդ ընթացքում բնակարան ստացած շահառուներ մահացան: Ինչպե՞ս է լուծվելու նրանց բնակարանների նվիրատվության հարցը:
-Ինչպես հայտնի է, նշված շենքերի բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացին հնարավոր էր անդրադառնալ միայն կառուցապատումն իրականացրած ընկերության կողմից շենքերը սահմանված կարգով երկրի սեփականությանը հանձնվելուց հետո: Այդ գործընթացը տեւել է 2015թ. հունիսից մինչեւ սեպտեմբեր ամիսը, որին զուգահեռաբար մեկնարկել է նաեւ շենքերից բնակարան ստացած ընտանիքների հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:
Չնայած գործընթացի ուշ մեկնարկին` 2015թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ արդեն իսկ կնքվել է 1002 բնակարանի նվիրատվության պայմանագիր: Ընդ որում՝ պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաեւ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են պետական տարեկան բյուջեներից հատկացված միջոցների հաշվին:
Ինչ վերաբերում է բնակարանը ստանալուց հետո մահացած անձանց, ապա կառավարության կողմից 2015թ. օգոստոսի 6-ին ընդունվեց համապատասխան որոշում, որով Գյումրիում կառուցված 38 շենքերից բնակարան ստացած եւ գույքի տիրապետումը ստանձնած անձանց մահվան դեպքում նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրի կնքման նվիրառուի իրավունքը վերապահվում է մահացածի ժառանգությունն ընդունած ժառանգներին: Այսինքն՝ բնակարանի նվիրատվության պայմանագրերը կնքվում են մահացած անձի ժառանգի կամ ժառանգների հետ:
-Նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացն արագացնելու նպատակով վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտություն չկա՞:
-Նման անհրաժեշտություն իրոք կա, քանի որ դեկտեմբերի 21-ի դրությամբ Սպիտակում 2010թ. կառուցվել է 199 բնակելի տուն` նախատեսված ծրագրի շահառու ճանաչված անձանց համար: Սակայն դեռեւս 125 բնակելի տան նվիրատվության պայմանագիր է կնքվել:
Գյումրիում 2010թ. շահառու ճանաչված ընտանիքներին հատկացված 1037 բնակարանից կնքվել է 907-ի նվիրատվության պայմանագիրը, իսկ 2012թ. շահառու ընտանիքներին հատկացված 1754 բնակարաններից՝ 1002 բնակարանի նվիրատվության պայմանագիր:
Նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը որոշակի իմաստով դանդաղում է` կապված բնակարանները ստացած անձանց կողմից իրենց ժամանակավոր կացարանները դեռեւս քանդված չլինելու կամ բնակարան ստացած ընտանիքի անդամների օրինական ներկայացուցչությունը նոտարական գրասենյակում ապահովող փաստաթղթերը ներկայացրած չլինելու, ընտանեկան անհամաձայնությունների պատճառով: Ուստի մշակվել եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում է գտնվում կառավարության համապատասխան որոշման նախագիծը:
-Հասարակական կազմակերպությունների, համայնքների, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բնակապահովման ծրագրի շրջանակներում անօթեւան ընտանիքների նկատմամբ ձեւավորված պարտավորությունների ամբողջական կատարումից հետո անգամ կմնան ժամանակավոր կացարաններում բնակվող մի քանի հազար ընտանիքներ: Ե՞րբ է նախատեսվում անդրադառնալ այդ ընտանիքների բնակարանային խնդիրներին:
-Այդ ընտանիքները տարբեր պատճառով եւ հիմնականում՝ ոչ աղետի հետեւանքով անօթեւանի կարգավիճակում հայտնվածներն են, եւ նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ այս ծրագրի ավարտից հետո՝ հանրապետությունում առկա նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների առկայության պարագայում:
Ընդ որում՝ կարեւորվում է Հայաստանի տարեկան պետական եւ համայնքային բյուջեներով այդ ուղղությամբ նախատեսված հատկացումների հաշվին, ինչպես նաեւ պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` արտաբյուջետային աղբյուրների ներգրավման միջոցով ծրագրերի իրականացումը` փուլային եւ տարածքային մոտեցումների կիրառմամբ:
Այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հնարավորության հարցը դիտարկելով հիմնականում սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման համատեքստում` կառավարության 2013թ. դեկտեմբերի 26-ի նիստի արձանագրության 22-րդ կետով հավանության է արժանացել սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարությունը, որը սոցիալական բնակֆոնդի զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթը կլինի` միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար:
-2016թ. նախարարությունը շինարարության ոլորտում ի՞նչ նոր եւ շարունակական կարեւոր ծրագրեր է իրականացնելու:
-Իհարկե, մենք հետամուտ կլինենք մեր նախորդ տարիների նախագծած ծրագրերի շարունակական իրականացմանը` ընդհանրապես քաղաքաշինության ոլորտի զարգացման, առաջխաղացման նպատակով։ Բացի դրանից, առաջիկա տարում եւ հետագա տարիներին եւս` մինչեւ 2020թ., Ասիական զարգացման բանկի միջոցով կիրականացնենք նաեւ հանրապետությունում դպրոցաշինության մի շարք ծրագրեր: Այդ նպատակով 120 մլն դոլարի ներդրում է արվելու: