ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.09.2015

ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆ

04.09.2015; www.armworld.am

Հարցազրույց Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
   
-Այս տարի լրանում է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի 25-ամյակը: Հիմնադրման օրվանից դուք ղեկավարել եք այս կառույցը՝ լինելով նաեւ նրա հիմնադիրը: 25 տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհ է անցել թանգարանը եւ ի՞նչ ձեռքբերումներ ունի:

-25 տարին շատ արագ անցավ, եւ երբ փորձում ես հետադարձ հայացք գցել, թվում է՝ ավելի շատ պետք է արվեր, քան արվել է: Մյուս կողմից էլ` արել ենք այն, ինչ հնարավոր էր: Թեպետ պետք է խոստովանեմ, որ թանգարանի ստեղծումը սկսել ենք զրոյից: Նման հիմնարկ չի եղել, եւ մենք հիմնել ենք` չունենալով տարածք, արխիվ, ֆոնդ, ֆինանսական միջոցներ: Ընդամենը եղել է նախաձեռնություն, եւ մեզ պատրաստակամորեն օգնել են բոլոր իրավասու օղակները: 

Իհարկե, թանգարանում շատ ավելին արված կլիներ, եթե մեր երկիրն անցած չլիներ շրջափակման, Ղարաբաղի պատերազմի, հետպատերազմյան շրջանների միջով: Այդ ամենի գիտակցումով մենք միշտ աշխատել ենք զուսպ եւ համակերպվող լինել եւ կառավարության հատկացրած համեստ միջոցներն օգտագործելով` ստեղծել այն, ինչ այսօր կա: 

Իսկ ձեռքբերումներն այնքան էլ քիչ չեն: Մենք երբեւէ չենք ունեցել ճարտարապետական արխիվ-ֆոնդարան, քանի որ ոլորտին վերաբերող նյութերը հավաքվում էին պետական արխիվում, մասամբ՝ պատմության թանգարանում եւ գիտատեխնիկական արխիվում: Դրանք հիմնականում փաստաթղթերի ձեւով էին, այլ ոչ թե անձնական արխիվի, նյութերի կամ մանրակերտների: Եղածն էլ ցաքուցրիվ էր:

Բայց թանգարանի շնորհիվ ստեղծվեց ճարտարապետական մեծ արխիվ, մասնագիտական գրադարան: Այստեղ հավաքված են մինչուրարտական ժամանակաշրջանից մինչեւ մեր օրերի հայ ճարտարապետությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ արտերկրում ապրած եւ ստեղծագործած հայ ճարտարապետների արխիվներն ու ժառանգությունը:

Եթե 25 տարի առաջ չունեիք մեկ փաստաթուղթ անգամ, այսօր միայն մշակված նյութն անցնում է 80 հազարը: Այդքան էլ չմշակված նյութ ունենք: Միայն թե թանգարանի աշխատակազմն է սահմանափակ, քանի որ արխիվային պաշարը թելադրում է նոր աշխատողների քանակ եւ որակ, նոր տարածք: 

Ասեմ, որ այդ խնդիրները քաղաքաշինության նախարարի ուշադրության կենտրոնում են, եւ ակնկալում ենք, որ մոտ ապագայում թանգարանին հարմարավետ տարածք կտրամադրվի: Այն ժամանակ վերջապես կարող ենք մշտական ցուցադրություն ունենալ, ցուցադրել հայ ճարտարապետաշինարարական արվեստը` քարի դարից սկսած մինչեւ մեր օրերը, ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում, ինչպես նաեւ արտերկրում, քանի որ համաշխարհային ճարտարապետության մեջ հայ ճարտարապետները մեծ ավանդ ունեն:

-Այսինքն՝ մինչ օրս թանգարանը մշտական ցուցադրություն չունի՞: Բայց չէ՞ որ թանգարանների հիմնական գործառույթը հենց դա է:

-Այո, բայց մեր ունեցած տարածքը մեզ այդ հնարավորությունը չի ընձեռում: Դեռ լավ է, որ թանգարանը մշտական կացարան ունի: Երբ այն նոր էր սկսել գործել, մենք տարածք չունեինք: Մինչդեռ գիտեք, որ հավաքված թանգարանային նյութը միայն արխիվացնելու համար չէ, այն պետք է շրջանառել: Իսկ դրա լավագույն ձեւը ցուցադրելն է: 

Տարածքի բացակայությունը, իհարկե, մեզ չի խանգարում գոնե թեմատիկ ցուցահանդեսներ կազմակերպելուն: Հենց թանգարանի հիմնադրման տարվանից սկսեցինք թեմատիկ շրջիկ ցուցադրություններ կազմակերպել, քանի որ մշտական ցուցադրության համար ո՛չ ֆոնդ ունեինք, ո՛չ էլ տարածք: Ստիպված էինք այլ տարածքներ վարձակալել:

Թանգարանն իր կացարանն ունեցավ միայն 1996թ.: Տարածքը, որտեղ մենք այժմ տեղակայված ենք, կառավարական 3-րդ մասնաշենքի միջանցքն էր: Այժմ ցուցասրահ ունենք, բայց այն չի բավարարում մշտական ցուցադրության համար: Ինչ խոսք, այս կացարանն իրականում թանգարանին հարմար չէ, մենք խցկվել ենք այստեղ, որպեսզի գոյատեւենք: Ուստի ստիպված ենք առայժմ առանց մշտական ցուցադրության գործունեություն ծավալել:

-Բացի ցուցադրություններ կազմակերպելուց թանգարան-ինստիտուտը մեկ այլ բարի ավանդույթ էլ է ձեւավորել` ամեն տարի «Տարվա նախագիծ եւ կառույց» մրցույթ անցկացնելով: Ո՞րն է այդ նախաձեռնության նպատակը:

-Հասկանալով, որ Հայաստանում ճարտարապետները նախագծային շատ ծրագրեր են իրականացնում, բացի դրանից երկրում աշխուժանում է շինարարական գործընթացը, նոր շենքեր, շինություններ են կառուցվում, մենք տեղին համարեցինք այդ նախագծերն ու կառույցները ներկայացնել մրցութային հարթակում: 

Ի դեպ, մի քանի տարի առաջ պարզվեց, որ դրանով հետաքրրքված են նաեւ արտերկրի մեր հայրենակից ճարտարապետները, ովքեր նույնպես ներգրավված են հայաստանյան ճարտարապետական գործընթացներում: Ուստի որոշվեց մրցույթը նաեւ համահայկական դարձնել: Անցած տարի այդ մրցույթը, որ արդեն անցկացվում էր քաղաքաշինության նախարարության հովանու ներքո, վերափոխվեց երեւանյան ճարտարապետական բիենալեի, որին մասնակցում էին տեղացի եւ արտերկրի մեր ճարտարապետները: 

Դրսի ներուժը Հայաստան բերելու հարցում մեծ դեր ունի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Մենք աշխարհում ունենք 5 հազարից ավելի գործող ճարտարապետ, եւ Նարեկ Սարգսյանն ընկալեց` եթե ունենք այդքան մեծ բանակ, ապա այն պետք է համախմբել եւ օգտագործել ի շահ Հայաստանի շենացման:

Արդեն հստակեցրել ենք, որ մեկ տարի կանցկացնենք համահայկական մրցույթ` աշխարհի հայ ճարտարապետների եւ Հայաստանի ճարտարապետների համատեղ մասնակցությամբ, իսկ հաջորդ տարի` հանրապետական մրցույթ: 

Այդ մրցույթները, բնականաբար, ինքնանպատակ չեն եւ զուտ մեր հետաքրքրության համար չեն կազմակերպվում, այլ հստակ նպատակներ ունեն: 

Առաջինը` այդպես փորձում ենք որակական որոշակի չափորոշիչներ սահմանելով` նախագծող հեղինակներին շահագրգռել նոր ուղիներ փնտրելու ճարտարապետության մեջ, նոր լուծումներ առաջարկելու: Մրցույթներից հետո հրատարակում ենք հատուկ մենագրություններ, որտեղ ներկայացվում են բոլոր աշխատանքները, եւ այդ մենագրությունները բաժանվում են բոլոր մասնակիցներին, գրադարաններին, որպեսզի մասնագետները նոր գաղափարներ տեսնեն, սովորեն ու կիրառեն դրանք իրենց գործերում: 

Երկրորդ` ճարտարապետական ամեն մրցույթում նոր միտք է լինում, եւ այն անպայման չէ որ կիրառելի լինի: Դա տեսնում են ցուցադրության մասնակիցները, ամրագրում եւ հետագայում այդ միտքը ծնում է նոր միտք, ստիպում ճարտարապետին զարգացնել իր երեւակայությունը, նոր խոսք ասել իր ոլորտում: 

Ցուցադրություններին մասնակցում են նաեւ պատվիրատու շինարարները, եւ ես վստահ եմ, որ ցուցադրված նյութը դիտելով` գեղագիտական ճաշակ են ձեւավորում, ընկալում ճարտարապետական մոտեցումները եւ հետագայում իրենց պատվերներում դա հաշվի են առնում: 

-Շուտով նշվելու է նաեւ Ճարտարապետի միջազգային օրը: Հայաստանում այդ տոնն առաջին անգամ անցած տարի նշվեց, թեեւ աշխարհում այն վաղուց են առանձնահատուկ նշում: Մինչդեռ մշակութային երկիր համարվող Հայաստանում ճարտարապետական արվեստին միշտ էլ կարեւոր տեղ է հատկացվել:

-Իրոք, ինչպես թանգարանը ուշ հիմնադրվեց, այդպես էլ Ճարտարապետի օրը մեզանում ուշ ընդունվեց: Բայց հիմա կարեւորն այն է, որ վերջապես այդ մասնագիտությունը մեզանում նման միջոցներով արժեւորվեց: 

Ի դեպ, միջազգային ճարտարապետների միության եւ ակադեմիայի հայտարարված Ճարտարապետների միջազգային օրը Հայաստանում սկսեցինք նշել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ, որը այդ կերպ նպատակ ունի հայ ճարտարապետության համար համաշխարհային ճարտարապետական աշխարհի հետ առնչվելու, համագոծակցության եզրեր փնտրելու հնարավորություններ ստեղծել: 

Առավել եւս, որ մենք բացահայտեցինք` հայ ճարտարապետները համաշխարհային ճարտարապետության ստեղծման գործում իրենց մեծ ավանդն են ունեցել:

Դուք գիտե՞ք, որ հայ ճարտարապետությունը հատել է մեր երկրի սահմանները` հասնելով Եվրոպա, Հյուսիս, Հարավ: Պարզվում է, աշխարհի տարբեր երկրների գաղթօջախներում հայերը ճարտարապետական լայն գործունեություն են ծավալել: Միայն վերջին 200 տարվա ընթացքում մեր ամբողջ ճարտարապետական ժառանգությունը եթե դիտարկենք, կտեսնենք, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայ ճարտարապետները, շինարարները կառուցել են տարաբնույթ շենքեր, շինություններ, այդ թվում՝ պետական, ռազմավարական նշանակության, իսկ մեր տեսադաշտից դա դուրս է մնացել: Դրանք եւս մեր ժառանգությունն են, որը պիտի հավաքենք, ուսումնասիրենք եւ ի ցույց դնենք: 

Մենք արդեն նշում ենք ճարտարապետների միջազգային օրը, եւ այդ օրը պետք է նաեւ կարողանանք ներկայացնել աշխարհին, թե հայերը որքան ներդրում են ունեցել համամարդկային ճարտարապետության ժառանգության մեջ: