ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.12.2015

ԵՐԵՎԱՆԻ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀԻԱՑՐԵԼ Է ԲՈԼՈՐԻՆ

04.12.2015; www.armworld.am

Օրերս Վ.Սարգսյան 3 հասցեում հանդիսավորապես կբացվի կառավարական վարչական շենքերի նոր համալիրը, որն արդեն հասցրել է հասարակության մեջ հայկական Սպիտակ տուն անվանումը ստանալ։ Համալիրի կառուցապատված եւ բարեկարգված տարածքը սկիզբ է առնում նախկին «Սեւան» հյուրանոցի սահմանագծից` հասնելով մինչեւ գլխավոր դատախազության շենք եւ Վ. Սարգսյան փողոցից մինչեւ Զաքյան փողոցի հատվածը:

Համալիրում կտեղակայվեն արտաքին գործերի, արդարադատության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները: Ընդ որում՝ ընտրությունը կամայական սկզբունքով չի արվել: 

Նախ՝ հաշվի առնելով, որ արտգործնախարարության շենքը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանն օտարելու պատճառով էր նաեւ, որ որոշվեց վարչական շենքերի համալիրը կառուցել, ուստի առաջին հերթին հենց այդ նախարարությունն իր «բնակարանամուտը» կնշի նոր վայրում: Արդարադատության նախարարությունն էլ փաստորեն կվերադառնա իր նախկին հասցեում տեղակայված շինություն, քանի որ հենց Վ.Սարգսյան 3-ում էր գտնվում նախարարության՝ կրակի ճարակ դարձած նախկին շենքը:

Սփյուռքի, կրթության եւ մշակույթի նախարարություններին էլ նախապատվությունը տրվել է այն պատճառով, որ դրանք հումանիտար, հոգեւոր-մշակութային ոլորտներին են առնչվում։ Նպատակահարմար է համարվել երեքին էլ նույն հարկի տակ տեղակայել: Սփյուռքի նախարարությանը նոր համալիրում տեղ հատկացնելիս հաշվի է առնվել նաեւ արտգործնախարարության հետ համագործակցությունը սփյուռքին առնչվող հարցերում: 

Կառավարական նոր համալիրը կառուցվել է երկրի նախագահի նախաձեռնությամբ: Նախագահը, կարեւորելով առանց մշտական տեղակայման վայրի մնացած նախարարութուններին վարչական շենքով ապահովելու, ինչպես նաեւ նախարարությունների համար ժամանակակից չափորոշիչներով ու հնարավորություններով շենք կառուցելու խնդիրը, հատուկ որոշմամբ նպաստել է շենքի շինարարությանը, որն էլ նախագծային տեսքով կյանքի է կոչել Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: 

Ի դեպ, կառույցի շինարարության ողջ ընթացքն իրականացել է նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողությամբ: Նա ժամանակ առ ժամանակ այցելում էր շինհրապարակ եւ հետաքրքրվում շինարարության ընթացքով:

Դատելով սոցիալական ցանցերում տեղադրված համալիրի լուսանկարներին արած հիացական մեկնաբանություններից ու հավանության նշաններից՝ կարելի է ասել, որ համալիրը շահել է երեւանցիների համակրանքը, նրանց հավանությանն է արժանացել աչք շոյող տեսքի, հանդիսավորության, ճարտարապետական ու ծավալային լուծումների, ճերմակ գույնի համար: Շինությունների արտաքին գրավչությունն ու շքեղ սպիտակ գույնն ապահովվել է շինարարության համար կիրառված բազալտ եւ տրավերտին տեսակի քարերով: Իսկ համալիրի ճակատային մասի համար քարը հատուկ բերվել է Ստեփանակերտի Սզնեկի քարհանքից։ Այդ քարը առանձնանում է իր որակական բարձր հատկանիշներով, դիմացկունությամբ եւ տեսքի գրավչությամբ: 

Արտաքին տեսքից ամբողջական շինությունը գերող է, իսկ ծավալային լուծումները դրան ազդեցիկություն են տալիս: Սպիտակ տան ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է մոտ 30 հազար քառ. մետր, այդ աշտարակաձեւ ծավալ ունեցող տարածքում կառուցված են ոճով միմյանց ներդաշնակ եւ յուրօրինակ լուծումներով արված մի քանի մասնաշենքեր՝ առաջին գծի վրա մինչեւ 6 հարկ հարկայնությամբ, իսկ հետեւի գծում՝ մինչեւ 9 հարկ: 

Բայց շենքի առավելությունը եւ գրավչությունը միայն արտաքին տեսքը չէ. կառուցված լինելով ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներով՝ դրանում մեկտեղվել են հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը, նախարարություններին տրամադրված տարածքները ընդարձակ են, լուսավոր, հագեցած քաղաքաշինությանը եւ ճարտարապետությանը ներկայացվող ժամանակակից չափորոշիչներով արված լուծումներով ու հարմարություններով, ինչը պակասում է ներկայիս որոշ նախարարությունների, մասնավորապես ԱԳՆ-ի շենքերին:

Գլխավոր վարչական մասնաշենքի հորինվածքն այնպիսին է, որ տարբեր գերատեսչությունների համար նախատեսված մուտքերն առանձին են` իրենց նախասրահներով, վերելակներով եւ աստիճանավանդակներով: 

Այնտեղ հարմարություններ են ստեղծվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց՝ թե՛ աշխատողների, թե՛ այցելուների համար։

Սպիտակ տան տարածքում նաեւ կայանատեղիներ են կառուցվել, ինչը փողոցներն ու մայթերը ծառայողական մեքենաների կուտակումներից բեռնաթափելու եւ ավելորդ խցանումները կանխելու լավագույն լուծումն է:

Ի դեպ, տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի անցուդարձը առավելագույնս հարմարավետ դարձնելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել եւ կառուցվել են համալիրի մոտով ձգվող երկու նոր փողոցներ: Առաջինը զուգահեռ է Վ.Սարգսյան փողոցին, անցնում է գլխավոր վարչական կառույցների հետնամասով` կապվելով դեպի «Մարիոթ» Արմենիայի» բակային մասնաշենք տանող ճանապարհահատվածին։ Հետագայում այն նախատեսվում է կապել նաեւ Խորենացի փողոցի հետ: Երկրորդն ուղղահայաց է Վ.Սարգսյան, Զաքյան փողոցներին եւ կապ է ստեղծում հիշյալ երկու փողոցների միջեւ:

Նախարարությունների նոր վարչական շենքերի համալիրը դրական է գնահատվել նաեւ մասնագետների կողմից։ Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ կարեւորել է համալիրի կառուցումը՝ ասելով, որ մենք նման կառույցի անհրաժեշտությունն ունեինք թե՛ վարչական, թե՛ ճարտարապետական իմաստով. համալիրը բացի նրանից, որ որոշ նախարարությունների գործունեությունը պատշաճ կազմակերպելու համար ավելի հարմարավետ պայմաններ է ապահովելու, մեկ գրավչություն եւս ավելացրեց Երեւանի քաղաքաշինական դիմանկարում՝ սպիտակ գույնով ու ճարտարապետական ազգային ավանդույթների ու նորագույն պահանջների համադրման յուրօրինակ մատուցմամբ: 

Դիզայներ ԺԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ համոզմամբ՝ նախարարությունների նորակառույց շինությունը նոր երանգ է հաղորդել Շահումյանի հրապարակին՝ ավելի արդիական տեսք տալով դրան: Ըստ նրա՝ ժամանակակից լուծումների եւ ավանդական ճարտարապետական արժեքների ներդաշնակ համադրումով նախագծող ճարտարապետը կարողացել է նոր խոսք ասել, գունագեղություն ավելացնել մայրաքաղաքի դիմագծին:

Իսկ ճարտարապետ ԱԼԲԵՐ ԱՃԵՄՅԱՆԻ կարծիքով՝ Նարեկ Սարգսյանի նախագծած շինությունն իր յուրահատուկ կշիռն ունի երեւանյան շինությունների մեջ եւ իր արտահայտչական միջոցներով համահունչ է գործառական նպատակին, բավարարում է պետական շինություններին ներկայացվող պահանջներին: