ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.06.2015

Նարեկ Սարգսյանն իր աչքով տեսել է, թե ինչ վիճակ է տիրում Գյումրիի տնակային ավաններում

14.06.2015; shirakcentre.org

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ շատ հպանցիկ է խոսվել «Գլենդել Հիլզ» ընկերության մասին, քանի որ այդ ընկերությունը փաստացի այլևս գոյություն չունի։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը, ով նույնպես հանդիպել է քաղաքաշինության նախարարի հետ, նրա հետ շրջել տնակային ավաններով ու ներկայացրել անօթևանության խնդիրները։
«Այս հանդիպումը նախորդ հանդիպման շարունակությունն էր, որտեղ քննարկվել է Գյումրի քաղաքի ներկայի ու ապագայի հարցը։ Նախորդ նիստին ես ներկայացրի անօթևանության խնդիրները, տիրող իրավիճակը և առաջարկեցի, որ իշխանությունները այցելությունների ժամանակ նաև անօթևանների հետ շրջեն, այցելեն տնակային ավաններ, որ ավելի լավ պատկերացնեն խնդրի չափերը։ Առաջինը քաղաքաշինության նախարարն արձագանքեց և իր աշխատանքային այցի ընթացքում՝ մարզպետարանում փակ աշխատանքային խորհրդակցությունից առաջ, միասին այցելեցինք տնակային ավաններ, և նախարարն իր աչքով տեսավ այն վիճակը, որ տիրում է տնակային ավաններում»,- ասաց Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ այցելությունից հետո կայացած խորհրդակցության ժամանակ բավականին բաց քննարկում է տեղի ունեցել աղետի գոտու ապագայի, անօթևանների խնդիրների վերաբերյալ։ «Մենք ներկայացրինք անօթևանության խնդրի լուծման մեր հայեցակարգը, որ բաղկացած է 30 կետից, և այլընտրանքային լուծման ուղիներ կան։ Դրանցից մի քանիսի հետ համաձայն էին Գյումրիի քաղաքապետը, մարզպետը դեմ չէր, նաև քաղաքաշինության նախարարը փորձում է, որ այդ տարբերակները կիրառվեն։ Մանրամասն ներկայացրել եմ ոչ միայն տնակային ավաններում, այլև կիսախարխուլ հանրակացարաններում ապրող ընտանիքների վիճակը, նրանց անօթևանության պատճառները, որովհետև 3300 ընտանիք ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։ Նրանցից միայն 300-ն են բնակարանային փոխհատուցման ենթակա, մնացածի մասին որևէ ծրագիր չկա»,- ընդգծեց «Շիրակ կենտրոնի» ղեկավարը։

Ըստ Թումասյանի՝ առաջարկություններից մեկն էլ այն էր, որ 2016-ին անօթևաններին բնակարանով ապահովելու ծրագրի ավարտից հետո էլի ինչ-որ ծրագրեր մշակվեն։

«Այս ծրագրի ավարտից հետո որևէ պետական ծրագիր նախատեսված չէ, և, որքան հասկանում եմ, առաջիկայում պետությունն առհասարակ տրամադրված չէ նորից որևէ լայնամասշտաբ ծրագիր իրականացնել։ Դրա համար արժի, որ այլընտրանքային եղանակներ կիրառվեն: Դրանցից մեկով անհատ հովանավորների կողմից այս տարի մեր շահառուներին արդեն 25 բնակարան է նվիրաբերվել կամ նվիրաբերվելու։ Տարբերակներից մեկը սոցիալական բնակարանային շինարարությունն է կամ հնարավորություն տալը, որ նրանք իրենց ձեռքով իրենց համար բնակարաններ կառուցեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենակարևոր խնդիրներից մեկն էլ կառավարության որոշմամբ անօթևան ընտանիքների հաշվառում իրականացնելն է՝ նշելով անօթևանության պատճառները։

Հարցին, թե արդյոք կոնկրետ «Գլենդել Հիլզի» հետ կապված խոսակցություն եղե՞լ է, որովհետև արդեն տեղեկատվություն կա, որ այդ ընկերությունն իր երևանյան ակտիվները վաճառելու է և դրանով փակի գյումրեցիների պարտքերը, Թումասյանը պատասխանեց. «Ես տեղեկություն ունեմ, որ այդ միջոցներով Ախուրյանի շինարարությունը պետք է շարունակեն։ Շատ հպանցիկ է խոսվել «Գլենդել Հիլզի» մասին, որովհետև, որքան հասկանում եմ, փաստացի «Գլենդել Հիլզը» գոյություն էլ չունի։ Նախարարն ասաց, որ Ախուրյանի շինարարությունը պետք է շարունակվի, և իրենք սպասում են այդ ակտիվների վաճառքին»։

Անդրադառնալով «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված շենքերին՝ Թումասյանն ասաց, որ դրանք այսօր ամենից պահանջված ու վաճառվող բնակարաններն են, քանի որ բնակվելու համար որոշակի հարմարավետ պայմաններ կան այդ շենքերում, սակայն թերություններն էլի ի հայտ են գալիս՝ երեսպատման սալիկներն են անորակ, բայց ընդհանուր առմամբ, գոնե նոր են, իսկ հին բնակֆոնդն ընդհանրապես շարքից դուրս եկած վիճակում է։