ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.07.2015

Որքանո՞վ են սեյսմակայուն մեր շենքերը

Օրերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Էյջի Տագուչիին: Նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստան-Ճապոնիա փոխգործակցության հնարավորությունները` այդ համատեքստում առանձնացնելով երկու երկրների համար կարեւոր սեյսմակայուն շինարարության ոլորտը, որտեղ Ճապոնիան նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ լուրջ հաջողությունների է հասել: 

Հետաքրքիր է, թե Հայաստանում այդ ոլորտում ի՞նչ զարգացումներ են գրանցվել վերջին տարիներին: Այդ թեմայով զրուցում ենք քաղաքաշինության նախարարության ինժեներատեխնիկական աշխատանքների եւ շինարարական նորմավորման վարչության խորհրդատու ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

-Հաշվի առնելով, որ ինչպես Ճապոնիան, Հայաստանը նույնպես գտնվում է ակտիվ երկրաշարժերի գոտում` շատ կարեւոր է ուշադրություն դարձնել կառուցվող եւ արդեն առկա շենքերի սեյսմիկ անվտանգությանը: Ի՞նչ վիճակում են մեզանում շենքերի սեյսմակայունությանը ներկայացվող պահանջները` նորմատիվային չափորոշիչներով:

-Սեյսմակայուն շինարարության մոտեցումները սահմանվում են շինարարական չափորոշիչներով: Քանի որ Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում է 7 եւ ավելի ուժգնության երկրաշարժերի ռիսկի գոտում, մեր չափորոշիչները նախատեսում են միմիայն սեյսմակայուն շինարարություն: Այսինքն՝ բոլոր շինությունները կառուցելիս հիշյալ հանգամանքը պետք է հաշվի առնվի:

Սպիտակում երկրաշարժի ավերիչ հետեւանքների պատճառներից մեկն այն էր, որ խորհրդային սեյսմոշրջանացման քարտեզներով Հայաստանում սեյսմիկ վտանգը 7 բալ էր հաշվարկված: Հետեւաբար շինարարական նորմերը համապատասխանեցված էին այդ քարտեզին: Երկրաշարժից հետո առաջին հերթին վերանայվեց Հայաստանի սեյսմոշրջանացման քարտեզը, եւ երկրի տարածքը բաժանվեց երեք գոտու` մինչեւ 7 բալ, 7-9 բալ եւ 9 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժերի հավանականության շրջանների: Եվ ըստ այդմ համապատասխան տարածքներում համապատասխան սեյմիկ պահանջներ են ներկայացվում:

Երեւանը 9 եւ ավելի բալայնության գոտում է գտնվում, եւ այստեղ շինարարություն իրականացնող ընկերությունների առաջ պահանջ է դրվում կառուցվող շինությունների համար ապահովել հենց 9 բալանոց սեյսմիկ դիմակայության շենքեր: 

 Այնուհետ մեր առաջ խնդիր դրվեց ամբողջ նորմատիվային դաշտը փոխելու: 1995թ. մենք առաջինը ԱՊՀ երկրներում ունեցանք սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի ազգային ստանդարտը, որը համապատասխանում էր միջազգային պահանջներին: Այդ պահանջներով կառուցված շենքերն արդեն ի վիճակի են դիմակայելու համապատասխան սեյսմիկ վտանգներին:

Սակայն սեյսմիկ չափորոշիչները հարկավոր է 10-15 տարին մեկ վերանայել, որովհետեւ նոր ուսումնասիրություններ են լինում այդ ոլորտում, շինարարական տեխնոլոգիաներն են զարգանում: Մենք 2006թ. վերանայեցինք դրանք եւ մի շարք նոր մոտեցումներ եւ համապատասխան գործակիցներ ավելացրինք, որոնք ավելի են երաշխավորում շինությունների սեյսմիկ անվտանգությունը: 

 2014թ. վերանայեցինք նաեւ վերակառուցման շինարարական նորմերը: Այն ժամանակ այսպիսի միտում կար` առանց շենքերի տեխնիկական վիճակն իմանալու` դրանք կա՛մ ընթացիկ նորոգում էին անում, կա՛մ հիմնանորոգում, իսկ հետո պարզվում էր, որ շենքն անբավարար տեխնիկական կամ վթարային վիճակում է, եւ այլ մոտեցում էր հարկավոր ցուցաբերել: Ուստի հիմնական դրույթ ավելացրինք նորմերում, որի համաձայն շենքի տեխնիկական եզրակացություն լինելուց հետո նոր պետք է որոշվեր այդ շենքի ճակատագիրը: 

Մեկ այլ դրույթ էլ ավելացրինք, որի համաձայն՝ ուսումնական հաստատությունները, հիվանդանոցները, հրշեջ կայանները, սանէպիդկայանները մինչեւ հիմնանորոգում անելը պարտադիր պետք է ուժեղացվեն:

Այս բոլոր վերանայումներից հետո կարող եմ ասել, որ մեր նորմատիվային պահանջները ներկայումս համապատասխանում են միջազգային չափորոշիչներին եւ բավական հուսալի են:

-Իսկ գործնականում որքանո՞վ են կիրառվում այդ չափորոշիչները, ի՞նչ վիճակում են մեր թե՛ հին, թե՛ նոր կառուցված շինությունները երկրաշարժերին դիմագրավելու առումով:

-Գիտեք, մեզանում այսպիսի մոլորություն կա. ամեն դեկտեմբերի 7-ին հավաքվում են մասնագետներն ու սկսում հոռետեսական գնահատականներ տալ Հայաստանի, մասնավորապես Երեւանի շենքերի սեյսմիկ վիճակի մասին` ասելով, որ ուժեղ երկրաշարժ լինելու դեպքում այդ շենքերը չեն դիմանա եւ 100 տոկոսով կփլվեն:

Նախ` հստակ թվեր նշելը ճիշտ չէ: Դա կախված է շենքից, դրա տեխնիկական վիճակից, երկրաշարժի ուժգնությունից, տեսակից եւ այլն: Բացի դրանից, շատ դժվար է որոշել շենքերի սեյսմակայունության խոցելիության աստիճանը: Անգամ խորհրդային տարիներին կառուցված շենքերը բավական դիմացկուն են: 

Օրինակ, խոշորապանել շենքերը, որոնք ժողովրդի մեջ հայտնի են որպես չեխական նախագծով արված շենքեր եւ նախագծվել են Հայաստանում, Գյումրիի երկրաշարժի ժամանակ անգամ ճաք չտվեցին: Իսկ դա վկայում է այդ նախագծի հուսալիության, ամրության մասին: Այնպես որ շատ խորքային ուսումնասիրություն է հարկավոր անել նման եզրակացություն տալուց առաջ:

-Ամեն դեպքում, որքան էլ շենքը հուսալի լինի, տարիներն իրենց գործն անում են: Այդ տեսանկյունից նպատակահարմար չէ՞ պանելային այն շենքերը, որոնք կառուցվել են ԽՍՀՄ տարիներին եւ միայն յոթ բալանոց երկրաշարժերին դիմագրավելու ամրությամբ, համապատասխանեցնել մեր օրերի չափորոշիչներին:

-Այդ շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար հսկայական գումարներ են հարկավոր: Ժամանակին հաշվարկել ենք, որ Հայաստանի բոլոր 7 բալանոց սեյսմակայուն շենքերը այսօրվա սեյսմիկ պահանջներին համապատասխանեցնելու համար ամենաքիչը 25-35 մլրդ դոլար գումար է հարկավոր: Իսկ մեր երկիրն այդպիսի հնարավորություն չունի: 

Փոխարենը քաղաքաշինության նախարարությունը բոլոր շենքերն անձնագրավորելու ռազմավարություն է մշակել, ինչը հնարավորություն կտա կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել եւ հնարավորինս երկար պահպանել շենքի ամրությունն ու կյանքը: Բանն այն է, որ շենքերի մեծ մասը վթարային է դառնում կա՛մ կոյուղաջրերի` շենքի նկուղներում հավաքվելու, կա՛մ այլ խնդիրների պատճառով: Դրանք անմիջապես քիչ գումարներով վերացնելու դեպքում հնարավոր կլինի շենքի ամրությունը պահպանել: Այսինքն՝ կանխարգելումն ավելի ճիշտ, արդյունավետ ու մատչելի միջոց է, քան վթարների վերացումը: 

Ինչ վերաբերում է նորակառույցներին, ապա ժամանակակից շինարարական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի ամրակուռ եւ հուսալի շենքեր կառուցել: Հայաստանում հիմնականում զարգանում է մոնոլիտ տնաշինությունը` երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Շինանյութերը նույնպես մեր օրերում շատ ավելի հուսալի են եւ վստահելի, քան նախկինում: 

Նաեւ, ինչպես ասացի, շինարարական չափորոշիչներն ավելի խիստ են եւ այնպիսի պայմաններ են առաջադրում, որ լիովին ապահովվում է շենքի սեյսմակայունությունը այնքանով, որքանով անհրաժեշտ է: Ավելին՝ մեր չափորոշիչներում բավական գործակիցներ կան, որոնց շնորհիվ մոտ 50 տոկոս էլ պաշար է ապահովվում սեյսմակայունության համար, այսինքն՝ 9 բալանոց երկրաշարժին դիմագրավելու համար կառուցված շենքը կարող է դիմանալ նաեւ 10 բալանոցին:

Ուստի խոսակցությունները, թե նորակառույցները սեյսմիկ չափորոշիչներին չեն համապատասխանում, ճիշտ չեն:

-Ի՞նչ երաշխիք կա, որ շինարարը պահպանում է բոլոր այդ չափորոշիչները, եւ կամ շինարարության մեջ իրոք որակյալ նյութեր են օգտագործվում: Հայաստանում շինարարական վերահսկողություն գոյություն ունի՞:

-Շինարարական գործընթացը պետք է վերահսկվի տեխնիկական հսկիչների կողմից: Իսկ տեխնիկական հսկիչներին ընտրում է կառուցապատողը: Նա տեխնիակական հսկիչի մրցույթ է հայտարարում եւ ընտրում իրեն լավագույն պայմաններն առաջարկած ընկերությանը: Իսկ տեխնիկական հսկիչը հետեւում է շինարարության ողջ ընթացքին եւ թերացումների մասին զեկուցում կառուցապատողին: Պատվիրատուի, կառուցապատողի համար տեխնիկական հսկիչը լուրջ գործիք է, որով նա կապալառուին ստիպում է որակով կառուցել:

Չեմ կարող ասել, թե Հայաստանում այդ ինստիտուտը կայացած է, բայց զարգացման միտումներն առկա են:

-Այսինքն՝ կառուցապատողի բարեխղճությունից է կախված, թե որքանով որակյալ կլինի իր պատվիրած շենքը: Ավելի լուրջ վերահսկման մեխանիզմ Հայաստանում չկա՞:

-Իրոք, պատվիրատուի բարեխղճությունից շատ բան է կախված: Գաղտնիք չէ, որ որակով կառուցելն ավելի թանկ է, քան անորակը, եւ շատ հնարավոր է, որ անբարեխիղճ պատվիրատուն խնայի իր գումարները եւ չօգտվի տեխնիկական հսկողությունից, կամ ինքը թերացումներ թույլ տա: 

Արտասահմանում, օրինակ, շինարարության բարձր որակն ապահովելու համար ամենալուրջ ինստիտուտը շինարարական ապահովագրությունն է, որը Հայաստանում չկա: Ապահովագրողն ամենախիստ վերահսկողություն իրականացնողն է, որովհետեւ նա վատ ապրանքի համար իր գումարները չի ծախսի: Ուստի մինչեւ չհամոզվի, որ նախագիծը, տեխհսկողությունը հուսալի են եւ որակով, ապագա շենքը չի ապահովագրի: 

Կառուցապատողն էլ իր հերթին շահագրգռված կլինի ապահովագրություն ստանալու համար հետեւել բոլոր կանոններին ու չափորոշիչներին: