ՀՀ քաղաքաշինության նախարարը` Գյումրիում
01.08.2015; www.asparez.am
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, Գյումրիում իրականացվում եւ գրեթե ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի շինարարական աշխատանքները: Կապալառուն «Սիսակյան» ՍՊԸ-ն է, իսկ շինարարության պայմանագրային գինը կազմում է 890 մլն դրամ. այսինքն, մինչեւ այժմ, տարբեր տարիների, ՀՀ պետական բյուջեից շենքի շինարարության համար այդքան գումար է հատկացվել:
Շենքի կառուցման աշխատանքները սկսվել է 2006 թվականից, որն ավարտվելու է այս տարի: Այն, գրեթե պատրաստ է շահագործման. մնացել է միայն ներքին հարդարման որոշ աշխատանքների իրականացումը:
Օգոստոսի 1-ին, Գյումրի այցելած ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքներն այլեւս տարիներով չեն ձգձգվի, իսկ պետական միջոցներով մեկնարկած ցանկացած շինարարական աշխատանք կարող է առավելագույնը 3 տարի տեւել:
«Կառույցի շինարարությունը շատ երկար է տեւել, բայց կարեւորն այն է, որ անցած տարի տրամադրվեց այնքան գումար, որքան անհրաժեշտ էր, եւ կազմակերպությունը բարձր որակով է իրականացրել շինարարությունը»:
Ըստ Ն.Սարգսյանի, այս կառույցի շինարարության ձգձգման հիմնական պատճառը բյուջեի գումարի բացակայությունն է եղել: Երկրաշարժի հետեւանքով փլուզված կառույցն իր գործունեությունն իրականացնում էր տնակային պայմաններում: Այժմ, կամաց-կամաց տեղի աշխատողները տեղափոխվում են նորակառույց շենք՝ իրենց հետ տեղափոխելով նաեւ սարքավորումները:
Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիմնական ուղղվածությունն է՝ սեյսմակայուն շինարարությունը, ինժեներային սեյսմաբանությունը, հանքային երկրաֆիզիկան եւ այլն:
Ինստիտուտը սերտ գիտական կապեր է պահպանում ԱՊՀ մի շարք երկրների եւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սերբիայի, Հունաստանի, Ֆրանսիայի ու Թուրքիայի համակից ինստիտուտների եւ կազմակերպությունների հետ: Այն իրականացնում է նաեւ հետբուհական մասնագիտական կրթություն:
Նշենք որ օգոստոսի 1-ին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գյումրի էր ժամանել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային իշխանությունների մի շարք ներկայացուցիչների հետ, ծանոթացավ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նորակառույց շենքի շինաշխատանքներին: