Գյումրիում մեկնարկել է շահագործման հանձնված վերջին՝ 1756 բնակարանների սեփականաշնորհումը
25.07.2015; www.armenpress.am
Գյումրիում մեկնարկել է «Մուշ 2/2» և Անի թաղամասերի վերջին՝ 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը: Այս բնակելիները շահագործման էին հանձնվել դեռ 2012 թկականի հոկտեմբերին: Երկար սպասված գործընթացի ձգձգման հիմնական պատճառը շինարարական թերություններն էին, որոնց պատճառով «Գլենդել հիլզ»-ն ուշ ստացավ բնակելիների կադաստրային գրանցումը: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, անշարժ գույքի կադաստրում բնակելիներն իր անվամբ գրանցեց միայն շինարարական թերությունների վերացումից հետո: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն իրավասու է բնակելիների սեփականաշնորհման գործընթացն իրականացնել:
Գործընթացն իրականացվում է անվճար՝ բոլոր ծախսերը՝ և՛ նոտարական, և՛ կադաստրային, իրականացվում են պետության կողմից, բայց նոտարական պայմանագրի կնքումից հետո, եթե բնակիչը 1 ամսվա ընթացքում, իր մեղքով, չի իրականացնում բնակարանի կադաստրային գրանցումը, ապա բոլորը ծախսերը՝ և՛ նոտարական, և՛ կադաստրային պետք է կատարի ինքը:
Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 11:00-ից «Գյումրի» տարածքային նոտարական գրասենյակում իրականացվում է բնակիչ-ՀՀ քաղաքաշինության նախարարություն-նոտար պայմանագրերի կնքման գործընթացը: ՀՀ քաղաքաշինության նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Ղալթախչյանը, ով լիազորված է հանդես գալու որպես պայմանագրի կողմ, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ քաղաքաշինության նախարարություն-բնակիչ նվիրատվության գործընթացն է իրականացվում, որից հետո բնակիչները անշարժ գույքի կադաստրում ստանում են բնակարանների սեփականության վկայագրերը: «Գործընթացը նոր է մեկնարկել, բայց արդեն շուրջ 100 պայմանագիր է կնքվել: Պայմանագրերի կնքման համար պահանջվում է բնակարանի հավաստագիրը, պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր անձանց ներկայությունը, իսկ բացակայության դեպքում՝ պարտադիր նոտարի կողմից վավերացված լիազորագիր, բացի այդ, պարտադիր է ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը և դրանց պատճենները: Յուրաքանչյուր ուրբաթ նախատեսում ենք կնքել 40-50 պայմանագիր»,- նշեց Խաչատուր Ղալթախչյանը:
Ի դեպ, եթե բնակիչը չի հասցրել բերել պահանջված լիազորագիրը, ապա դա կարող է անել հետագա ուրբաթ օրերի ընթացքում: Այս գործընթացին զուգահեռ, իրականացվում է նաև փաստաթղթերի ստուգման գործընթացը: «Պարբերաբար հավաքագրում ենք փաստաթղթային փաթեթները, իրականացնում այդ փաստաթղթերի ստուգումները, որից հետո նոր կնքում պայմանագիր, իսկ եթե բնակիչը այս անգամ չի ներկայացրել պահանջվող լիազորագիրը, ապա դա կարող է անել հաջորդ ուրբաթ»,- հայտնեց պատասխանատուն:
Անդրադառնալով այս բնակելիներում դեռ առկա շինարարական թերություններին՝ Խաչատուր Ղալթախչյանը տեղեկացրեց, որ բնակիչը այս դեպքում պետք է գրի ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ուղղված դիմում, և հատուկ հանձնաժողովը կկատարի մասնագիտական ուսումնասիրություններ ու, եթե պարզվի, որ այդ թերություններն իրոք շինարարական են և ոչ շահագործման հետ կապված, ապա թերությունները կվերացվեն:
ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից պատրաստվել է որոշման նախագիծ արդեն մահացած միայնակ ծերերի բնակարանների՝ նոտարի կողմից ժառանգություն ճանաչելուց հետո ժառանգներին փոխանցելու վերաբերյալ: «Նախկինում նման մոտեցում չի եղել, բայց յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրվի: Շատ ենք ունեցել դեպքեր, երբ կեղծ փաստաթղթեր, լիազորագրեր են ներկայացվում: Այս գործընացը կարող ենք իրականացնել միայն որոշումը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո»,- ավելացրեց Խաչատուր Ղալթախչյանը: