ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.09.2015

ՖԻՐԴՈՒՍԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎՈՒՄ

23.09.2015; www.armworld.am

2007թ. Երեւանի 33-րդ թաղամասը, որը հայտնի է որպես Ֆիրդուսի թաղամաս, ճանաչվեց «հանրային գերակա շահ», եւ այնտեղ մասամբ իրականացվեցին բնակելի տների իրացման աշխատանքներ: Սակայն գործընթացն անավարտ մնաց: Դրա հետեւանքով մինչ օրս այդ թաղամասն անբարեկարգ ու անհուսալի վիճակում է, իսկ իրացված տների բնակիչների զգալի մասը ապրում է վարձով։ Սակայն կարծես թե սառույցը սկսել է տեղից շարժվել, քանի որ այդ թաղամասի կառուցապատման եւ անօթեւան մնացած բնակիչների փոխհատուցման ուղղությամբ արդեն հստակ քայլեր են ձեռնարկվում, որոնցից են վարչապետին կից աշխատանքային խմբի ստեղծումը, բնակիչների հետ հանդիպումներ կազմակերպելն ու նրանց հետ փոխհամաձայնության գալը:

Ամիսներ առաջ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների եւ բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Ֆիրդուսի շուկայի տարածքի (կամ 33-րդ թաղամասի)՝ որպես Երեւանի քաղաքաշինական կարեւոր խնդիրներից մեկի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

Նախարարը նշել է, որ այդ տարածքի ձգձգված կառուցապատումը կարեւոր է այնքանով, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան, մասնավորապես տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման առ այսօր չլուծված հարցը: Այժմ կարճաժամկետ ծրագրի շրջանակներում կառավարությունը փորձում է բավարարել բոլոր չփոխհատուցված բնակիչներին՝ նրանց համարժեք գումարային փոխհատուցում վճարելով կամ համապատասխան բնակտարածքներով ապահովելով: Նախկին ֆիրդուսցներից մի մասի բնակարանային հարցերն արդեն լուծված են, մյուսները սպասում են իրենց հերթին:

33-րդ թաղամասի նախկին բնակիչների բնակապահովման խնդիրները հոգալուն զուգահեռ՝ քայլեր են ձեռնարկվել նաեւ թաղամասի ներդրումային կառուցապատման ուղղությամբ:

Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ իրացման ենթակա տարածքի մասին կառավարության որոշումներին հաջորդել է կառուցապատման հայեցակարգի, նեդրումային փաթեթի ստեղծումը: Այժմ արդիական հարցը այդ տարածքի կառուցապատման համար հնարավոր ներդրողներ գտնելն է: Ինչպես տեղեկացնում են քաղաքաշինության նախարարությունից՝ կարծես թե այդ հարցն էլ ընթացքում է: Կառուցապատման ծրագրի պաշտոնական ներկայացումից հետո այն որոշ ներդրողների մեջ հետաքրքրություն է առաջացրել: 

Քաղաքաշինության նախարարն արդեն հանդիպել է ավելի քան 30 արտերկրյա ներդրողների հետ՝ մասնավորապես ՌԴ-ից եւ Մերձավոր Արեւելքից, եւ արդեն հստակ ֆինանսավորողներ կան, որոնց հետ այժմ բանակցային եւ պայմանագրային գործընթացներ են ընթանում: Իսկ դա նշանակում է, որ մոտ ապագայում 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագիրը գոնե կարող է մեկնարկել՝ մայրաքաղաքի կենտրոնը համալրելով եւս մեկ բարեկարգված եւ նորակառույց թաղամասով:

Իսկ թե ինչպիսի՞ն է լինելու Երեւանի այդ հատվածի տեսքը, ի՞նչ գործառական նշանակության շինություններ են դրանում կառուցվելու՝ կորոշեն ներդրողները:

Նրանց համար շահավետ պայմաններ են առաջարկվում: Մասնավորապես այն, որ ամեն ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իրացման հարցերն ամբողջությամբ կիրականացվեն կառուցապատող ընկերությունները՝ կառավարության համակարգման ներքո: Բացի դրանից, ենթակառուցվածքների հետ կապված հարցերը նույնպես կհոգան համապատասխան գերատեսչությունները՝ ներդրողին զերծ պահելով ավելորդ քաշքշուկներից եւ ժամանակի կորստից:

Այդուհանդերձ ներդրողների առաջ որոշակի սահմանափակումներ կդրվեն եւ կպարտադրվեն որոշակի չափորոշիչներ՝ քաղաքաշինության նախարարության կազմած 33-րդ թաղամասի կառուցապատման հատակագծային կառուցվածքի, սխեմայի համաձայն: Ներկայացված ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծումները եւ հատակագծային կառուցվածքը քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովում եւ հավանության արժանացել:

Քաղաքաշինության նախարարության խորհրդատու ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱՐԽԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ՝ կառուցապատման տարածքը պարփակված է Տիգրան Մեծի, Խանջյան, Փավստոս Բուզանդի եւ Հանրապետության փողոցներով: Ըստ նրա՝ Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախեւառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Այն ընդգրկում է ավելի քան 5 հա տարածք, որտեղ կառուցապատման խտությունը կկազմի 30-39 տոկոս: 

Թաղամասում բավական մեծ՝ 85 մ տրամագծով կլոր հրապարակ է նախատեսված, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ: Արտավազդ Թարխանյանը հավաստիացնում է, որ կլոր հրապարակը մայրաքաղաքի համար յուրօրինակ է լինելու՝ դրանից դուրս եկող ճառագայթաձեւ փողոցներով. «Մեր ունեցած հրապարակները օվալաձեւ են, ուղղանկյուն կամ երկրաչափական այլ ձեւ ունեն: Այս լուծմամբ՝ կունենանք նաեւ կլոր, յուրօրինակ հրապարակ, որը կամբողջացնի թաղամասի տեսքը եւ նոր գրավչություն կտա մայրաքաղաքին»:

Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու, որպեսզի համահունչ լինեն այդ տարածքի շինություններին: Հանրապետության փողոցին եւ հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ՝ ընդհանուր 24-26 մ բարձրությամբ, կենտրոնական հրապարակը կունենա մինչեւ 30-36 մ բարձրություն:

Կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի Վերնիսաժի հետ եւ հնարավոր է՝ այն եւս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա:

Ի դեպ, կարեւորելով պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունն այդ տարածքում եւ ընդհանրապես Երեւանում՝ քաղաքաշինության նախարարության սխեմայում դրանք պահպանված են իրենց նախնական տեսքով, այսինքն՝ այդ շինությունները չեն ներառվել իրացման գոտում եւ մնալու են իրենց տեղերում՝ նախնական տեսքով: Հավանաբար դրանք հետագայում կամրացվեն ու կնորոգվեն՝ նոր թաղամասին համահունչ տեսք ստանալով:

Քաղաքաշինական սխեման իրականացված է այնպես, որ հնարավորություն է տալիս այնտեղ կառուցել ինչպես հանրային նշանակության, այնպես էլ բնակելի շինություններ: Ամբողջ թաղամասը բաժանված է 18 լոտերի, որոնք կվաճառվեն առանձին կառուցապատողների: Եվ այն լոտերը, որոնք ունեն ներքին բակի հնարավորություն՝ նպատակահարմար կհամարվեն հենց բնակելի կառուցապատման համար: 

Այդուհանդերձ կառույցների գործառական նշանակության վերջնական ընտրությունը ներդրողինն է լինելու, նա է որոշելու, թե ինչ նշանակության շինություն է ուզում կառուցել իր գնած հողակտորի վրա՝ բազմաբնակարան շինությո՞ւն, հյուրանո՞ց, թե՞ հասարակական նշանակության կառույց: Համենայն դեպս հանրային նշանակության տարածքներն ըստ հաստատված սխեմայի՝ լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Քաղաքաշինության նախարարությունը ավտոկայանատեղի է նախատեսել, որը, ըստ նախարարության խորհրդատուի, 2-3 հարկանի կլինի եւ կբավարարի թաղամասի բնակիչների եւ այցելուների ավտոկայանատեղիների պահանջը:

33-րդ թաղամասի կառուցապատման ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: