ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԴԱՌՆՈՒՄ
06.10.2015; www.armworld.am
Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ երեկ կառավարության նիստերի դահլիճում էին հավաքվել ճարտարապետներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր ու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Օրը նշանակալից էր բոլորի, հատկապես ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտին առնչվող մասնագետների ու պաշտոնյաների համար, քանի որ այդ տոնի շնորհիվ առանձնահատուկ կերպով նշանավորվում է ճարտարապետի մասնագիտությունը եւ նրա` դարերի համար ստեղծվող աշխատանքը:
Մասնագիտական տոնի առթիվ նրանց շնորհավորեց երկրի վարչապետը` նշելով, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժեւորվել է, ունեցել իր ուրույն տեղն ու դերը:
Քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, անդրադառնալով ճարտարապետի մասնագիտությանը, կարեւորեց ազգային ավանդույթներին հավատարիմ մնալու եւ միաժամանակ արդի միտումներին հետեւելու կարողությունը. «Իմ խորին համոզմամբ հայերը ճարտարապետական ստեղծագործական միտք եւ փորձառություն արտահանող ժողովուրդ են: Դա է ցույց տալիս մեր ամբողջ պատմությունը: Դա են վկայում օտարների բազմաթիվ վկայությունները եւ ուսումնասիրությունները:
Այսօր մեզ անհրաժեշտ են միասնական ջանքեր` Սփյուռքի եւ Արցախի հետ մեր կարողությունները համախմբելու համար, որպեսզի զարգացնենք մեր քաղաքներն ու գյուղերը, լրացնենք եւ գեղեցկացնենք դրանց ճարտարապետական դիմագիծը, փայփայենք ազգային առանձնահատկությունները` առավելագույնս օգտագործելով միջազգային փորձը եւ տեղական հնարավորությունները, այդ թվում՝ մարդկային եւ բնական ռեսուրսները: Այդ դեպքում միայն մեզ կհաջողվի լինել միջնադարի եւ հետագա տարիների հայ կառուցող վարպետների արժանի ժառանգորդները»:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ դեռ նախորդ տարի նախարարությունն առանձնացրել էր բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթությունները: Այս տարի այդ ուղղությամբ բավական քայլեր են արվել` հիմնականում օրենսդրական դաշտում: Կառավարությունն արդեն ընդունել է եւ մոտ օրերս խորհրդարանի հաստատմանը կուղարկի Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի նախագիծը:
Ըստ նախարարի` այդ օրենքը կոչված է կարգավորելու ոլորտում առկա մի շարք բացթողումներ` մասնավորապես կենտրոնի համար նոր քաղաքաշինական փաստաթուղթ մշակելու, կառուցապատման խտության կարգավորման, շինարարության գործընթացի պատասխանատվությունների ապահովագրման, նոր տեխնոլոգիաների եւ կանաչ ճարտարապետության կիրառման, հողահատկացման գործընթացի կազմակերպման, ճարտարապետական մրցույթների անցկացման, ինչպես նաեւ խախտումների համար պատժամիջոցների կիրառման ուղղությամբ:
Կառավարությունը նաեւ քննարկել է եւ շուտով կառավարության համաձայնեցմանը կներկայացնի Ճարտարապետների միության հետ համատեղ մշակված «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը լուծում է ոլորտի կարեւորագույն խնդիրները, այդ թվում՝ ճարտարապետների արտոնագրերի տրամադրումը՝ ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանի, ճարտարապետների վերապատրաստման հարցերը, ճարտարապետական էթիկայի հարցերի կանոնակարգումը, ճարտարապետների հոնորարների, վճարների եւ այլ հարցեր:
Քաղաքաշինության նախարարությունը միաժամանակ մշակում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի նախագծի փոփոխությունները, որտեղ ի թիվս բազմաթիվ հարցերի` նաեւ առաջարկություն է ներկայացվում ձեղնահարկերի օրենսդրական կարգավորման վերաբերյալ:
Օրենսդրական նախաձեռնություններից բացի քաղաքաշինության նախարարությունը քայլեր է ձեռնարկել երիտասարդ մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու եւ նրանց ներուժն արդյունավետորեն օգտագործելու համար։
«Ճարտարապետների առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրն այսօր նրանց եւ հատկապես երիտասարդների զբաղվածությունն է: Այս ուղղությամբ հարցի լուծումը մեկն է՝ ապահովել Հայաստանի շինարարության ոլորտի զարգացումը: Ինչպես գիտեք, անցած տարի քաղաքաշինության նախարարությունը, որոշակի վերափոխելով նախարարության վեկտորը, իր կազմում ստեղծեց կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն՝ նպատակ ունենալով մշակել Հայաստանի տարածքների համար գրավիչ ներդրումային ծրագրեր:
Այսօր կարող եմ ասել, որ ծանրակշիռ աշխատանք է տարված այս ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են եղել ներդրողների հետ, ինչը մեզ հնարավորություն է տալիս համոզմունք հայտնելու, որ 2016 թվականը այս առումով կարող է դառնալ բեկումնային: Վստահ եմ, որ սրանով վերջ կդրվի վերջին տարիներին ձեւավորված այն արատավոր սովորույթին, երբ ճարտարապետներն ավելի շատ ասոցացվում են ճարտարապետության կամ ճարտարապետների մասին խոսողների, քան ճարտարապետություն ստեղծողների մասնագիտության հետ»,- նշեց նախարարը:
Ի դեպ, երեկ Ճարտարապետի միջազգային տոնին զուգընթաց իր հիմնադրման 25-ամյակն էր նշում նաեւ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը։
Ճարտարապետի տոնի եւ թանգարանի հոբելյանի կապակցությամբ այնտեղ երեկ բացվեց Պալյան ճարտարապետական գերդաստանի «Մասունքներ... ծանոթ եւ անծանոթ Պալյաններ» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը: