ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


24.06.2015

ՖԻՐԴՈՒՍՈՒ ԹԱՂԱՄԱՍԸ ԳՐԱՎԻՉ Է ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

24.06.2015; armworld.am

Վերջերս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի եւ մի շարք կառուցապատողների ու բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր Ֆիրդուսու թաղամասի կառուցապատման հայեցակարգ-նախագծի քննարկում
   
Նախարարը հրատապ է համարում թաղամասի կառուցապատման ծրագրի իրականացումը` որպես քաղաքաշինական առաջնային խնդիրներից մեկը, որը խոցելի վերք է դարձել Երեւանի համար: Նախեւառաջ այն պատճառով, որ տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման հարցն առ այսօր լուծված չէ: Մարդիկ ստիպված են առայժմ ապրել առանց անհրաժեշտ կենսապայմանների կիսախարխուլ տներում` սպասելով, թե երբ են իրենց նոր բնակարաններ հատկացնելու: 

Բացի դրանից, թաղամասը լինելով մայրաքաղաքի փոքր կենտրոնում` իր տեսքով աղավաղում է Երեւանի բարեկարգ տեսքը: Մինչդեռ Ֆիրդուսու շուկան եւ դրան հարակից մասը մայրաքաղաքի այն հատվածներից է, որ վաղուցվանից կառավարության որոշմամբ ներառվել է իրացման ենթակա տարածքների շարքում: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ հատվածի իրացումը մինչ օրս կյանքի չի կոչվել: 

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, ճարտարապետ-շինարար ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆԸ կարծում է, որ Ֆիրդուսու իրացման ծրագիրն անավարտ մնաց վերջին տարիներին երկրում շինարարության ոլորտի նկատելի անկման հետեւանքով. «Սկսած 2008թ. շինարարությունը, որպես տնտեսության ճյուղ, տարեցտարի անկում է ապրում, պակասում են ոլորտում արվող ներդրումները, իսկ մինչ այդ իրացման գոտի ճանաչված տարածքները, ինչպիսին Կոնդն է, 33-րդ թաղամասը, մնում են անհուսալի վիճակում»: 

Սակայն ճարտարապետը համոզված է` թաղամասը ներդրումների համար գրավիչ ներկայացնելու եւ շահավետ առաջարկներ անելու դեպքում հնարավոր կլինի գտնել կառուցապատողների, ովքեր գումարներ կհատկացնեն այդ տարածքում անհրաժեշտ շինարարական գործընթաց իրականացնելու համար. «Հարկավոր է ներդրողներին այնպիսի գրավիչ պայմաններ առաջարկել, որ իրենք համոզված լինեն` կատարած ներդրումները բազմապատկված հետ են վերադառնալու: Այլապես նրանք ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեն գումարներ ծախսել: Քաղաքի այն հատվածը, որտեղ գտնվում է 33-րդ թաղամասը, ինքնին գրավիչ է: Բայց դա բավարար չէ: 

Մեր երկրում կան մի շարք խնդիրներ` սպառողական շուկայի նեղացման, սոցիալական լարված վիճակի հետ կապված, ինչը կարող է խրտնեցնել ներդրողներին: Ուստի հարկավոր է այնպիսի ֆունկցիոնալ կառույցների նախագծեր առաջարկել այդ հատվածում, որ դրանց պահանջարկը մեր շուկայում լինի: Ներդրողը պետք է համոզված լինի, որ իր առաջարկած ապրանքը կիրացվի: Օրինակ, այսօր զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց` մեծանում է հյուրանոցների անհրաժեշտությունը: Ուստի խելամիտ կլինի իրացման գոտում հյուրանոցների կառուցման առաջարկներ արվեն եւ այլն: Մոտեցումն այդպիսին պետք է լինի»: 

Քաղաքաշինության նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում հետեւողական քայլեր է ձեռնարկում թաղամասի կառուցապատման համար ներդրողներ գտնելու ուղղությամբ: Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչների փոխհատուցման եւ տարածքի կառուցապատման համատեքստում վարչապետին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ են եղել թաղամասի բնակիչների հետ: Խնդրո առարկա տարածքի վերաբերյալ կառավարության որոշումներին հաջորդել է տարածքի կառուցապատման հայեցակարգի, ներդրումային փաթեթի մշակումը, որը գրավիչ պայմաններ է առաջարկում հնարավոր կառուցապատողներին:

Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախեւառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Ի դեպ, այդ հատվածը, որը մյուս կողմից էլ պարփակված է Տիգրան Մեծի փողոցով, ըստ Ալ. Թամանյանի գլխավոր հատակագծի` կոչվել է Հարավային պողոտա: 

Այն 5 հեկտարից ավելի տարածք է ներառում եւ նախագծով նախատեսվում է 85 մ տրամագծով կլոր հրապարակ կառուցել` մի շարք նոր փողոցներով, հասարակական եւ սպասարկման օբյեկտներով, բիզնես կենտրոններով եւ հյուրանոցներով շրջապատված: Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին: 

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր եւ շինություններ: Նախարարության ստեղծած փաթեթի համաձայն` ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իսկ իրացման խնդիրներն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ կառավարության համակարգմամբ: 

Ներդրողը նաեւ զերծ կմնա տարածքում ինժեներական ենթակառուցվածքների, բարեկարգման, լուսավորության, ասֆալտապատման խնդիրները հոգալուց: Դրանք կիրականացնեն համապատասխան ընկերությունները։

Քաղաքաշինության նախարարության նորաստեղծ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մշակած փաթեթները նոր մոտեցումներ են առաջարկում ներդրողների հետ համագործակցության ոլորտում, ինչն առավել գրավիչ է դարձնում կառուցապատման պայմանները` ներդրողներին ձերբազատելով շատ հոգսերից:

Ի դեպ, փաթեթի առավելություններից մեկն էլ այն է, որ ներդրողն այլեւս ժամանակ եւ գումար չի ծախսելու նախագծային մոտեցումների մշակման համար, դրանք նախապես կարվեն մեր ճարտարապետների կողմից` ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծումներով եւ հատակագծային կառուցվածքով հանդերձ, որից հետո իրավասու կառույցների հավանությանն արժանանալով կտրամադրվեն կառուցապատողներին: 

Նման փաթեթ է առաջարկվում Ֆիրդուսու տարածքում հնարավոր ներդրողներին: Մինչ օրս այդ թաղամասի կառուցապատման չորս նախագծային մոտեցում է ներկայացվել տարբեր ճարտարապետների կողմից, սակայն ճարտարապետական հանձնաժողովը հավանության է արժանացրել վերջին նախագիծը, որով առաջարկվում է այդ հատվածը կառուցապատել հրապարակային սկզբունքով:

Ճարտարապետ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ներկայացմամբ` այդ նախագիծը նախորդների հավաք տարբերակն է, այսպես կոչված ծաղկաքաղը, որում նախորդ գաղափարներն ավելի պարզեցված ու հստակեցված են եւ ավելի ընդունելի են ճարտարապետական ու քաղաքաշինական մոտեցումների առումով. «Ես այդ նախագիծը բավական հավանում եմ եւ կարծում եմ, որ քաղաքի այդ հատվածի համար այն իրատեսական է: Ըստ այդ նախագծի` թաղամասը կլինի նորաոճ` ժամանակակից պահանջների ու չափորոշիչների կիրառման առումով ու բազմաֆունկցիոնալ, ինչը տվյալ հատվածի համար շատ հարմար որոշում է:

Ողջունելի է նաեւ այն, որ նախագծով պահպանվելու են թաղամասում կառուցված 19-րդ դարի հուշարձան շենքերը` մնալով իրենց տեղերում: Իրացման գոտին շրջանցելու է այդ շենքերը: Դա դրական միտում է` հինը պահպանելով` նորը ստեղծել: Մինչ այսօր սովորաբար ներդրողները գնացել են հինը քանդելու ուղղությամբ` ինչը ոչ միայն մեր շատ ճարտարապետական արժեքների կործանման պատճառ դարձավ, այլեւ սոցիալական բողոքներ հրահրեց: Բայց այժմ, երբ ներդրումային ծրագրերի նկատմամբ մոտեցումն այլ է` ներդրողին տրվում է պատրաստի հայեցակարգը, այդ շինությունների կյանքն այլեւս վտանգված չէ»:

Ճարտարապետների համար ողջունելի է նաեւ Հանրապետության հրապարակին կից հատվածում շինությունների բարձրությունների սահմանափակումը, ինչը Երեւանի կենտրոնի կառուցապատման հիմնական սկզբունքներից մեկն է եղել ժամանակին: Սակայն վերջին տարիներին ներդրումային ծրագրերի անկանոն ու անվերահսկելի իրականացման հետեւանքով խախտվել է այդ հավասարակշռությունը: Ֆիրդուսու նորակառույց շենքերն ըստ նախագծի կլինեն 5-7 հարկանի, իսկ կենտրոնական հրապարակը կունենա մինչեւ 30-36 մետր բարձրություն:

Նախագծով կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի Վերնիսաժի հետ, եւ հնարավոր է՝ այն եւս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա: Կլոր հրապարակի տակ նախատեսված է կառուցել մի քանի հարկանի ստորգետնյա կայանատեղի:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: